Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 1-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ. Սարգսյանը, ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքըՙ տարեկան 6 տոկոս, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 20 տոկոս, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 1 տոկոս։
ԿԲ խորհուրդը որոշում ընդունեց փոփոխություններ եւ լրացումներ կատարել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը եւ հրապարակումը» կանոնակարգ 3-ում, «Բանկերի հրապարակվող ֆինանսական հաշվետվությունների օրինակելի ձեւերը եւ դրանց լրացման ցուցումները հաստատելու մասին» որոշման մեջ։ Խորհրդի որոշմամբ փոփոխություններ եւ լրացումներ կատարվեցին «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների եւ հաշիվների պարտադիր երաշխավորման մասին» կանոնակարգ 20-ում, ինչպես նաեւ «ՀՀ տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանում», փոփոխություն կատարվեց «ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների հաշվապահական հաշվառման հաշվային պլանի կիրառման հրահանգում»։
ԿԲ կառավարման բարձրագույն մարմինը հավանություն տվեց «Փոխառուի ֆինանսական վիճակի վատթարացման չափանիշների ուղեցույցին», ինչպես նաեւ փոփոխություններ եւ լրացումներ կատարեց «Վարկային կազմակերպությունների գործունեության կարգավորումը, վարկային կազմակերպությունների գործունեության տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 14-ում։
ԿԲ խորհրդի որոշմամբ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ տրամադրվեցին «ԱԼԱՄՕ» ՍՊԸ-ին, «Անահիտ Թագուհի» ՍՊԸ-ին, «Ամալյա Աբովյան» արտարժույթի փոխանակման կետին, անհատ ձեռնարկատերեր Արմեն Մալերյանին եւ Արթուր Բոգոմազովին։ ԿԲ խորհուրդն ուժը կորցրած ճանաչեց արտարժույթի առք ու վաճառքի գործառնություններ իրականացնելու թիվ 466 լիցենզիան։ Խորհրդի որոշմամբ գրանցվեց «Կոնվերս բանկ» ՓԲԸ «Ավիա» մասնաճյուղի գործունեության դադարեցումը։
***
ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում մակրոտնտեսական իրավիճակի եւ ֆինանսական շուկայի միտումների նկարագիրը։
Մակրոտնտեսական իրավիճակ - Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, ապրիլի 20-30-ը գրանցվել է 0.05% սղաճ։
Ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում բյուջեի միջին օրական հարկային եկամուտները կազմել են մոտ 907 մլն դրամ։
Դրամավարկային քաղաքականություն - Ապրիլի 30-ից մայիսի 13-ն ընկած ժամանակահատվածում փողի բազան, ընդհանուր առմամբ մնալով ծրագրային շրջանակներում, աճել է 4 մլրդ 543 մլն դրամովՙ կազմելով 105 մլրդ 977 մլն դրամ։ Փողի բազայի աճն ուղեկցվել է ԶԱԱ-ի 601 մլն դրամ եւ ԶՆԱ-ի 3 մլրդ 942 մլն դրամ աճով։
ԶԱԱ-ի աճը հիմնականում պայմանավորված է եղել այլ ակտիվների 827 մլն դրամի աճով, ինչպես նաեւ 104 մլն դրամի արտաքին պարտքի տոկոսագումարների եւ 122 մլն դրամի անդամակցության գումարների վճարմամբ։
ԶՆԱ-ի աճը պայմանավորված է եղել կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի 3 մլրդ 660 մլն դրամ ծախսմամբ, ինչպես նաեւ զուտ այլ ակտիվների 257 մլն դրամի աճով։ Բանկերի պարտավորություններն աճել են 38 մլն դրամովՙ կազմելով 6 մլրդ 243 մլն դրամ։
Մայիսի 7-ին նախորդած շաբաթվա ընթացքում փողի զանգվածն (առանց կուտակված տոկոսների) աճել է 824 մլն դրամով եւ կազմել 226 մլրդ 177 մլն դրամ։ Շրջանառության մեջ եղած կանխիկն աճել է 1 մլրդ 732 մլն դրամով, իսկ ավանդները նվազել են 908 մլն դրամով։ Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 1 մլրդ 17 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդները նվազել են 2 մլրդ 408 մլն դրամով։ Ժամկետային արտարժութային ավանդներն աճել են 970 մլն դրամով եւ կազմել 53 մլրդ 544 մլն դրամ։ Պայմանավորված վերոգրյալովՙ դրամային զանգվածը նվազել է 1 մլրդ 164 մլն դրամով եւ մայիսի 7-ին կազմել 119 մլրդ 330 մլն դրամ։
