ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Մի քանի օր առաջ հրազենային վնասվածքներ ստացած «Արմենիա-Լադա» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռաֆայել Շահմուրադյանը մայիսի 31-ին «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից դուրս է գրվել։ Ինչպես հայտնեցին հիվանդանոցի թոքային բաժանմունքից, Շահմուրադյանի առողջական վիճակը նորմալ է։ Միաժամանակ, հիվանդանոցում հրաժարվեցին մեզ տեղեկություններ տրամադրել վնասվածքների հետ կապված մանրամասների վերաբերյալՙ նշելով միայն, որ հիվանդը ենթարկվել էր վիրահատության։
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին, ժամը 00։05-ին Բաղրամյան պողոտայի թիվ 85 շենքի դիմաց «Նիվա» մակնիշի անհայտ պետհամարանիշով մեքենայից հրազենային կրակոցներ էին արձակվել դեպի Կասյան փողոց ընթացող «Նիսան-պատրոլ» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի ղեկին եղել էր Ռաֆայել Շահմուրադյանը։ Կրակոցների հետեւանքով Շահմուրադյանը թիկունքից ստացել էր ծանր վնասվածքներ։
Փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործի քննությունը վարում է Երեւանի Արաբկիր համայնքի դատախազությունը։