«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#94, 2004-05-22 | #95, 2004-05-25 | #96, 2004-05-26


ՀՐԱԶԴԱՆՑԻ ՏԱՆՏԻՐՈՒՀԻՆԵՐՆ ԻՐԵՆՑ ԼՎԱՑՔՆ ԱՆՈՒՄ ԵՆ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԻ ՉԱՇԽԱՏԱԾ ՕՐԵՐԻՆ

Էկոարշավ դեպի Հրազդան

Խորհրդային տարիներին Հրազդանը հզոր արդյունաբերությամբ քաղաք էր, բնակչությանը լիարժեք ապահովում էր աշխատատեղերով։ Այսօր այստեղ անկայուն շարունակականությամբ աշխատում են միայն ցեմենտի գործարանն ու Ջէկ-ը։ Երկուսն էլ շրջակա միջավայրի համար խնդիրներ առաջացնող ձեռնարկություններ են։ Օրհուսյան կոնվենցիայի իրագործման շրջանակներում հասարակությանը բնապահպանական խնդիրների իրազեկման ու դրանց լուծման հարցում ներգրավելու ծրագիրը ROYAL HASKONING hոլանդական ընկերության նախաձեռնությամբ այսօր իրականացվում է Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Բելառուսում, Մոլդովայում եւ Ուկրաինայում։ Որքանո՞վ է Հրազդանի բնակչությունը տեղյակ իր բնակատեղու էկոլոգիական վիճակին, եւ ի՞նչ խնդիրներ ունի քաղաքն այդ տեսանկյունից։ Հայ լրագրողների մեդիա-արշավը Հրազդան քաղաք այդ առաքելությունն ուներ։

Նոր սեփականատիրոջ անունով այժմ արդեն «Միկա ցեմենտ» անվանվող գործարանը վերանորոգման ու վերակառուցումների ակտիվ ընթացքի մեջ է։ Հին ձեռնարկություն էՙ հին սարքավորումներով։ Համեմատաբար ուշՙ 90-ական թթ. եւ նոր տեխնոլոգիաների պահանջներով կառուցված Արարատի գործարանի համեմատ այստեղ նոր-նոր են փորձում գործարանը վերակառուցել ժամանակակից պահանջներին համապատասխան։ Ձեռնարկության տնօրեն Նաիրա Մարտիրոսյանը լրագրողների թերահավատությունը ցրելու համար մեկժամյա շրջայց կազմակերպեց գրեթե բոլոր արտադրամասերում։ Նա հպարտությամբ պատմում էր, որ իրենց գործարանը բարձրորակ ցեմենտ է արտադրում։ Դիլիջանի թունելն այժմ կառուցվում է իրենց արտադրած ցեմենտով։ Հայաստանում արտադրվող ցեմենտի 45 տոկոսն այս գործարանն է տալիս։ Այստեղ ցեմենտն արտադրվում է չոր եղանակով, որ շրջապատը նվազ աղտոտելու տեսանկյունից նախընտրելի է։ Իսկ ընդհանրապես սա քիմիական արտադրություն չի համարվում, եւ պակաս վտանգավոր է։ Սակայն փոշու արտանետումներն անխուսափելի են, բանվորներն այստեղ աշխատում են հատուկ ցեմենտի արտադրությունների համար նախատեսված դիմակներով ու բաճկոններով։ Բաճկոնները բավական վայելուչ տեսք ունեն, եւ տնօրենը պատմում է, որ չնայած իր նախազգուշացումներին, աշխատողներից շատերը արտադրամասում կրելու փոխարեն դրանք պարզապես տուն են տանում։ Գործարանում այսօր աշխատում է 800 մարդ, իակ աշխատատեղը մարդկանց համար ավելի կարեւոր է, քան էկոլոգիական խնդիրները։ Փոխարենը անապահով ու զոհված ազատամարտիկների ընտանիքներին, գերեզմանոցներ, դպրոցներ կառուցելու համար ցեմենտն անվճար է տրվում։ Այն, ինչ հասցվել է առավել արդյունավետ անել գործարանում, ժամանակակից լողարաններն ու սան-հանգույցներն են։

Գործարանը գտնվում է Ծաղկաձոր-Հանքավան հանգստյան գոտում։ Տեղից տեղ ցեմենտը տեղափոխվում է նոր սկզբունքովՙ ցեմենտով բեռնված մեքենաները գործարանից դուրս են գալիս փակ վիճակում, եւ ճանապարհներն իսկապես բավական մաքուր էին։ Նաիրա Մարտիրոսյանը հավատացնում է, որ վերջին տարիներին վտանգավոր արտանետումները զգալի կրճատվել են։

