Թերեւս դրա արտահայտությունը «Սորոսի» հիմնադրամի նկատմամբ բացասական վերաբերմունքն է
Բաքվի «Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի» հակամարտությունների եւ միգրացիայի ուսումնասիրությունների բաժնի վարիչ Արիֆ Յունուսովը Երեւանում հայտարարել է, որ 2003 թ. հոկտեմբերին Ադրբեջանի նախագահական ընտրություններից եւ Իրաքում ամերիկյան զորքերի հայտնվելուց հետո ադրբեջանական հասարակության մեջ նկատելի են դարձել հակաամերիկյան եւ իսլամամետ միտումները։ Այդ հարցին «Ազգի» հունիսի 3-ի համարում մանրամասնորեն անդրադարձավ մեր աշխատակից Թաթուլ Հակոբյանը։
Այս միտումներից թերեւս ուշագրավը հակաամերիկյաններն են, որովհետեւ դրանց զարգացումը ոչ միայն հանգեցնում է իսլամամետ միտումների առաջացմանը, նաեւ նպաստում, որ այդ միտումներն էլ զարգանան։ Հարկ է սակայն նշել, որ Ադրբեջանում առկա հակաամերիկյան միտումների պարագայում խնդիրը սոսկ Արիֆ Յունուսովի երեւանյան հայտարարությունը չէ, այլեւ թուրքական ռազմավարական կենտրոնների մեկնաբանությունները։
Դրանցից առաջինըՙ «Ադրբեջանում վիճարկվում է ԱՄՆ-ի գործունեությունը» խորագրով, դեռեւս հունվարի 17-ին «Հաբերանալիզի» ինտերնետային էջում հրապարակել էր Արազ Ասլանլին, իսկ երկրորդըՙ նույն թերթի մայիսի 28-ի համարում «Ադրբեջանը մտահոգ է «Սորոսի» հիմնադրամի գործունեությամբ» Փնար Գյունգորը։ Որքան էլ Յունուսովը վերոհիշյալ միտումները պայմանավորի Ադրբեջանում նախագահական ընտրություններով եւ Իրաք ամերիկյան զորքերի ներխուժմամբ, այնուամենայնիվ, չպետք է անտեսել ադրբեջանցիների ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ ԱՄՆ-ի դիրքորոշումից բխող դժգոհությունը։
Թերեւս դժգոհության առումով պատահական չեն ղարաբաղյան հիմնահարցում Եվրոմիության ներգրավվածությունն ակտիվացնելու համար եվրոպական երկրներին Անդրկովկաս հրավիրելու Իլհամ Ալիեւի փորձերը։ Ըստ երեւույթին, Ադրբեջանին թվում էր, թե Թուրքիայի դաշնակից ԱՄՆ-ի աջակցությունը բավարար է Լեռնային Ղարաբաղի հարցը տարածքային ամբողջականության սկզբունքով լուծելու համար։ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության խորհրդական Կոնդոլիզա Ռայսի «Ղարաբաղյան հիմնահարցում քիվեսթյան սկզբունքներին վերադառնալու» մասին Մոսկվայում արած հայտարարությունը գերազանցեց Ադրբեջանի ենթադրությունները։
Այս պայմաններում միանգամայն տրամաբանական էր, որ հակաամերիկյան միտումների զարգացումը նոր թափ ստանար, իսկ դրան նպաստեին Իլհամ Ալիեւի իշխանությունները։ Համոզվելու համար կարելի է անդրադառնալ Թուրքիայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կովկասյան բաժնի աշխատակից Ասլանլու մեկնաբանությանը, որտեղ նշվում է, որ Միլլի մեջլիսը այս տարվա հունվարի 13-ի նիստում քննարկել է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործունեությունը, իսկ քննարկումները տեղիք են տվել լուրջ վիճաբանությունների։ Այնուհետեւ մեկնաբանն ավելացնում է. «Ադրբեջանական հասարակությունը մշտապես վիճարկել է ԱՄՆ-ի գործունեությունը։ Այդ վիճարկումներում ընդգծվել է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի բուն նպատակը երկրի շահագործումն է, որը քողարկվում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների վերաբերյալ արտահայտություններով»։
Ինչ վերաբերում է Եվրասիական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կովկասյան բաժնի աշխատակից Գյունգորին, ապա նա Ադրբեջանում ծավալվող հակաամերիկյան տրամադրություններին անդրադառնում է ոչ թե ուղղակի, այլ դրանք պայմանավորում է «Սորոսի» հիմնադրամի գործունեությամբ։ Ինչո՞ւ։ Մինչ հարցին պատասխանելը նշենք, որ այս կառույցի պաշտոնական անվանումը ոչ թե «Սորոսի» հիմնադրամ է, այլ «Բաց հասարակության ինստիտուտ-Ադրբեջանի օժանդակության հիմնադրամ»։ Քանի որ այս կառույցն ընդամենը օժանդակել է Վրաստանի «վարդյա» հեղափոխությունը, իսկ դրա հետեւանքներն անհանգստացրել են նախկին ԽՍՀՄ-ի երկրներին, ուստի նրանցից Բելառուսի եւ Ռուսաստանի օրինակով հիմնադրամը վտարվել է նաեւ Ուկրաինայից եւ Ուզբեկստանից։
Չի բացառվում, որ «Սորոսի» հիմնադրամին երկրից վտարեն նաեւ ադրբեջանական իշխանությունները։ Համենայն դեպս, Գյունգորի մեկնաբանություններն այդպիսի ենթադրության հիմքեր են տալիս։ Ահա թե ինչ է գրում նա. «Ադրբեջանում իշխանամետ կուսակցությունները տարբեր առիթներով արտահայտում են «Սորոսի» հիմնադրամի գործունեությունից բխող իրենց մտահոգությունները։ Քանի որ ադրբեջանական իշխանությունները խուսափում են ուղղակի քննադատել հիմնադրամի գործունեությունը, ուստի այդ պարտականությունն իրենց վրա են վերցնում նշված կուսակցությունները։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանում ընդդիմությունն առարկելով 2003 թ. հոկտեմբերի 15-ի նախագահական ընտրությունների արդյունքները, բողոքի ցույցեր էր կազմակերպել, որը իշխանությունները բիրտ ուժի միջոցով ճնշել են։ Ներկայումս ադրբեջանական ընդդիմությունը «բուսական կյանք» է ապրում։ Իշխանություններն անհանգստացած են, որ «Սորոսի» հիմնադրամն ընդդիմությանը կվերադարձնի բնականոն կյանքի, ինչպես դա արեց Վրաստանում եւ Հայաստանում»։
«Սորոսի» այսպես կոչված հիմնադրամն ամերիկյան կառույց է։ Դրա նկատմամբ ադրբեջանական իշխանություններիՙ երկրում իշխանամետ կուսակցությունների միջոցով արտահայտվող բացասական դիրքորոշումը ցույց է տալիս, որ հակաամերիկյան միտումներն Ադրբեջանում զարգանում են ոչ միայն հասարակության մեջ, այլեւ իշխանական շրջանակներում։
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