Ֆինանսական շուկայի միտումները ¬ Հաշվետու ժամանակաշրջանում թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 18,722 մլն դրամ, իսկ պարտադիր պահուստավորումըՙ 13,900 մլն դրամ։
Ներքին արժութային շուկայում, ՊՊ առաջնային եւ երկրորդային շուկաներում դիտվել են հետեւյալ միտումները։
Ներքին արժութային շուկա ¬ ԿԲ կողմից վաճառվել է մոտ 770 հազ. ԱՄՆ դոլարՙ 554.07 դրամ փոխարժեքով, ինչպես նաեւ 2 մլն 700 հազ. ԱՄՆ դոլար արժութային սվոփի մարման պարագայում ՀՀ ԿԲ կողմից 4.9% եկամտաբերությամբ իրականացվել է 2 մլն 650 հազ. ԱՄՆ դոլարի արժութային սվոփ գործարք։
Միջբանկային շուկայում գործառնությունների համախառն ծավալը կազմել է 80 մլն ԱՄՆ դոլար, որից 41 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 39 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 551.26 եւ 552.99 դրամ միջին կշռված փոխարժեքներով։
Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.76%-ովՙ 547.11 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 556.89 դրամի։
ՊՊ առաջնային շուկա ¬ Տեղի է ունեցել ՊՊ-երի 1 թողարկում, տեղաբաշխվել 48-շաբաթյա պարտատոմսՙ 500 մլն դրամ ծավալով։ ՊՊ-երի նկատմամբ պահանջարկը կազմել է 998 մլն դրամ (199.65%) եւ ձեւավորվել է 5.81% եկամտաբերություն։
ՊՊ երկրորդային շուկա ¬ Իրականացվել է 820 մլն դրամի գործարքՙ 5.81% միջին կշռված եկամտաբերությամբ։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 428 մլն դրամի գործարքՙ 6.67%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 392 մլն դրամի գործարքՙ 4.88%-ով։
Միջբանկային ռեպո գործառնություններ ¬ Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 5 մլրդ 374 մլն դրամՙ 4.75% միջին կշռված տոկոսադրույքով։ Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 2 մլրդ 973 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 5.21%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 2 մլրդ 401 մլն դրամ ծավալով գործարքՙ 4.17%-ով։
Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում ¬ Մայիսի 14-31-ն ընկած ժամանակահատվածում փողի բազայի միջին ցուցանիշը կկազմի 103 մլրդ 494 մլն դրամ։
Ըստ ծրագրավորման, երկշաբաթում կիրականացվի 108 մլն դրամի անդամակցության գումարների վճարում։ Ակնկալվում է նաեւ 4 մլրդ 620 մլն դրամի արտաքին պարտքի վճարում (ակնկալվում է իրականացնել վաղաժամկետ մարում Եվրամիության կողմից տրամադրված վարկի գծովՙ 7 մլն եվրո գումարի չափով)։ Այլ ակտիվները նշված ժամանակահատվածում կնվազեն 234 մլն դրամովՙ հիմնականում ի հաշիվ 1 մլրդ 674 մլն արժութային սվոփի կնքման եւ դրա դիմաց 1 մլրդ 285 մլն դրամի սվոփի մարման։ Վերոհիշյալ հոսքերը կհանգեցնեն ԶԱԱ-ի ցուցանիշի 4 մլրդ 962 մլն դրամի նվազմանը։
Կառավարության զուտ պարտավորությունների ցուցանիշը, ըստ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության բյուջետային հարցերի հանձնաժողովի տվյալների, վերոհիշյալ արտաքին պարտքի վճարման դեպքում կաճի 3 մլրդ 334 մլն դրամովՙ պայմանավորված կենտրոնական գանձապետարանի միասնական հաշվի մնացորդի համանման գումարի նվազումով։ Բանկերի պարտավորությունները կնվազեն 1 մլրդ 89 մլն դրամովՙ ի հաշիվ 1 մլրդ 285 մլն դրամի արժութային սվոփի մարման, ինչպես նաեւ ծրագրավորված առավելագույնը 1 մլրդ դրամի հակադարձ ռեպո գործարքի եւ առավելագույնը 1 մլրդ 674 մլն դրամին համարժեք արժութային սվոպի իրականացման։ Երկշաբաթում առեւտրային բանկերին կտրամադրվի նաեւ 300 մլն դրամի վարկՙ KfW-ի միջոցներից։ Միաժամանակ նախատեսվում է զուտ այլ ակտիվների 234 մլն դրամի աճ։ Վերոհիշյալ փոփոխությունները կհանգեցնեն ԶՆԱ-ի 2 մլրդ 479 մլն դրամի աճի։
Հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը, ինչպես նաեւ ֆինանսական շուկաներում առկա միտումներըՙ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ բանկերից ներգրավված ավանդների համարՙ 1%, ռեպո համաձայնագրերի համարՙ 6%, լոմբարդային վարկերի համարՙ 20%։
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն