Քաղաքական գործիչ չեմ եւ որեւէ կուսակցության չեմ պատկանում։ Որպես ՀՀ քաղաքացի եւ մտավորական ուզում եմ իմ մտահոգությունն ու տարակուսանքն արտահայտել արդիական մի քանի հարցերի վերաբերյալ։
Քաղաքականացում եւ կուսակցականացում
Երկրի ազատականացման եւ անկախ պետականության հաստատման իրողության ուղեկիցն են հասարակական կյանքի շատ ոլորտների, այդ թվումՙ գործադիր եւ օրենսդիր մարմինների քաղաքականացումն ու կուսակցականացումը։ Դա նվաճո՞ւմ է, թե՞ հակառակը, պարտադի՞ր է, թե՞ կարելի էր խուսափել...
Մեր օրերում քաղաքացիություն է ստացել կարծիքը, թե ՀՀ նախարարների, նաեւ փոխնախարարների պաշտոնները քաղաքական պաշտոններ են, ինչը հաճախ է հնչեցվում մամուլում, հեռուստատեսությամբ, նաեւ պաշտոնական այրերի կողմից։ Դա, կարծում եմ, անընդունելի եւ երկրի ու ժողովրդավարության շահերից չբխող տեսակետ է, որի համար որեւէ հիմնավորում դժվար է գտնել։ ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածում նշված է, որ «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը», հետեւաբար կառավարության անդամներըՙ նախարարները, գործադիր պաշտոնյաներ են, նույն կերպՙ փոխնախարարները։ Գործադիր մարմնի քաղաքականացման ձգտումը, ըստ երեւույթին, պայմանավորված է նրանով, որ հնարավորություն է ընձեռում իշխող կուսակցություններին դյուրին ձեւով իրենց ներկայացուցիչներն ունենալ կառավարական բարձրագույն էշելոնումՙ «ընդհանուր հավասարակշռությունը պահելու համար»։ Նույնիսկ որոշ կուսակցությունների ղեկավարներՙ հատկապես նախընտրական շրջանում, հաճախ են հայտարարում, որ իրենց կուսակցությունը պատասխանատու է կամ պատասխանատվություն է ստանձնում երկրի գործերի համար։ Բայց ինչ մեխանիզմով, ինչպես կամ ինչում է արտահայտվելու այդ պատասխանատվությունըՙ հասկանալի չէ։ ՀՀ սահմանադրությունը նրանց պետական կառավարման որեւէ դեր չի հատկացնում. «Կուսակցությունները կազմավորվում են ազատորեն. նպաստում ժողովրդի քաղաքական կամքի ձեւավորմանն ու արտահայտմանը։ Նրանց գործունեությունը չի կարող հակասել սահմանադրությանը եւ օրենքներին, իսկ կառուցվածքն ու գործելակերպըՙ ժողովրդավարության սկզբունքներին» (Հոդված 7)։ Կամՙ ստեղծվել են բազմաթիվ կուսակցություններ, որոնց կազմակերպական հիմքը, բնականաբար, իրենց գաղափարախոսությունն է, այսինքնՙ երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային եւ այլ կարեւոր խնդիրների վերաբերյալ ունեցած մոտեցումները։ Բայց այդ մոտեցումներից ռացիոնալ, արդյունավետ, հեռանկարային, ազգային շահերից բխող կարող են լինել ընդամենը մի քանիսը, չէ՞, ո՛չ հարյուրներով։ Այդ դեպքում ի՞նչ է տալիս մեր փոքրիկ հանրապետությունում այդ բազմաթիվ կուսակցությունների գոյությունը։
Գործադիր մարմինների քաղաքականացման աննպատակահարմարության գիտակցումով պետք է բացատրել, որ իրավապահ եւ ուժային կառուցվածքներում բացառվում է քաղաքական կուսակցությունների գործունեությունը։ Բայց քաղաքականացումն աննպատակահարմար է ո՛չ միայն այդ մարմիններում, այլեւ կառավարման մյուս ոլորտներում եւս։
