Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով, յուրաքանչյուր 6 րոպեի ընթացքում աշխարհում մեկ ծխող է մահանում։ Ծխողների թիվը հատկապես մեծ է զարգացող երկրներում, մոտ 84 տոկոս, այդ թիվը շարունակում է աճել։ Այդ երկրներում ծխողներն իրենց ունեցած գումարը ծախսում են ոչ այնքան սննդի, կրթության ու առողջության պահպանման, որքան ծխախոտ գնելու համար։ Ծխողների թիվն աշխարհում նվազեցնելու նպատակով կազմակերպությունը մայիսի 31-ը հայտարարել էր չծխելու օր։ Արդեն 115 երկրներ ստորագրել են կազմակերպության մշակած ծխախոտի դեմ կոնվենցիան, որին Հայաստանը դեռ չի միացել։ Ստորագրման վերջնաժամկետը լրանում է հունիսի 29-ին։
«Հայաստանն առանց ծխախոտի» դաշինքի անդամ-կազմակերպությունները, որոնց մեջ են հանրային առողջապահության հայկական ալյանսը, Հայաստանի ամերիկյան համալսարանի հիմնադրամը, Հանրային առողջության հայկական միավորումը, Հասարակական առողջապահության հայկական ասոցիացիան, մարդկանց զարգացման միջազգային կենտրոնը, Հայկական բժշկական ասոցիացիան, Երեխաների առողջության պահպանման ասոցիացիան, Մարդու առողջության հիմնադրամը եւ այլ կազմակերպություններ, դիմել են նախագահ Ռոբերտ Քոչարյանինՙ մտահոգություն հայտնելով Հայաստանում ծխախոտի սպառման ծավալների աննախադեպ աճի ցուցանիշից։ Նրանք նշել են, որ ծխախոտի չվերահսկվող սպառումը վտանգում է ողջ հանրության առողջությունը, պատճառ դառնալով վաղաժամ մահվան ու հաշմանդամության։
Հասարակական կազմակերպությունները նախագահին կոչ են արել գործադրել բոլոր լիազորությունները պաշտպանելու հանրային առողջության շահը։ Դրա համար անհրաժեշտ են համարել կոնվենցիայի ստորագրումը, որով Հայաստանը կմիանա առաջադեմ աշխարհին, որտեղ գործող հակածխախոտային քաղաքականությունը վաղուց արդեն դրական արդյունքներ է տալիս։
Ռ. Պ.