ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Կառավարության ծրագրում բնակչության ավանդները վերադարձնելու մասին կետ չկա։ Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը հունիսի 1-ին լրագրողների հետ զրույցում։
Ըստ նախարարի, որդեգրելով աղքատության հաղթահարման ռազմավարություն, իշխանական կոալիցիայի կազմում ընդգրկված քաղաքական ուժերը երկարատեւ քննարկումների արդյունքում որոշել են երկրի զարգացման առաջնահերթությունները։ Ըստ այդմ, առաջնահերթ են համարվում կրթության, առողջապահության եւ սոցիալական ոլորտների համար նախատեսվող ծախսերը։ Ինչ վերաբերում է ԽՍՀՄ խնայբանկում բնակչության ունեցած ավանդների վերադարձմանը ապա, ըստ նախարարի, նշված առաջնահերթությունների շարքում նման ծախսի կամ ուղղության ինքը «չի հանդիպել»։
Պատասխանելով այն հարցին, թե իբրեւ Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից առաջադրված նախարար ինչպես է ինքը վերաբերվում ավանդները վերադարձնելու օրինագծին, Վարդան Խաչատրյանը նշեց, որ որպես կառավարության անդամ չի մասնակցում կուսակցության քաղաքական որոշումներին։ Որպես ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար նա խոստացավ իր կարծիքը գրավոր ներկայացնել այն ժամանակ, երբ կառավարությունը կստանա այդ օրինագիծը։