Հաշվետու տարում պետբյուջեից պաշտպանության բնագավառին տրամադրվել է 44,3 մլրդ դրամ, որի առյուծի բաժինըՙ 41,1 մլրդը հատկացվել է ռազմական կարիքներին։ Նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 24,2 տոկոսով։ Պաշտպանության ասպարեզի բաժինըՙ 14,2 տոկոս, նախորդ տարվանից ավելի է եղել 0,3 տոկոսով։
Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը դռնփակ էր։ Նիստի ավարտից հետո պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտնեց, որ ե՛ւ ամսական, ե՛ւ եռամսյակային, ե՛ւ տարեկան կտրվածքով բյուջետային հատկացումները ֆինանսների նախարարությունը պարտաճանաչորեն կատարել է։ «Բայց այդ հատկացումները չեն կարող բավարար լինել, որովհետեւ բանակը մշտապես նյութատար, ծախսատար կառույց է, եւ միշտ էլ նոր տեխնիկա ու սպառազինություն ձեռք բերելու ցանկություն կա։ Իսկ մեր փոքր բյուջեի պայմաններում առավել եւս պաշտպանության նախարարը չի կարող գոհ լինել», ասաց նաՙ պատասխանելով «Ազգի» հարցին, թե պետական հատկացումները լիարժե՞ք են երկրի պաշտպանության հոգսերը հոգալու համար։
Նա հույս հայտնեց, որ գալիք տարում համակարգի ֆինանսավորումը բարելավելու խնդիրները կառավարության ու նախագահի ուշադրության կենտրոնում կհայտնվեն։ Համենայն դեպս, դեռ տարեսկզբից նոր սպառազինությունների հայթայթման գործընթացն անխաթար է ընթացել։ Բյուջետային միջոցները բավարար են այնքանով, որ չեն անդրադառնում հայկական բանակի մարտունակության վրա։
Սերժ Սարգսյանն անդրադարձավ նաեւ Կոսովոյում գտնվող հայկական խաղաղարար գումարտակին, որի մարտունակությունն ու պատրաստվածությունը, Հայաստան եկած եվրոպացի հրամանատարների կարծիքով, փայլուն մակարդակում են։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