Նման կարծիքի էր Վարդան Մինասյանը
Ֆուտբոլի Եվրոպայի պատանեկան (մինչեւ 19 տարեկաններ) առաջնության ընտրական երկրորդ փուլում Հայաստանի հավաքականը Բրատիսլավայում անփառունակ ելույթներ ունեցավՙ Գերմանիայի, Սլովակիայի եւ Պորտուգալիայի հավաքականների հետ մրցավեճը տանուլ տալով ընդհանուր 0-10 հաշվով։ Հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը երեկ կայացած մամուլի ասուլիսին անցկացրած խաղերին հետեւյալ գնահատականը տվեց.
¬ Հավաքականը մրցավայր մեկնեց մայիսի 17-ի առավոտյան։ Նույն օրը երեկոյան մենք պարապմունք անցկացրեցինք, որտեղ հիմնական շեշտը դրել էինք տակտիկական մտահղացումների մշակման վրա։ Գերմանիայի հավաքականի հետ խաղին տղաներին առաջադրանք էի տվել պայքարել ամբողջ 90 րոպեների ընթացքումՙ լավ գիտակցելով, որ ո՛չ տակտիկապես, ո՛չ էլ ֆիզիկապես չենք կարող գերազանցել մրցակցին։ Ցավոք, տղաները չկատարեցին առաջադրանքը, չգիտեմ ինչու դեռեւս դաշտ չմտած վախեցած էին եւ շատ կաշկանդված էին գործում։ Առաջին բաց թողած գոլից հետո տղաները խաղադաշտում պարզապես կանգնեցինՙ դադարեցնելով պայքարը։ Ընդմիջմանը փորձեցի տղաներին «ուշքի բերել», սակայն այդպես էլ չստացվեց։ Մենք խոշոր հաշվով պարտվեցինք, ընդ որումՙ գոլերից երեքը թիմը բաց թողեց վերջին 15 րոպեներին։
Ինչ-որ տեղ այդ պարտությունում ես էլ մեղավոր էի, քանի որ գերմանական հզոր թիմի դեմ զգույշ տակտիկա չէի ընտրել։ Ուստի Սլովակիայի հետ խաղում ավելի մեծ ուշադրություն դարձրինք պաշտպանությանըՙ ամրապնդելով դաշտի կենտրոնի հսկողությունը։ Սլովակները տիպիկ ռուսական ֆուտբոլ ցուցադրեցին։ Առաջին խաղակեսում մեր թիմը շատ լավ խաղաց եւ գոլային երեք ռեալ պահ ստեղծեց, սակայն Մանուչարյանն ու Մխիթար Գրիգորյանը չօգտագործեցին հարմար առիթները։ Ընդմիջումից հետո մեր ֆուտբոլիստների գործողություններում կրկին երկչոտություն նկատվեց, դրան գումարվեց երեք րոպեի ընթացքում Լոմբեի երկու դեղին քարտ ստանալն ու դաշտից հեռացվելը։ Ինչ խոսք, դա ազդեց խաղի ելքի վրա։
Պորտուգալացիների հետ խաղում այնպիսի տպավորություն էր, որ խաղացողները ցանկանում էին շուտ ավարտել խաղը եւ տուն վերադառնալ։ Այս ամենը վերագրում եմ նրանց ոչ պրոֆեսիոնալ մոտեցմանը։ Այս առումով հավաքականի սեւամորթ ֆուտբոլիստները շահեկանորեն առանձնանում էին հայ պատանիներից։ Օրինակ, Էդգար Մանուչարյանը միայն էպիզոդներով էր խաղում, նա մի քսան րոպե կարծես խաղից դուրս էր մնում։ Անկասկած, Էդգարը տաղանդավոր ֆուտբոլիստ է, սակայն նման մտածելակերպով դժվար է հաջողությունների հասնել։ Ժորա Հովհաննիսյանը իր հնարավորություններից շատ ցածր հանդես եկավ, ինչը վնասվածքի պատճառով թերմարզվածության հետեւանք էր։ Սպասելիքները չարդարացրեց նաեւ Իտալիայում հանդես եկող Արա Հովհաննիսյանը, որը մասնակցեց միայն առաջին խաղին։
Պատասխանելով «Ազգի» թղթակցի այն հարցին, թե արդյոք նախապատրաստական շրջանը բավարա՞ր էր պատասխանատու մրցաշարին պատշաճ մակարդակով պատրաստվելու համար եւ կայի՞ն արդյոք խանգարիչ հանգամանքներ, Վարդան Մինասյանը նշեց, որ իրոք ժամանակը շատ կարճ էր։ Հավաքականը երկշաբաթյա ուսումնամարզական հավաք էր անցկացրել, որի ընթացքում 2 խաղ է կայացել Վրաստանի պատանիների, ինչպես նաեւ «Կոտայքի» հետ։ Այդ ընթացքում 26 ֆուտբոլիստներից ընտրվել են 18 լավագույնները, որոնք մեկնեցին մրցավայր։ Սակայն ցավոք նրանք չկարողացան իրենց ինչպես հարկն է դրսեւորել Բրատիսլավայում։ Նաեւ հարկ է նկատի ունենալ, որ մեր հավաքականում ընդամենը մի քանիսն էին 19 տարեկան, իսկ մնացածները ավելի փոքր էին մրցակիցներից։