Հոբելյանական հոդվածի ժանրը միշտ էլ պատասխանատու է, մանավանդ եթե հասցեագրված է այն անձնավորությանը, որն իր գործունեության քառորդ դարում այդպես էլ չի արժանացել անձամբ իրեն նվիրված հոդվածի։ Բայց այդ անձնավորությունն առանձնահատուկ է, ունի բարեշնորհ ձեռքեր, որոնք մարդկանց ստիպում են «գովերգել». այսպես է թարգմանվում cantare-ն։
Խոսքը երգչախմբի դիրիժոր Հարություն Թոփիկյանի մասին է, որի ինքնուրույն ստեղծագործական ուղին սկսվեց 1979 թ.ՙ Երեւանի կոնսերվատորիան մասնագիտական գծով Լիդիա Չունգուրյանի մոտ ավարտելուց 5 տարի անց։ Երգչախմբի վահանակի մոտ անցկացված 25 տարիները ծայրաստիճան հագեցած էին. տեղեկությունն ինքնին տպավորիչ է։ Օրինակ, կամերային 3 երգչախմբերի կազմակերպման ու ղեկավարման փաստը։ Առաջինՙ Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության կամերային երգչախումբը դարձավ Հայաստանի կոմերիտմիության մրցանակի դափնեկիր (1983 թ., Թոփիկյանն առանձին ստացավ մրցանակը), երկրորդՙ Երեւանի համալսարանի կամերային երգչախումբն արժանացավ խորհրդային բուհերի սիրողական երգչախմբերի համամիութենական մրցույթի առաջին մրցանակին եւ լիտվական ժողովրդական երգի լավագույն կատարման հատուկ մրցանակին (1987 թ., Կաունաս), իսկ երրորդՙ Երեւանի կամերային երգչախումբը մաեստրո Ռիկարդո Մուտիի կողմից ընտրվեց Երեւանում Միլանի «Լա Սկալա» թատրոնին առընթեր գործող սիմֆոնիկ նվագախմբի եւ երգչախմբի հետ ելույթ ունենալու համար (2001 թ.)։
Պերճախոս էր նաեւ «Մելոդիա» (Մոսկվա), Golden Age (ԱՄՆ), Polygran MDC (Գերմանիա), Ural Electron Plant (Եկատերինբուրգ) ֆիրմաների հետ համագործակցությամբ 9 սկավառակների թողարկման փաստը։ 2000 թ. «Կոմիտաս վարդապետ» սկավառակի համար երգչախումբը Կալիֆոռնիայից ստացավ Armenian World Music մրցանակ։
Հայաստանը մոնոդիկ մշակույթի երկիր է, սակայն երգչախմբային դիրիժորի մասնագիտությունն այստեղ զուտ ազգային է։ Հայ դասականները, սկսած Եկմալյանից եւ Կոմիտասիցՙ մոնոդիայի բազմաձայն իմաստավորման առաջին կերտողներից, որպես երկրորդ մասնագիտություն ընտրում էին խմբերգային համերգային գործունեությունը։ Հայաստանն աշխարհին նվիրել է եւ շարունակում է նվիրել հիանալի խմբավարներիՙ ազգային մշակույթ կրողների։ Հարություն Թոփիկյանը նրանցից մեկն է։
Հայաստանի ռադիոյի եւ հեռուստատեսության կամերային երգչախմբի 5-ամյա ղեկավարումն անցել է ստեղծագործական ակտիվ գործունեության նշանաբանով։ Կոլեկտիվն արագորեն ձեռք բերեց ժողովրդականությունՙ երեւանյան համերգներից բացի հանդես գալով Մոսկվայում, Բուդապեշտում եւ Սեկեշֆեհերվարում, Թբիլիսիում (1981 թ. այստեղ Երեւանի կամերային նվագախումբը, Զավեն Վարդանյանի ղեկավարությամբ, կատարեց Երվանդ Երկանյանի «Գիրք Ծննդոցը»), Սամարղանդում (1982 թ., արեւելյան երաժշտության միջազգային փառատոն), Տալլինում (1983 թ. համամիութենական երաժշտական փառատոն, որտեղ երգչախումբը ներկայացրեց Անդրկովկասի կոմպոզիտորների երաժշտությունը)։ Կոլեկտիվին առանձնահատուկ կարգավիճակ էր տալիս խմբերգային երաժշտության վարպետ, կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանի գեղարվեստական ղեկավարումը, որի հայկական ժողովրդական երգերի մշակումները լույս տեսան 2 ձայնապնակով։
