ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Ընդդիմության այսօրվա հանրահավաքը կկայանա նոր պայմաններում. անկախացումից ի վեր առաջին անգամ խորհրդարանն օրենք ընդունեց հանրահավաքների, երթերի ու ցույցերի մասին։ Հանրահավաքից առաջ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» երեկվա միացյալ մամուլի ասուլիսը կանխարգելիչ նպատակ ուներ. ընդդիմության ներկայացուցիչների պարզաբանումները միտված էին հասարակության հնարավորինս իրազեկմանըՙ այն իրողություններին ու հանգամանքներին, որոնց առկայությամբ կայանալու է հանրահավաքը։ Ալբերտ Բազեյանը նախ հիշեցրեց, որ իշխանությունները կանխավ հայտարարել էին, թե հանրահավաքների օրենքը չի ընդունվի մինչեւ Վենետիկի հանձնաժողովի եզրակացության ստացումը։ Այդ եզրակացությունը նոր է եղել, բայց խորհրդարանը հասցրել է հապճեպ ընդունել օրենքը։ Բազեյանի բնորոշմամբՙ եվրոպացիները քարը քարի վրա չեն թողել իրենց մեկնաբանություններում։
Հայտնի է, որ քաղաքապետարանի մերժումից հետո դատարանը եւս դրական պատասխան չտվեց հանրահավաք անցկացնելու ընդդիմադիրների դիմումին։ Սակայն թե Ալբերտ Բազեյանը, թե Գրիգոր Հարությունյանը փորձում էին հավատացնել, որ հանրահավաքն օրենքից դուրս համարվել չի կարող, քանի որ նոր ընդունված օրենքը հակասում է միջազգային պայմանագրերին։
Քաղաքապետարանն ու դատական ատյանները ղեկավարվել են նախագահական նստավայրից եկած հրահանգներով։ Ի սկզբանե օրենքը հակասում է նաեւ մեր սահմանադրության մեջ ամրագրվածՙ ազատ երթեր ու ցույցեր անելու մարդկանց իրավունքին։ Եվ եթե այդպես է, պարզ տրամաբանությամբ, առաջնային պիտի լինեն միջազգային պարտավորվածությունները։ Այս նորմի պահպանումը, սակայն, ընդամենը ընդդիմադիրների երազանքների ոլորտից է։
Գրիգոր Հարությունյանը մատնանշեց հանրահավաքի օրինականությունն ապացուցող այլ փաստարկ եւս. հանրահավաքը թույլատրել չթույլատրելու վերաբերյալ որոշման մասին, ըստ օրենքի, պիտի տեղեկացվի 24 ժամվա ընթացքում։ Մերժման մասին իրենք տեղեկացել են ժամկետն անցնելուց հետո եւ համարում են, որ թույլտվություն տրվել է։ Ընդդիմադիրները համոզված են, որ հանրահավաքը պիտի կայանա թեկուզ նրա համար, որ իշխանությունները չկարծեն, թե կարող են բռնանալ հասարակության ազատ կամքի վրա։ Մեջբերվեց նաեւ Եվրոխորհրդի բանաձեւը, որում իշխանություններին կոչ է արվում թույլատրել խաղաղ հանրահավաքները, եւ զերծ մնալ մարդկանց ազատության չարդարացված սահմանափակումներից։
«Ազգի» հարցին, թե ընդդիմադիրներն արդյոք բացառո՞ւմ են ապրիլի 13-ի կրկնությունը, երբ իշխանություններն իրենց գործողությունները օրենքով արդարացնելու հնարավորություն ունեն, Ալբերտ Բազեյանը պատասխանեց. «Քիչ հավանական եմ համարում, որ ապրիլի 13-ի իրադարձությունները կրկնվեն, բայց եւ չեմ բացառում դրա հավանականությունը։ Չեմ կարծում, որ այդ իրադարձությունները մեծ ողբերգություն էին։ Հակառակը, հասարակության առաջ բացվեց իշխանությունների դեմքը։ Իսկ եթե կրկնվեն, մենք ինքնապաշտպանության կդիմենքՙ ձեռքերով, ինչպես նախորդ անգամ»։
Շարունակելու են հանրահավաքը, անգամ եթե ոստիկանները դադարեցնելու հրահանգ տան։ Հանրահավաքից հետո երթ կլինի թե ոչ, առայժմ հայտնի չէ, այդ մասին որոշում կընդունվի իրավիճակի թելադրանքով։
Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ընդդիմության որոշ ներկայացուցիչների արտասահմանյան այցերը, մասնավորապես Ալեքսան Կարապետյանի այցը Մեքսիկա, որքանով են նպաստում իշխանափոխության սցենարի իրականացմանը։ «Ազգային միաբանության» անդամ Կորյուն Առաքելյանը բացատրեց, որ թեեւ այդ շրջագայությունները չեն մտնում խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու ծրագրի մեջ, բայց այդ պատգամավորներն էլ, ինչպես ամեն ոք, ազատ են իրենց որոշումներում։
Ասուլիսի ընթացքում հրապարակվեց նաեւ «Արդարություն» դաշինքի, «Ազգային միաբանության», Հայաստանի կոմունիստական կուսակցության միացյալ հայտարարությունը։ Դրա ոգին ու տառը նույն են, ինչ նախորդ հայտարարություններինըՙ «Իշխանությունների գործողությունները օրենքից դուրս են եւ իրականում ուղղված են երկրում բռնապետության հաստատմանը, այլ ոչ թե երկխոսության միջոցով հանրապետությունում առկա քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը»։ «Արդարություն» խմբակցության անդամ Թաթուլ Մանասերյանը ներկա իշխանությունների անօրինականությունը մասնավորեցրեց տնտեսական ասպարեզումՙ բերելով իշխանությունների ներկայացրածին հակոտնյա փաստեր։ «Ներկա իշխանությունները պիտի պատասխան տան նաեւ տնտեսական հանցագործությունների համար։ Տնտեսական աճ չի կարող լինել մի երկրում, ուր տնտեսությունը քրեածին է, եւ ապացույցներից մեկը ԱԺ վերահսկիչ պալատի հաշվետվությունն էր։ Մի երկրում, ուր պետբյուջեն իր դեֆիցիտով աճող կախվածության մեջ է արտաքին աղբյուրներից, քանի որ ներքին սնող աղբյուր չկա», վկայաբերումներ արեց նա։