Մարզահամերգային համալիրը երեկ հյուրընկալել էր հայրենական եւ մասամբ օտարերկրյա գործարարներին։ ԱՊՀ անդամ պետությունների առեւտրա-արդյունաբերական պալատների ղեկավարների խորհրդի երկրորդ նիստի շրջանակներում այստեղ բացվեց «ԱՊՀ ԷՔՍՊՈ-2004» ցուցահանդեսը։ Հանդես գալով բացման խոսքով, Հայաստանի առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանը ասաց, որ նախկին խորհրդային հանրապետությունները ունեցել են համատեղ ցուցահանդեսներ անցկացնելու սովորույթներ, բայց դրանք կորսվել են։ Այդ պատճառով, Հայաստանի ԱԱՊ նախագահի համոզմամբ, հարկ է ամեն ինչ նորից սկսել։
Ցուցահանդեսի ընթացքում, որը կգործի մինչեւ հունիսի 3-ը, կգործի այսպես կոչված on line ռեժիմը։ Դրա շնորհիվ մասնակցող ընկերությունները կարող են նաեւ ինտերնետով ներկայացնել իրենց արտադրանքը։ Ինչպես արդեն նշեցինք, ցուցահանդեսին գլխավորապես ներկայացված էին հայկական ընկերությունները։ Սննդի, ոգելից խմիչքների, հյութերի, հանքային ջրերի արտադրության, թեթեւ արդյունաբերության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների, շինանյութերի արտադրության մոտ չորս տասնյակ ձեռնարկությունները վաղուց արդեն հասարակությանը հայտնի անուններ էին։ Մասնավորապես «Գրանդ հոլդինգը» ներկայացված էր երկու ընկերություններովՙ «Գրանդ սանով» եւ «Ինտերնեյշընլ Մասիս տաբակով»։ Վերջինիս հիմնադիր Միքայել Վարդանյանը ներկայացրեց ընկերության գործունեության որոշ մանրամասներ.
¬ «Ինտերնեյշընլ Մասիս տաբակն» արդեն մեկ տարեկան է։ Ներկայումս թողարկում ենք 50 տեսակից ավելի ծխախոտներ։ Արտադրանքի մոտ կեսն արտահանում ենք ԱՄՆ, Կանադա, եվրոպական երկրներ եւ արդեն Ռուսաստան արտահանելու պայմանագիր ենք կնքել։ Ռուսաստան եւ Բելառուս արտահանում ենք ծխախոտի հումք։ «Գրանդ սանը», որը նույնպես մասնակցում է այս ցուցահանդեսին, լամպեր է արտահանում Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան։ Հուսով ենք, որ այս ցուցահանդեսին մասնակցելով, ձեռք կբերենք նոր գործընկերներ։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաները ներկայացնող ընկերություններից զրուցեցինք Հայաստանի խոշորագույն ինտերնետ պրովայդեր «Արմինկոյի» փոխտնօրեն Իրինա Մարգարյանի հետ.
¬ Մենք իրականացնում ենք այս ցուցահանդեսի on line ներկայացումն ինտերնետով, որի շնորհիվ յուրաքանչյուր ընկերություն կարող է մոտ երեք րոպե տեւողությամբ պատմել եւ գովազդել իր արտադրանքը։ Այդ ընթացքում արտադրանքի նկատմամբ հետաքրքրություն դրսեւորած ընկերության հետ հնարավորություն կընձեռվի չմիջնորդավորված կապ հաստատել։
Ինչպես արդեն վերեւում նշեցինք, ԷՔՍՊՈ-ում նախատեսված էր ԱՊՀ երկրների ընկերությունների արտադրատեսակների ցուցադրությունը։ Սակայն կարելի է ասել, որ դրանք փաստորեն բացակայում էին։ Եղածներն էլ հիմնականում համատեղ ձեռնարկությունների հայկական ներկայացուցչություններն էին։
Երեկ միջոցառման շրջանակներում նաեւ տեղի ունեցավ գործարար համաժողով «Փոքր եւ միջին ձեռնարկատիրություն։ Համագործակցություն եւ զարգացում» թեմայով։ Իսկ այսօր տեղի կունենա ԱՊՀ ԱԱՊ-ների նախագահների նիստը, որի արդյունքները կներկայացվեն երեկոյան կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