Քաղաքականացումն առավել ակնառու է ՀՀ Ազգային ժողովում։ Պատգամավորները մեծագույն մասով կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչներ են, որոնք Ազգային ժողովում, բնականաբար, իրենց կուսակցությունների դիրքորոշման ջատագովը պետք է լինեն։ Դա նշանակում է, որ ԱԺ-ում կուսակցական խմբակցության անդամ պատգամավորը չի կարող ազատ եւ անկաշկանդ դրսեւորել իր կամքը, նաեւ դժվար է ակնկալել որեւէ որոշում, որ չի բխի կուսակցականության շահերից։ Խորհրդարանական լսումները փաստորեն վերածվել են կոալիցիոն կուսակցությունների միասնական կարծիքի ձեւավորման գործընթացի։ Նման պարագայում զարմանալի չպետք է թվա, եթե ասվի, որ ԱԺ պատգամավորի պաշտոնը կամ պարտականությունը եւս քաղաքական է։ Եթե նկատի ունենանք նաեւ, որ պատգամավորների մի թեւն էլ, միավորելով գործարար ոլորտի ներկայացուցիչներին, որոշումներ ընդունելիս ելնում է օլիգարխիայի շահերից, ապա, իրոք, դժվար է սպասել համազգային շահերին ծառայող օբյեկտիվ եւ կոնստրուկտիվ լուծումներ։ Որտե՞ղ է մնում ժողովրդավարությունը, կամ արդյոք չի՞ վտանգվում սահմանադրության այն հոդվածը (66), որտեղ ասվում է. «Պատգամավորը կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով»։
Ստեղծված իրավիճակն ինչ-որ չափով հիշեցնում է խորհրդային ժամանակների տխուր իրողությունը, երբ երկրի կենսագործունեության բոլոր ոլորտների խնդիրները վճռում էին «ամենազոր» կուսակցական մարմինները։
Կարող է վկայակոչվել այլ երկրների օրինակը, որտեղ կուսակցությունները վճռորոշ դեր են կատարում պետության կառավարման գործում։ Կարծում ենք, ուրիշ է, երբ կուսակցության անդամների թիվը հասնում է մի քանի միլիոնի եւ ուրիշ է, երբ ընդամենը մի քանի հարյուր է։ Նաեւ ուրիշ են մեր խառնվածքը, պահվածքը, քաղաքակրթության աստիճանը, ժողովրդավարության ավանդույթները։ Հաճախ է պատահում, որ այլ երկրների ուսանելի փորձը մեզանում չի գործում, չի գտնում իր միջավայրը։ Երեւի ոչ մի երկրում չէր արվի այն անբարո քայլը, որ մեր համատարած չքավորության պայմաններում արեցին նախորդ գումարման ԱԺ պատգամավորներըՙ անկաշկանդ եւ աներեւակայելի չափով բարձրացնելով իրենց աշխատավարձը («որպեսզի ապահով լինեն, որ ամբողջովին նվիրվեն օրենսդրական գործունեությանը» արատավոր կարգախոսով), ինչը մեծ չափով սասանեց մարդկանց հավատն ու վստահությունը։
Ամենազոր «օպտիմալացումը»
Մեր երկիրը խորհրդային ժամանակներում անցել է մեծաթիվ «օպտիմիզացիոն» փորձություններովՙ կոլեկտիվացում, կուլակաթափում, ինդուստրացում, ռազմական կոմունիզմ, մոնումենտալ պրոպագանդա, կուս. շարքերի զտում եւ այլն, որոնք առավելապես հարվածեցին երկրի սոցիալ-տնտեսական, մշակութային, կադրային եւ այլ ոլորտներին։
