Հայտնի է, որ Արամազդ Զաքարյանը եւ Սուրեն Սուրենյանցն ազատ են արձակվել «գործուն զղջում» արտահայտելու շնորհիվ։ Այս առթիվ «Հայկական ժամանակ» թերթի թղթակցի հարցադրմանը Ալբերտ Բազեյանը երեկ պատասխանեց. «Ես չեմ համարում, որ Սուրեն Սուրենյանցն ու Արամազդ Զաքարյանը «գործուն զղջացել» են։ Դրանում կհամոզվենք նրանց հետագա քաղաքական վարքագծով։ «Գործուն զղջացել» են ուրիշները, այդ թվում նաեւ ձեր կողմից հարգված քաղաքական գործիչները, որոնք շատ «գործուն» փախել են Հայաստանից (Բազեյանը, այնուամենայնիվ, չբացահայտեց, թե ում նկատի ունի)։
Մարդը պատասխանատվություն ունի եւ իր ընտանիքի ու հարազատների, եւ իր քաղաքական համախոհների հանդեպ։ Մի կողմից քաղաքականությունը քաղաքական գործչից պահանջում է կամիկաձեի վարքագիծ, մյուս կողմից մարդկայնորեն կարելի է հասկանալ նրանց»։ Արամազդ Զաքարյանի մայրը ծանր հիվանդ է, եւ նա չէր կարող այլ կերպ վարվել։
Ինչ վերաբերում է Սուրեն Սուրենյանցին, Ըստ Ալբերտ Բազեյանի, նրան ազատ են արձակել առողջական վիճակի վատացման պատճառով։ Դատական փակ նիստում նա ընդամենը ցուցմունք է տվել, թե ինքն ափսոսում է, որ իր քաղաքական գնահատականները որակվում են իբրեւ վիրավորանք իշխանությունների հասցեին։
Կ. Դ.