Դրանց հիմքում Թուրքիայի հայկական քաղաքականության սնանկությունն է եւ Հայաստանի շրջափակման անարդյունավետությունը
Վերջին շրջանում հայ-թուրքական հարաբերությունների հարցն ակտիվորեն վերարծարծվում է Թուրքիայում։ Արծարծմանը թուրքական զանգվածային լրատվամիջոցների հետ անմիջականորեն մասնակցում են նաեւ երկրի կառավարող շրջանակներըՙ արտգործնախարար Գյուլի գլխավորությամբ։ «Ազգն» արձագանքել է դրան։ Մայիսի 21-ին թուրքական «Հաբերանալիզ» թերթի ինտերնետային էջում Սինան Օգանի «Հայաստանի հետ հարաբերությունների մասին» խորագրով մեկնաբանությամբ հարցին է անդրադարձել Անկարայում գործող Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնը։ Ի դեպ, Օգան այդ կենտրոնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի բաժնի վարիչն է։
Կենտրոնը պետական կառույց է։ Այս հանգամանքը կարեւոր նշանակություն է հաղորդում նրա բաժնի վարիչի մեկնաբանությանը։ Սինան Օգանը, ելնելով հայ-թուրքական հարաբերությունների ակտիվ վերարծարծումից, կարծիք է հայտնում, որ դրանց «նորմալացումը» Թուրքիայի քաղաքական օրակարգում կհայտնվի ընթացիկ տարվա վերջերին։ Նա այդ կարծիքը հիմնավորում է Հայաստանի հետ հարաբերությունների «նորմալացման» ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Եվրամիության Թուրքիային ներկայացրած պահանջներով, այդ թվում նաեւ «անմիջական հարեւանների եւ հարակից երկրների» նկատմամբ թուրքական կառավարության վարած նոր քաղաքականությամբ։ Օգանը, որպես այդ քաղաքականության դրսեւորում, մատնացույց է անում Հունաստանի հետ Թուրքիայի հարաբերությունների բարելավումն ու Սիրիայի հետ հարաբերություններում ձեռք բերված տեղաշարժըՙ գրելով. «Այս քաղաքականության տրամաբանական շարունակությունը ենթադրել է տալիս, որ բարելավման առումով հերթը հասել է Հայաստանի հետ հարաբերություններին»։
Օգանը, համարելով հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը չափազանց բարդ եւ խճճված պատմական բարդ գործընթացի հետեւանք, դրանց չկարգավորվածությունը մեծապես պայմանավորում է «այսպես կոչված ցեղասպանության պնդումներով, որոնց Հայաստանը շարունակում է հետամուտ լինել կույր համառությամբ, Թուրքիային ուղղված հողային պահանջներով եւ հարեւանների նկատմամբ ծավալապաշտ այնպիսի քաղաքականությամբ, ինչպիսին դրսեւորվել է Լեռնային Ղարաբաղի հարցում»։
Այնուհետեւ Օգանը գրում է. «Այս ամենով հանդերձ, վերջերս Հայաստան կատարած մեր այցելությունը ցույց տվեց, որ սփյուռքահայերից եւ երկրում բնակչության 10 տոկոսի աջակցությունն անգամ չվայելող կոալիցիոն կառավարության անդամ Դաշնակցություն կուսակցության ձեռքին պատանդ դարձած Քոչարյանի իշխանություններից բացի, Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը երկրի համար խոչընդոտ է համարում պատմական անհիմն պնդումը եւ պահանջում է իրականացնել ավելի իրատեսական քաղաքականություն»։
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա նա, ըստ Սինան Օգանի, Հայաստանի հետ հարաբերություններում պետք է ցուցաբերի այն նոր մոտեցումները, ինչ արդեն ցուցաբերում է մյուս հարեւանների պարագայում։ «Արտաքին նոր քաղաքականության այլընտրանքները, գրում է հեղինակը, զգացմունքային հարթությունից, ինչպես ազերի-հայ հարաբերությունների պարագայում են, պետք է փոխադրել ավելի իրատեսական հարթություն եւ ամբողջությամբ վերանայել, ներառյալ «սահմանների բացման հարցը», որն ընդամենը նպաստում է արմատական տարրերի իշխանությանը Հայաստանում»։
Օգանը միաժամանակ Թուրքիայի կիպրական քաղաքականության օրինակով երեւան է հանում «անլուծելիության», այսինքնՙ կարգավորումից խուսափելու սնանկությունը, ապա եւ անդրադառնում Հայաստանի շրջափակմանը։ Նա մատնանշում է. «Շրջափակումներով դեռեւս ոչ մի երկիր ծնկի չի իջել։ Ավելինՙ դրանք հաճախ խթանել են տվյալ երկրի զարգացումը։ Ուրեմն մեր օրերում «անլուծելիության» պես նաեւ «շրջափակումն» այլեւս չի կարող արտաքին քաղաքականության ընտրություն դառնալ։ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունները գնահատելիս այս հանգամանքները չպետք է աչքաթող արվեն։ Չպետք է նաեւ մտածել, որ սահմանների բացումը Հայաստանում ցանկանում են բոլորը, քանզի Հայաստանում էլ կան որոշ շրջանակներ, որոնք մտավախություն ունեն, որ սահմանների բացման դեպքում հայկական տնտեսությունը կհայտնվի Թուրքիայի ազդեցության տակ, այդ իսկ պատճառով քննադատում են Քոչարյանի իշխանությունների այդ ուղղությամբ գործադրած ջանքերը»։