Դժվար է ճշգրիտ ասել, բայց վերջին 1,5 տասնամյակում, երեւի թե, երկրի բնակչության առնվազն 1/3-ը տարագրվել է, տեղահանվել, մեկնել է արտագնա աշխատանքի (որը, ցավոք, այժմ էլ շարունակվում է)։ Դրանք առավելապես երիտասարդներ են, մտավորականներ, երեխաներՙ մեր երկրի այսօրվա եւ վաղվա ներուժը։ Բնակչության մեծ թվով արտահոսքը, բնականաբար, առաջին հերթին դպրոցահասակ երեխաների պակաս է պայմանավորում, ինչը պատճառ է դարձել շատ դպրոցների աշակերտների թվի նվազման։ Փաստորեն, դրա հետեւանքները մինչեւ վերջերս հաշվի չեն առնվել, կուտակվել ենՙ ստեղծելով ծայրահեղ վիճակ։ Առաջ է եկել անհետաձգելի խնդիրՙ պարզ բարեփոխման անհրաժեշտություն, որ պետք է լուծել առանց բարձրագոչ որակումների, աստիճանաբար, սահուն անցումովՙ առայժմ միայն ամենահրատապ հարցերի լուծման ակնկալիքով։ Թե չէՙ մեղմացնելու փոխարեն սաստկացնում ենք վիճակը. դատարկված կամ կիսադատարկված դպրոցի խնդիրներին ավելացնում ենք նորերըՙ դասարաններում աշակերտների թվաքանակի մեծացում, ուսուցիչների դրույքաչափերի բարձրացում, տարիքային, կրթական ցենզ եւ այլն։ Դրանով ոչ միայն դժվարացնում ենք խնդրի լուծումը, այլեւ վնասում ենք կրթական գործին։ Ով չգիտի, որ դասարանում 30-35 աշակերտի դեպքում ուսուցման որակի բարձրացումն ավելի դժվար է, քան 20-25-ի դեպքում, կամ վաստակաշատ, փորձառու մանկավարժներին իրենց կյանքի գործից կտրելը եւ այլն։ Այն, ինչ կուտակվել է տարիների ընթացքում, միանգամից, մեկ հարվածով չես լուծի. միշտ էլ հեղափոխական մոտեցումը գործի շահերի օգտին չի լինում։
Խորհրդային ժամանակներում տարածված էր այն դարձվածը, թե ինքներս ստեղծում ենք դժվարություններ եւ փորձում հաղթահարել դրանքՙ պարզ բարոյախոսություն ունենալով, որ առաջին հերթին պետք է կանխել դժվարություններ հարուցող պայմանները։ Ուրեմն, գերագույն օպտիմալացումը կլինի արտագաղթ, տարագնացություն ծնող գործոնների վերացումըՙ կենսապայմանների բարելավումը, անհատի աշխատանքի, կրթության, զարգացման հուսալի երաշխիքների ապահովումը եւ այլն։ Շատ ցավալի է նաեւ խնդրի բարոյական կողմը. փակելով կամ միացնելով կիսադատարկված դպրոցները, փաստորեն ընդունում, հաշտվում ենք, պետականորեն վավերացնում ենք երկրից տարագրվածների չվերադառնալու իրողությունը։
Արդեն սկսվել է նաեւ առողջապահության օբյեկտների «օպտիմալացումը»։ Հիվանդանոցները, որ մի ժամանակ հիվանդներին ընդունելու հնարավորություն չունեին տեղի պակասության պատճառով, այսօր գրեթե դատարկ են, երբ հիվանդությունները եւ մահացությունը հանրապետությունում անհամեմատ աճել են։ Պատճառը հիմնականում աղքատությունն է, բնակչության մեծ մասի անվճարունակությունը, բուժսպասարկման սակագների ահագնությունը։ Այդ պայմաններում «օպտիմալացում» տերմինի օգտագործումը բարոյական չէ։ Պետք է ջանքերն ուղղել ոչ թե հիվանդանոցները, կլինիկաները վերացնելուն, միավորելուն կամ այլ նպատակների ծառայեցնելուն, այլ առողջապահական ծառայությունները մատչելի դարձնելու խնդրին։
Երեւի վաղն էլ նույն տրամաբանությամբ, ինչ որ կիրառվում է կրթական եւ առողջապահական օբյեկտների նկատմամբ, կսկսվի գիտական, մշակութային հիմնարկությունների «օպտիմալացումը», քանի որ դրանցից շատերն այսօր կամ չեն աշխատում, կամ աշխատում են մասնակիորեն։ Դատարկվել են շատերի շենքերը, մարել են գիտական լաբորատորիաները, մշակութային օջախները։
