«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#99, 2004-06-01 | #100, 2004-06-02 | #101, 2004-06-03


ՄԵՐ ՎԱՆ ԳՈԳԸ

Հզոր Վրույր։ Այսպես էին բնորոշում նկարիչ Վրույր Գալստյանին իր ընկերները, ում նկարների ցուցահանդեսի բացումը տեղի ունեցավ մայիսի 22-ին Երեւանի նկարիչների միությունում։ Վ. Գալստյանն իր ստեղծագործություններում արտահայտչական հիմնական շեշտը դրել է գույնի վրա։ Նրաՙ մեր գոյության դրաման դրսեւորող նկարները հագեցած են լավատեսական լիցքով։ Ինչպես նշեց կինոռեժիսոր, արձակագիր Արա Վահունին, Գալստյանն իր նկարներով լույս է սփռել, նա արարել է կտավի վրա եւ կարծես մեր Վան Գոգը լինի։

¬ Գալստյանի նկարները դժվարությամբ են ընկալվում, եւ ճշմարիտ վերաբերմունք չի ցուցաբերվում։ Նա չի ընդունվել ոչ մինչեւ անկախությունը, ոչ էլ անկախությունից հետո։ Կոմունիստական շրջանում համարում էին, որ նրա նկարները չի համապատասխանում իրենց գաղափարախոսությանը։ Սակայն չմոռանանք, որ չի հասկացվել ժամանակին Սարյանը, Կոմիտասը։ Ուրախությամբ պետք է ասել, որ այսօր Վ. Գալստյանն իր ուրույն տեղն ունի։

1942 թ. ծնված Վրույր Գալստյանն իր գործունեությունը սկսեց 60-ական թթ.-ից։ Ըստ էստոնացի քննադատ Վիլյամ Մելյանդի, նրա շատ կոմպոզիցիաների հիմքում ընկած է մի օղակաձեւ շարժում, որը ոչ միայն արտահայտված է գծերով, այլեւ օժտված ֆոնի կարծես պտտվող դրվագներով, որոնք հիշեցնում են Վան Գոգիՙ լուսապսակով պատված խելահեղ աստղերը։

Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 80 նկարներ։ Նրա նատյուրմորտներում երեւում են հասարակ առարկաներՙ գավաթներ, շշեր, մանկական ոտնամաններ, սակայն դրանց առօրեականության մեջ տեսնում եւ արտահայտում է կեցության անհատական փայլը։ Կային նաեւ Եղիշե Չարենցի, Սերո Խանզադյանի, Մարտիրոս Սարյանի եւ այլոց դիմանկարներ։

Ցուցահանդեսը բաց է մայիսի 22-ից հունիսի 6-ը։

ԱՆՆԱ ԳԶԻՐՅԱՆ, ԱՆՈՒՇԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4