Վերջում Օգանը գրում է, որ սահմանների բացումը ոչ այնքան տնտեսական, որքան քաղաքական խնդիր է, ապա եւ ավելացնում. «Համաձայն հայաստանյան մամուլի եւ վերլուծաբանների, դա կնպաստի Թուրքիայի տնտեսության, առավել եւս նրա սահմանամերձ շրջանների զարգացմանը։ Այս տեսակետը որոշ շրջանակներ պաշտպանում են նաեւ Թուրքիայում։ Մինչդեռ Հայաստանը գյուղատնտեսության եւ անասնապահության բնագավառներում զարգացած երկիր է, հետեւաբար սահմանների բացումը սկզբնական շրջանում գյուղատնտեսության եւ անասնապահության առումներով մեր սահմանամերձ շրջաններին ավելի շատ վնաս կբերի, քան օգուտ։ Սակայն հարցը հեռու է զուտ տնտեսական լինելուց, ուստի որքան էլ քաղաքական որոշմամբ այդ ուղղությամբ կատարվելիք քայլը տնտեսական վնասներ պատճառի Թուրքիայի սահմանամերձ շրջաններին, միջնաժամկետ եւ երկարաժամկետ հեռանկարում կնպաստի Կովկասի խաղաղությանն ու կայունությանը»։
Եթե ամփոփենք Օգանի մեկնաբանությունը, ապա հայ-թուրքական հարաբերությունների չկարգավորվածության պատասխանատուն Հայաստանն է, քանի որ առաջնորդվում է «ցեղասպանության անհիմն պնդումներով», հողային պահանջ է ներկայացնում Թուրքիային եւ Ադրբեջանի նկատմամբ վարում է ծավալապաշտ քաղաքականություն։ Ըստ երեւույթին, թուրք հեղինակը մոռանում է «Հայաստանն առանց նախապայմանի պատրաստ է Թուրքիայի հետ տնտեսական, քաղաքական, դիվանագիտական համապարփակ երկխոսություն սկսելու մասին» հայկական իշխանությունների հայտարարությունները։ Նրա հիշողությունը թարմացնելու համար հարկ է նշել, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի խնդիր է դարձել 1998-ին միայն։ Իսկ Թուրքիան «1915 թ. ցեղասպանությունը չհիշատակելը» որպես դիվանագիտական հարաբերությունների հաստատման նախապայման հայկական իշխանություններին էր առաջադրել դեռեւս 1991-ին։
Հայոց ցեղասպանության հարցին Օգանի մոտեցումը ցույց է տալիս, որ թուրքական իշխանությունները այդ նախապայմանից հրաժարվելու մտադրություն չունեն։ Սակայն Օգանը, հակադրելով «Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությանը» հայկական իշխանությունների Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման նախաձեռնություններին, իրականությունն աղավաղելու եւ ցանկալին իբրեւ ճշմարտություն ներկայացնելու մտադրություն անպայման ունի։
Ինչ վերաբերում է Հայաստանի շրջափակմանը, ապա դա վկայում է շրջափակման միջոցով հայկական պետությունը քայքայելու թուրքական պետական ծրագրի առկայության մասին։ Հարցը, սակայն, ծրագիրը չէ, այլ երկարատեւ շրջափակման պայմաններում Հայաստանի տնտեսական աճը, որը կասկածի տակ է դրել վերոհիշյալ ծրագրի արդյունավետությունը։ Թերեւս դրանով են պայմանավորված շրջափակման հարցում Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի բաժնի վարիչ Օգանի անաչառության մտավարժանքները։
Միաժամանակ, հանձին Վրաստանի, Անդրկովկասում ամերիկյան ռազմական ներկայությամբ պայմանավորված քաղաքական զարգացումները ստիպում են հեղինակին հանգել Թուրքիայի հայկական սահմանի բացման եզրակացությանը։ Այլ կերպՙ Թուրքիայի դիրքերն Անդրկովկասում հետզհետե թուլանում են։ Եթե նա շարունակի բախվել հայկական գործոնին, ապա չի բացառվում, որ դուրս մղվի այդ տարածքից։ Հետագա բախումներից խուսափելու միջոցը Թուրքիայի հայկական քաղաքականության վերանայումն է։ Օգանն այդ մասին գիտի, քաջատեղյակ է նաեւ այդ քաղաքականության դիրքերի սպառմանը։ Ահա թե ինչու նա Հայաստանի շրջափակման մասին «անաչառության» մտավարժանքները համադրում է Հայաստանի նկատմամբ Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը վերանայելու մտավարժանքներով։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