Հայկական ռադիոյի ֆոնդում ստեղծագործությունների ձայնագրումները, դրանց մի մասը պարունակող առանձին ձայնապնակների թողարկումը, ինչպես նաեւ Ե. Երկանյանի «Մոկաց Միրզա» ֆոլկ-օպերայի ձայնագրումը ցուցադրեցին դիրիժորական քաղաքականության հիմնական ուղղվածությունը. ազգային երաժշտության քարոզչություն, որտեղ առաջատար տեղ զբաղեցրեց Կոմիտասի երաժշտությունը։ Պետք է ասել, որ Թոփիկյանը Երեւանի կամերային երգչախմբի ուժերով կատարել է Կոմիտասի 147 երկ, այդ թվումՙ առաջին անգամ Կոմիտասի հոգեւոր ստեղծագործությունները, որոնք թողարկված են երկերի ժողովածուի 8-րդ հատորում։
Այդ երգչախմբի ղեկավարումն սկսվում է 1994 թ., բայց արդեն 1984 թ., երբ Թոփիկյանն ուսանողներից կազմեց համալսարանի երգչախումբ, նրա ծրագրում Բախից, Հենդելից, Վերդիից, Պուլենկից, Է. Հովհաննիսյանից, Տ. Մանսուրյանից բացի, մշտապես հնչում էր Կոմիտասը։ Հատկանշական է, որ այդ կոլեկտիվի հետ իրականացվեց Կոմիտասի մոտ 30 խմբերգերի առաջին կատարումը։ 1989 թ. Հայաստանի մեծ զավակի 120-ամյակին նվիրված համերգի ժամանակ Երեւանի կամերային երաժշտության տանը, որտեղ ներածական խոսքով հանդես եկավ հայտնի կոմիտասագետ, պրոֆեսոր Ռոբերտ Աթայանը, համալսարանի երգչախմբին Կոմիտաս երգելու պատիվ ընձեռվեց։ Ճիշտ է, մինչ այդ երգչախումբը դարձել էր Լիտվայում անցկացված 19 սիրողական երգչախմբերի մրցույթի դափնեկիր։
Երգչախմբի եւ դիրիժորի կենսագրության մեջ կարեւոր իրադարձություն եղավ մասնակցությունը 1991 թ. Տալլինի համահավաք երգչախմբի կազմում (տարբեր երկրների 20 հազար մարդ) «Երգի կամուրջներ» միջազգային փառատոնին, որտեղ Թոփիկյանի ղեկավարությամբ հնչեց Կոմիտասի «Օրհներգը»։ Ինքըՙ Թոփիկյանը, 1989-91 թթ. ԽՍՀՄ-ի եւ ԱՄՆ-ի մշակութային կամուրջ համարված փառատոնի կազմկոմիտեի մեջ էր։
1991-94 թթ. Թոփիկյանն աշխատանքի մեկնեց Բեյրութՙ աշխատելով Համազգային մշակութային կենտրոնի «Գուսան» կամերային երգչախմբի հետ, որն ստեղծել էր Բարսեղ Կանաչյանը։ Թոփիկյանը Կանաչյանի 18 խմբերգեր ձայնագրեց առանձին ձայնապնակով։ Կուտակված փորձը եւ սեփական երգչախումբ ստեղծելու ցանկությունը Հարությունյանին վերադարձրին հայրենիք։
Երեւանի կամերային երգչախմբի առաջին համերգը կայացավ 1996 թ. հունիսի 20-ին։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի հետ 1-ամյա պայմանագիր կնքվեց Կոմիտասի երկերի կատարման վերաբերյալ։ Պայմանագիրը երկարաձգվեց, հետագայում կնքվեց նոր պայմանագիր։ Արդյունքն ակնհայտ դարձավ. անցած տարիներին Երեւանի կամերային երգչախումբը դարձավ հայ երաժշտարվեստի այցեքարտերից մեկը։
