Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը Բունդեսթագում ճանաչել տալու նպատակով եւ քարոզչական աշխատանքներ տանելու ուղղությամբ ստեղծվել է http։//www.aga-online.org կայք, «Ազգին» տեղեկացնում է նույն հանձնաժողովի վարչության անդամ Վարուժան Բաբախանյանը։ Կայքը կազմված է հայոց եռագույնի գույներով, բաղկացած տարբեր բաժիններից։ Առայժմ էջերը գերմաներեն են, որը շուտով լրացվելու է անգլերեն եւ հայերեն։ Կայքի առաջին բաժնում ներկայացվում են «Ճանաչում» հանձնախումբը եւ իր նպատակները, ցուցադրվում է, թե ի՞նչ է ցեղասպանությունը, ի՞նչ է ցեղասպանության մերժումը եւ ի՞նչ է ցեղասպանության ճանաչումը, երկրորդ բաժնում ներկայացվում են հրատապ լուրեր Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացի վերաբերյալ, երրորդ բաժնումՙ կարեւոր փաստաթղթեր Գերմանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել տալու ուղղությամբ, մյուս բաժնում ներկայացվում է Հայոց ցեղասպանության ընթացքը նկարներով եւ բացատրություններով սկսած 1890-ական թվականներից մինչեւ 1922 թ., իսկ մի այլ բաժնում ներկայացվում են Հայոց ցեղասպանությանը նվիրված հրատարակված գրքեր եւ գրականություն։
«Ճանաչում» հանձնախմբի նպատակն է ճանաչել տալ Հայոց ցեղասպանությունը Գերմանիայի Բունդեսթագում, որը կարեւոր ազդակ է լինելու Հայաստանի եւ հայոց պետականության հզորացման համար։