Գործարանի բակը կանաչապատ է, ծառ ու ծաղկով, եւ տնօրենն այս փաստը մեզ ներկայացնում է իբրեւ գլխավոր ապացույց, որ ցեմենտի արտադրությունը այնքան էլ չի վնասում շրջակայքին։ Ավելին, ցեմենտի մեջ կալցիում կա, որ տեղացի անասնապահները խառնում են կերին, տալիս կենդանիներին։ Հակառակ նրա լավատեսությանը, ավելի ուշ, քաղաքի բնակիչների հետ զրույցներից իմացանք, որ գործարանի աշխատելու օրերին քաղաքի տները, պատուհանները պատվում են փոշու նուրբ աղվամազով, եւ դրանից պրծնում չկաՙ ինչ էլ անես։ Հրազդանցի տանտիրուհիները իրենց լվացքն անում են ձեռնարկության պարբերական հանգստի օրերին։

Գործարանը լիարժեք մոդեռնիզացնելու համար 1 մլն դոլարի ներդրումներ են նախատեսվում։ Դրանք անհրաժեշտ են մաքրող ֆիլտրերի վրա իոնիզացնող ցանցեր տեղադրելու համար, որոնք պիտի կրճատեն փոշու զանգվածը, CO գազը անջատեն նրանից։ Նման պաշտպանվածությամբ 1 ֆիլտր արդեն տեղադրվել է, եւ արտանետումները 20 տոկոսով պակասել են։ Այդ ֆիլտրի արդյունավետությունը գնահատվում է 96 տոկոս։ Նախատեսվում է նորացնել մյուս 2 ֆիլտրերը եւս։

Հրազդանի ՋԷԿ-ն արդեն 1 ամիս չի աշխատում։ «Գույք պարտքի դիմաց» բանաձեւում հայտնված ձեռնարկությունը ռուսական գույքով նոր ընկերության կազմավորման գործընթացում է։ Հընթացս այրիչների նորոգման, շուտ մաշվող եւ արդեն հնացած դետալների փոխարինման, այսպես ասածՙ սարքավորումների ռեսուրսների վերականգնման աշխատանքներ են տարվում։ Այրիչների լավ կամ վատ վիճակից, գազի այրումը ճիշտ կազմակերպելուց է կախված բնական գազի լիարժեք, նվազ մնացորդներով այրումը։

Ինչպես ցեմենտի գործարանում, այստեղ էլ բնապահպանական միջոցառումներն սկսվում են ձեռնարկության բակից։ Թուփն ու կանաչն այստեղ ավելի առատ է։ Գործարանի համար բնապահպանական հիմնական խնդիրը ազոտի երկօքսիդի արտանետումներն են։ ՊՇԷԿ-ի գլխավոր ճարտարագետ Հայկազ Աբրահամյանը պատմում է, որ վերջին մի քանի տարիներին շուրջ 600 տոննա ազոտի երկօքսիդ է արտանետվել մթնոլորտ։ Նորմատիվային չափանիշներից արտանետումների շեղումները պարզում են հատուկ ինդիկատորների օգնությամբ, բայց այսօր ավելի ժամանակակից սարքեր կան, որոնց տեղադրումը եւս նախատեսվում է։ Այստեղ էլ մտադիր են որոշակի ներդրումներ իրականացնելՙ արտանետումները նվազեցնելու նպատակով։ «Միեւնույն է, եթե ՋԷԿ-ը չաշխատեց, դարձյալ բնությունն է վնասվելու։ Մարդիկ ջեռուցում չեն ունենա, եւ դարձյալ ծառեր են վառելու», ասում է Հայկազ Աբրահամյանը։ 70-ական թթ. առ այսօր քաղաքի ջեռուցումն ապահովում է այս գործարանը։ Ի դեպ, ճարտարագետի հավաստմամբ, սակագների պարբերական թանկացումներ այստեղ չեն եղել, եւ հրազդանցիները ջեռուցում ստանում են անհամեմատ էժան գներով։

Ձեռնարկությունում այսօր աշխատում է մոտ 1000 մարդ, այստեղ տարեկան արտադրվում է 1100 մգվտ էլեկտրաէնեգիա։

Երկու գործարաններում էլ, այնուամենայնիվ, մշուշոտ տվյալներ ներկայացվեցին արտանետումների չափի ու քանակի, նորմատիվային պահանջների հետ համեմատական ցուցանիշների իրական պատկերի վերաբերյալ։

Բնապահպանների այցելության գործնական արդյունքը դարձավ 2 ձեռնարկությունում էլ փորձաքննական լաբորատորիա հիմնելու եւ մոնիտորինգային ուսումնասիրություններ անցկացնելու պայմանավորվածությունը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4