Մինչդեռ օպտիմալացման կարիք ունեն առաջին հերթին պետական գերատեսչություններից շատերը, այդ թվումՙ նախարարությունները, որոնց մի մասը նմանվում է զինվոր չունեցող հրամանատարի։ Անհամեմատ նեղացել է նրանց գործունեության շրջանակը, վերացել կամ սեփականաշնորհվել են օբյեկտները, բազային կազմակերպությունները։ Արտերկրից ստացվող վարկերի, փոխառությունների, դրամաշնորհների, ներդրումների եւ այլնի տնօրինման համար գոյություն ունեցող մասշտաբով եւ կառուցվածքով այդ մարմինների անհրաժեշտությունը երեւի թե այլեւս չկա։
Մենք չենք ձեռնարկում կանխող միջոցառումներ, որ կենսագործունեության տարբեր ոլորտներում չառաջանա օպտիմալացման անհրաժեշտություն։ Օրինակ, հախուռն ձեւով ստեղծել ենք եւ շարունակում ենք ստեղծել զուգահեռ մասնագիտություններով բազմաթիվ բուհերՙ որակի հաշվին երկիրը հագեցնելով արդիական, ավելի ճիշտՙ մոդայիկ մասնագիտությունների տեր շրջանավարտներով, որոնց 5 տոկոսն անգամ աշխատանքային ճակատի բացակայության պատճառով չի աշխատում իր մասնագիտությամբ։ Կամՙ հանրապետության վարչատարածքային բաժանման հենց առաջին օրվանից սկսվեցին եւ շարունակվում են դժգոհությունն ու դժվարությունները, որոնք այսօր հասել են ծայրահեղության եւ լուրջ մտահոգություն են առաջացնումՙ վերանայելու անցած 9 տարիներին քննություն չբռնած վարչատարածքային ներկայիս բաժանումը։ Կամՙ 2003 թ. նոյեմբերին ընդունվել է ՀՀ կառավարության «Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման միջոցառումների» ծրագիր։ Ինչո՞ւ պետք է այն աստիճան բարձիթողի վիճակում գտնվի երկրում օրենքի եւ օրինականության հաստատման գործընթացը, այն աստիճան ծաղկեն կաշառակերությունն ու հովանավորչությունը, որ պահանջ առաջանա նման աննախադեպ ծրագրի իրականացման։ Եվ փաստորեն թելադրված ոչ թե երկիրը քաղաքակիրթ եւ օրինավոր դարձնելու մտահոգությամբ, այլ վերուստՙ Եվրախորհրդի պահանջով։
«Միջնադարյան» եկեղեցաշինություն
Վերջին տարիներին հանրապետությունում շինարարական կյանքն աշխուժացել է։ Կառուցվում են ուսումնական, առեւտրական, վարչական, բնակելի, պաշտամունքային եւ այլ տիպի շենքեր, կանգնեցվում են հայոց մեծերին եւ կարեւոր իրադարձություններին նվիրված հուշարձաններ, կոթողներ։ Այդ պայմաններում հրատապ է դառնում հատկապես որակի խնդիրը, ինչը միշտ չէ, որ լուծվում է անհրաժեշտ մակարդակով։ Խոսքս մասնավորապես վերաբերում է հանրապետությունում մեծ թափ ստացած (ե՛ւ տարածքային, ե՛ւ քանակային առումով) պաշտամունքային կառույցներին։
Ցավոք, վերջիններս, փոքր բացառությամբ, կերպավորում են հայ միջնադարյան նույնատիպ կառույցներըՙ հաճախ նմանակելով եւ կրկնելով նրանց ճարտարապետական-գեղարվեստական հատկանիշները։ Մենք փաստորեն շարունակում ենք հայ ավանդական եկեղեցաշինությունը հենց այնտեղից, որտեղ ընդհատել ենք ավելի քան 80 տարի առաջՙ մի կողմ թողնելով ժամանակի գործոնը, կատարված փոփոխությունները մտածողության, կեցության, ոճական զարգացման եւ այլ բնագավառներում։
