«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#97, 2004-05-27 | #98, 2004-05-28 | #99, 2004-06-01


ՈՍՏԻԿԱՆԻ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵՎՈ՞Ր Է ՕՐԵՆՔԻ ՊԱՀԱՆՋԻՑ

Մայիսի 29-ի լույս 30-ի գիշերվա ժամը 2-ի սահմաններում Կենտրոնի ոստիկանության բաժանմունք զազրախոսելու համար բերման են ենթարկվել ԵՊՀ ուսանողներ Հակոբ Հակոբյանն ու Հարություն Ալավերդյանը։ «Զանցառուների» գործը երեկ լսվում էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում։ Տղաներին բերման ենթարկելու պատճառը հայտնի է դարձել օր անցՙ մայիսի 31-ի առավոտյան 9-ին նշված դատարան ներկայանալու պարտավորագիրը ստորագրելիս։ Սակայն զավեշտական նիստն սկսվեց ժամեր անց, քանի որ նյութերը ոչ մի կերպ դատարանի մի հարկից մյուսը չէին հասնում, եւ բացի այդ, չէր գտնվում իր հանգստյան օրը վայելող այն ոստիկանը, որը կազմել էր դեպքի առնչությամբ զեկուցագիրն ու պետք է հանդես գար որպես վկա։ Ինչեւէ, նիստը մեկնարկեց ու հասկանալի դարձավ, որ Հարությունն ու Հակոբը 29-ի լույս 30-ի գիշերը «Ազատություն Էդգարին» (ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը ոստիկանին պլաստիկե դատարկ շշով հարվածելու համար 1,5 տարի ազատազրկման դատապարտված) բովանդակությամբ թռուցիկներ են փակցրել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում։ Հերթական թռուցիկներ Մաշտոցի պողոտայում, շուկայի դիմացի էլեկտրասյանը փակցնելիս մոտեցել են ոստիկաններ ու հարցրել, թե ինչ են անում։ Տղաների բացատրություններից հետո ոստիկանները պահանջել են պոկել թռուցիկները եւ առանց որեւէ բացատրություն տալու տարել բաժանմունք։ Զեկուցագիրը կազմած վկան այդպես էլ չգտնվեց ու փոխարինվեց այլ վկայովՙ վարորդ ոստիկան Կարապետ Բարսեղյանով, որը փաստեց, որ թռուցիկները պոկելու իրենց պահանջին չենթարկվելուց հետո տղաներն սկսել են «ձանձրախոսել»։ Հաջորդող 30 րոպեն ու փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Արգիշտի Կիվիրյանի, դատավոր Սարիբեկ Արամյանի համատեղ ջանքերը ոչ մի կերպ չօգնեցին բացահայտելու, թե այդ ինչպես են «զանցառուները ձանձրախոսել»։ Չնայած նախապես դատավորը ոստիկանի համար հասցրեց պարզաբանել, թե ինչ է նշանակում զազրախոսել, այնուամենայնիվ, վերջինս համառորեն պահպանեց չհասկացողի լռությունը։

Դատական նիստի մեկնարկից հետո գործին ծանոթացած փաստաբանն իր խոսքում շեշտեց, որ կազմված արձանագրությունը չի համապատասխանում գործող օրենսդրությանը եւ, բացի այդ, նույն արձանագրությունից պարզ է դառնում, որ Հարություն Ալավերդյանն ու Հակոբ Հակոբյանը բերման են ենթարկվել թռուցիկներ փակցնելու պատճառով եւ միայն հետո է արձանագրությունում ավելացվել հասարակական կարգը պահպանող ոստիկանի օրինական կարգադրությանը, պահանջին չենթարկվելու պատճառը։ Ու թեեւ դատավորն էլ բազմիցս ընդգծեց, որ թռուցիկներ փակցնելը ոչ մի կերպ չի կարող զանցանք համարվել, առավել եւս բերման ենթարկելու պատճառ դառնալ, սակայն մոտ մեկ ժամ մտածելուց հետո որոշեց, որ «զանցառուները» չեն ենթարկվել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանի պահանջին եւ, վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի համաձայն, պետք է վճարեն համապատասխան տուգանք, Հարությունը 1500, Հակոբըՙ 1000 դրամի չափով։ Պարզվում է, ձանձրախոսությունը զազրախոսություն ընկալող, իր իսկ բերած պատճառաբանության իմաստին լիովին անտեղյակ ոստիկանի լռությունն ամբողջովին ընդունելի եւ ընկալելի է դատական մարմինների համար։ Իսկ, փաստաբան Արգիշտի Կիվիրյանի համոզմամբ, պրակտիկայի է վերածվել մարդուն բերման ենթարկելը եւ ապա պատճառաբանություն փնտրելը, ինչի հնարավորությունը տալիս է գործող վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրքը։

Ամեն ինչից զատ, «զանցառուները» հավատացրին, որ իրենք մտադիր չեն իրենց իրավունքներից հրաժարվել։

Հ. Գ. Նիստին նախորդել էր դատարանի դիմաց բազմաթիվ երիտասարդների կազմակերպած պիկետը, որի ընթացքում շարունակում էին պահանջել ազատություն Էդգարի համարՙ թռուցիկները կրծքներին կրելով։ Պիկետի մասնակիցները ներկա էին նաեւ նիստին։

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4