ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում այսօր լսվեց Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) Կասյան 3 հասցեում գտնվող պոլիկլինիկայի գնորդ Սերգեյ Մելիքսեթյանի հայցն ընդդեմ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի վճռի, ըստ որի տարածքի օտարման Արաբկիր համայնքի ավագանու որոշումը ճանաչվել էր անվավեր։
Դատարանը դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ լսեց ՀԳՄ, գնորդի եւ Արաբկիր համայնքի թաղապետարանի ներկայացուցիչների բացատրություններն ու առարկությունները։
Ս. Մելիքսեթյանի ներկայացուցիչ Մհեր Նազարյանի կողմից ներկայացվեց հաշտության համաձայնության միջնորդությունը, որով առաջարկվում էր տարածքը վերանորոգելուց հետո որոշակի ժամանակով կամ անժամկետ անվճար բուժծառայություններ մատուցել ՀԳ միության անդամներին, սակայն գրողներն ի դեմս միության նախագահ Լեւոն Անանյանի մերժեցին միջնորդությունը։
Դատն ընդմիջվեց անորոշ ժամկետով կողմերի առարկություններին, բացատրություններին, ինչպես նաեւ հաշտության համաձայնության միջնորդությանը դատարանի ավելի մանրամասն ծանոթանալու նպատակով։-