«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2004-05-27 | #98, 2004-05-28 | #99, 2004-06-01


ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ԽՆԴԻՐԸ ԴԺՎԱՐ ԹԵ ԱՋԱՐԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ ՈՒՆԵՆԱ

Տկվիավի գյուղը գտնվում է Հարավային Օսիայի կենտրոն Ցխինվալիից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Ըստ վրացական լրատվամիջոցների, երեկվանից վրաց-օսական հակամարտության այդ շրջան են մտցվել Վրաստանի ներքին գործերի զորքերը։ Ըստ ՆԳ նախարար Գեորգի Բարամիձեի, նման որոշում է կայացվելՙ հիմք ընդունելով խաղաղապահ ուժերի հրամանատար Սվյատոսլավ Նաբզդորովի հայտարարությունը։ Ըստ վերջինի, խաղաղապահ ուժերը չեզոքացնում էին վրացական ոստիկանության կետը Տկվիավի գյուղում։

Վրաց ՆԳ նախարարը իր խոսքում նշել էր, որ հնարավոր է զենքի օգտագործում, եթե ռուսական խաղաղապահները վերացնեն այդ կետը, որը «փակում է մաքսանենգության ճանապարհը Ռուսաստանից Վրաստանՙ Ցխինվալիի շրջանի տարածքով»։

Մի քանի օր առաջ ընդամենը քննարկվում էր այս կոնֆլիկտի լուծման համար անվտանգության երաշխիքներ ստանալու հարցը։ Տպավորություն է ստեղծվում, թե այս զինուժի տեղակայմամբ Հարավային Օսիան կարող է հայտնվել տնտեսական շրջափակման մեջ։

Հարավային Օսիայի ղեկավարությունը Թբիլիսիի քայլերը սադրիչ է համարում։ Նման տեսակետ է հայտնել երեկ Հարավային Օսիայի նախագահի խորհրդական Կոնստանտին Կոչիեւը։

Կոչիեւի խոսքերով, հսկման կետերի չեզոքացման մասին խոսք չի եղել, այլ նշվել է դրանց անօրինականության մասին։ Թբիլիսիի իշխանությունների այն հայտարարությունը, թե զինված ուժերը ուղարկվել են հակամաքսանենգային միջոցառումների շրջանակներում, Հարավային Օսիայի ներկայացուցիչները միայն առիթ են համարում։

Հարավային Օսիայի ԱԳ նախարար Մուրադ Ջիոեւի հավաստմամբ, Հարավային Օսիան դիմելու է միջազգային միջնորդների, այդ թվումՙ Ռուսաստանին, Վրաստանի հետ կոնֆլիկտի խաղաղ կարգավորման խնդրանքով։ Ըստ Ջիոեւի, վրացական ստորաբաժանումները, մաքսանենգության դեմ պայքարի քողի տակ, փակում են օսական գյուղերի ճանապարհները։

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4