Կոլեկտիվ կազմելով պրոֆեսիոնալ երաժիշտներից, Թոփիկյանը մանրակրկիտ հղկել է խմբերգային երգեցողությունը, ձայների հնչման զուլալությունը եւ համակշռվածությունըՙ հասնելով իրոք եվրոպական կատարողական մակարդակի, որը 1997 թ. դրսեւորվեց մի քանի տասնամյակ գոյություն ունեցող Ռավեննայի խոշորագույն երաժշտական փառատոնում։ Երեւանյան երգչախումբը հանդես եկավ երկու ծրագրով։ Առաջինը Եկմալյանի պատարագն էր Սբ. Ապոլինարե եկեղեցում, որտեղ անցկացվում էր հայկական հաղորդության ժամերգություն (քարոզը կարդացվում էր հայերեն եւ իտալերեն)։ Երկրորդ ելույթը տեղի ունեցավ Սբ. Վիտալի բազիլիկում։ Բացի Կոմիտասի «Պատարագի» հատվածներից, այստեղ կայացավ Տիգրան Մանսուրյանի «Ars Poetica»-ի պրեմիերան (խոսք Ե. Չարենցի)։ Ռավեննայի հաջողությունն ապահովեց երեւանյան երգչախմբի ելույթը 2001 թ. հունիսին Ռ. Մուտիի դիրիժորությամբ։ Կատարելով Վերդիի Stabat Mater-ը եւ Te Deum-ը, երգչախումբն ամրապնդեց ինչպես հոգեւոր կողմնորոշում ունեցող, այնպես էլ երաժշտության հոգեւոր էության հաղթանակի ու վեհության բացահայտմանը ձգտող կոլեկտիվի իր համբավը։
Այլ փառատոների թվում (նշենք Նորվեգիայի Բերգեն քաղաքը, որտեղ 1999 թ. առաջին անգամ կատարվեց Մանսուրյանի «Հավատով խոստովանիմը» նշանավոր ալտահարուհի Կիմ Քաշքաշյանի եւ սաքսոֆոնահար Յան Գարբարեկի մասնակցությամբ, կամ հաղթական ելույթները «Սանկտ Պետերբուրգի պալատները» (2003) եւ Մոսկվայի «Զատկի» (2004) փառատոներում) անդրադառնանք Գերմանիայի հետ շփումներին։
Առաջին անգամ դա տեղի ունեցավ 1998 թ. (Բոնն, Մագդեբուրգ, Հալլե, Վիտտենբերգ) Հայաստանի մշակույթի օրերի ժամանակ, ապա 2000 թ.ՙ Հալլեի երաժշտական շաբաթվա ընթացքում, որտեղ Թոփիկյանի երգչախումբը գերմանացի հոբոյահարների եւ ասմունքողների հետ համատեղ իրականացրեց Թոմաս Բուխոլցի «Ողբք Հայաստանի» կանտատի կատարումը։ Պահպանելով բազմաձայն սոնորային գրելաձեւի ոճական հետեւողականությունը, Երեւանի երգչախումբը հասնում է միասնական բյուրեղային հնչողության։ Դիրիժորի հստակ շարժմունքը, որն առանց չափազանցման եւ հուզական ճնշվածության ուշադրությունը բեւեռում է բացառապես երգեցողության վրա, միշտ բացահայտում է ստեղծագործության լավագույն կողմերը։ Եվ Յ. Լեփսիուսի արխիվում Հայոց ցեղասպանությանն առնչվող տեքստերի վրա հիմնված Բուխոլցի կանտատի կատարումը մայրաքաղաքի եկեղեցում վկայում է մշակութային համագործակցության հնարավորությունների մասին։
Դրա շարունակությունը կարելի է համարել 2001-2002 թթ. Երեւանում, Գյումրիում, Էջմիածնում եւ ապա Բոննում, Մայնի Ֆրանկֆուրտում երեւանյան ու գերմանական (Frankfurter Kantorei) երգչախմբերի համատեղ ելույթները, երբ Ֆ. Մենդելսոնից բացի, կատարվեց Տ. Մանսուրյանի «Տեր Աստված ամենայնի» երկլեզու մոտետը։
Մեկ հոդվածում անհնար է ընդգրկել այն ամենը, ինչ արել է երգչախումբը Հ. Թոփիկյանի խանդավառության շնորհիվ։ Աշխատանքը խթանում է հոգեւոր ժանրերի ասպարեզում (ըստ Սուրբ Գրքի, Նարեկացու, Շնորհալու եւ այլոց տեքստերի) հայ կոմպոզիտորների նոր երկերի ստեղծումը։ Երեւանի կամերային երգչախումբն այժմ նոր ծրագրերի շեմին է, թեեւ ավարտվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի ֆինանսավորման ժամկետը։ Բայց երգչախումբը կանգնած չէ լինել-չլինելու երկընտրանքի առջեւ։ Դրա պատասխանը տալիս է երաժշտության հերկված արտը, որի պտուղները քաղում է սերմնացանըՙ Հարություն Թոփիկյանը։
ՍՎԵՏԼԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ, Արվեստագիտության դոկտոր