Անցյալի նմուշների հորինվածքային ձեւերի կրկնությունը հակառակ է արվեստին, խորթ է ստեղծագործական ոգուն։ Մի՞թե արվեստի գործ կարելի է համարել, ասենք, Վերածննդի դարաշրջանի որեւէ գլուխգործոցի պատճենումը։ Իհարկե, ո՛չ, դա կլինի ընդամենը արհեստագործություն։ Նույնը եկեղեցիների եւ դրանց ձեւերի ընդօրինակման դեպքում է։ Անբնական է ապրել XXI դարում, բայց ստեղծագործել անցյալ դարերի գեղագիտական չափանիշներով, պատմությանը հանձնված ձեւերի եւ հորինվածքների վերակենդանացմամբ։
Անցյալի ժառանգության նկատմամբ ոչ ստեղծագործական մոտեցումը, ազգային ավանդական ձեւերի եւ արտահայտչամիջոցների անհաշվենկատ կիրառումը չեն կարող արդարացվել ազգային ավանդույթների պահպանման, ծիսակարգի պահանջների բավարարման գործոններով։ Նույն ծիսակարգի պայմաններում մեր նախնիները ստեղծել են պաշտամունքային կառույցների եւ դրանց բաղադրամասերի բազմազան եւ հիասքանչ օրինակներ։ Ծիսակարգի պահանջները չեն կարող կաշկանդել կառույցների ժամանակակից հնչողությունը, նորարարական մոտեցումները, գեղարվեստական եւ կառուցվածքային թարմ լուծումները։
Ուզում եմ հիշել մեծն Թումանյանի շատ արդիական, ուսանելի մի հոդվածըՙ «Ձեւն ու հոգին». «Եկեղեցի ասելով գմբեթավոր էն շենքն են հասկանում, ուր սրբերի պատկերներ կան, վառած մոմեր... Հոգեւորական ասելով երկար շորեր են հասկանում ու երկար միրուք... Ամեն երեւույթ ունի իր արտաքին կերպարանքը¬ ձեւը եւ ներքին իմաստը¬ հոգին։ Ապրողը, գեղեցիկը, կատարյալը դրանց ներդաշնակությունն է, բայց էդ ներդաշնակությունը, դժբախտաբար, շատ է դժվար, եւ մարդիկ սովորաբար վազում են հեշտին. իսկ հեշտը ձեւն է»։
Մեր նորօրյա եկեղեցիներն իրենց էությամբ հիշեցնում են խորհրդային ժամանակների տիպային եւ կրկնվող բաղադրիչներով շենքերի կառուցման ոչ երանելի ժամանակները, երբ այդ ճանապարհով ստեղծվում էին անդեմ, հմայքից եւ գրավչությունից զուրկ թաղամասեր, բնակավայրեր։ Մեկ-երկու տասնամյակ հետո, երբ կխամրի նորակառույց եկեղեցիների երեսպատման եւ հարդարանքի շուքը, կանցնի կառուցվածքային թարմությունը, դժվար կլինի դրանք տարբերակել իրենց միջնադարյան նախօրինակներից։
Թող զարմանալի չթվա, եթե ասենք, որ նորակառույց եկեղեցիների մեծ մասը, բացի ուտիլիտար պահանջները բավարարելուց, ոչնչով չի հարստացնում մեր ժողովրդի ճարտարապետական ժառանգությունը։
Անհասկանալի է, թե ինչու եւ ինչպես է ստացվում, որ որակական ոչ բարձր հատկանիշներով նախագծերը կյանք են մտնում (ցավոք, դա վերաբերում է ոչ միայն եկեղեցիներին)։ Կարծում ենք, պետք է տեսականորեն եւ գործնականորեն արդյունավետ հունի մեջ դնել ճարտարապետական կառույցների նախագծման եւ իրականացման գործընթացները։ Դրանքՙ որպես հանրապետական, ազգային կարեւորության սուբյեկտներ, պետք է գտնվեն հանրապետական, ազգային հոգածության եւ ուշադրության ծիրում։ Այլապես ստեղծված վիճակը չի բխում մեր ժամանակի ստեղծագործական ոգուց, անհեռանկար է եւ ժամանակավրեպ, ինչից պետք է ձերբազատվելՙ հանուն հայ ստեղծագործական ոգուն հավատարմության, հանուն մեր ազգային ճարտարապետության եւ շինարվեստի բարի ավանդույթների պահպանման։
ԳԱՌՆԻԿ ՇԱԽԿՅԱՆ, Ճարտարապետության դոկտոր