ՌԱՖԱՅԵԼ ՊԱՊԱՅԱՆ
ՀՀ Սահմանադրական դատարանի եւ Հոգեւոր գերագույն խորհրդի անդամ, իրավագիտության դոկտոր
Շարունակվում է սոցիալական քարտերի համակարգի ներմուծումը Հայաստանում։ Ապշեցուցիչ է այս ողջ գործընթացում որեւէ իրավական կամ բարոյական զսպանակների անտեսումը, շատ թե քիչ համոզիչ բացատրությունների կամ փաստարկների բացակայությունը, պարզունակ պարտադրանքի, սպառնալիքների գերակայությունը, խաբեությունների երկար շարքը։ Չարաբաստիկ երեք վեցյակների չարչրկված հարցն առանձնակի է. սոցապ. նախարարությունը բազմիցս պաշտոնապես բարձրաձայնել է, որ դրանք վերացվել են, որ լուծված են եկեղեցու առաջարկած բոլոր խնդիրները, եւ միայն վերջերս Ռուսաստանից եկած վերծանությունից է պարզվում, որ այնուհանդերձ վեցյակները կան, այն էլՙ անփոփոխ։ Եթե իրոք այդպես է, ստիպված պիտի ավելացնեմ, որ չզլացան նաեւ մայր եկեղեցուն խաբել։
Վստահության լիմիտը սպառված լինելու պայմաններում ամենաճիշտն է ընդհանրապես հրաժարվել բոլոր առումներով վարկաբեկված այս համակարգից։ Սակայն վերոշարադրյալ համառությունն ու ներմուծման մեթոդների անխտրականությունը հուշում է, որ թերեւս անհավանական է ակնկալել, որ կհաջողվի այդքան շահագրգիռ ներմուծողներին պարտադրել այդ քայլը։ Դա նշանակում է, որ համակարգը վերացնելու ուղղությամբ ջանքերին զուգահեռ պետք է առաջարկել օրենքում այնպիսի փոփոխություններ, որոնք կվերացնեն հասարակության արդարացի դիմակայությունն առաջացնող բազմաթիվ անհեթեթություններ, վտանգներ, հակաիրավական նորմեր։
Հոգեւոր խնդիրներ
Շարունակելով մնալ այն կարծիքին, որ սխալ է Հայ եկեղեցու միջամտությամբ կատարված փոփոխությունները համարել ձեւական եւ էականապես ոչինչ չփոխող, կարեւորելով, որ այլեւս օրենքով է համարը վերահասցեագրվել անձիցՙ փաստաթղթին, որ որոշ չափով ճշգրտվեց քարտերի կիրառման ոլորտը եւ վերացվեց անսահմանություն թաքցնող ձեւակերպումըՙ քարտերը «այլ պետական եւ ոչ պետական ծրագրեր իրականացնելիս» կիրառելու առումով, այնուհանդերձ, կուզեի տարբերակել «հոգեւոր խնդիր» հասկացության երկու հարթություն. մեկըՙ անձի հոգու վտանգումն է, երկրորդըՙ երկրի հոգեւոր այլակերպումը։ Այն, որ, ըստ իս, վերացվել է այս երկու վտանգներից առաջինը, չի նշանակում, որ վերացվել է նաեւ երկրորդը։ Պնդում եմ, որ անաստված երկրում ապրող քրիստոնյան էլ է պահպանում իր աստվածապատկան էությունը, եւ չի կարող կասկածի տակ դրվել այն շատերի հոգու փրկությունը, որոնք ապրեցին մարտնչող աթեիստական երկրում կամ համակենտրոնացման ճամբարներում։ Անգամ եթե շտրիխ-կոդում իրոք առկա է նեռի թիվը, դա ոչ թե քարտի անտեղյակ սեփականատիրոջ հոգու խնդիր է, այլ համակարգում այդ թիվը ներդնելու հանդգնություն ունեցող ծառայությունների, ուժերի, անձերի հոգու փրկության հարց։
Այնուամենայնիվ, կարծիքը, թե սպառնալիքը քարտ ստացողի հոգուն վերացել է, ի՛մն է, եւ այս առումով կարող եմ կրկնել այն, ինչ ասել էի հարցին վերաբերող իմ առաջին հոդվածում. կարեւոր չէ, թե ի՞նչ է կարծում Սինոդը կամ աշխարհիկ իշխանությունը, նախարարը կամ ես, քանի որ սա յուրաքանչյուրի համոզմունքի խնդիր է։ Ակնհայտ է, որ համակարգը գործելու նախաշեմին երկրի բնակչության մի ստվար զանգված մնաց իր այն համոզմունքին, որ անվճար քարտի դիմաց նա վճարելու է իր հոգու փրկությամբ։ Ապրուստի միջոցներից զրկելու սպառնալիքով այս անձանց քարտերի պարտադրումըՙ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածում ամրագրված խղճի եւ համոզմունքի ազատության կոպիտ ոտնահարում է, նաեւ մարդուն իր կարծիքից հրաժարվելու հարկադրանք, ինչը արգելված է սահմանադրության 24-րդ հոդվածով։
«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում պետք էՙ
1. ամրագրվի, որ քարտի ձեւավորման, կիրառման ընթացքում, ծրագրային «բանալիներում» (շտրիխ-կոդում) արգելվում է որեւէ կրոնական խորհրդաբանության օգտագործումը.
2. փոխվի քարտի համարի ձեւավորման եղանակը, համարում ներառվող անհատական տվյալների թվային արտահայտությունները փոխարինվեն քարտերի պարզ հերթական համարով (սա նաեւ ԵԽ փորձագիտական հանձնախմբի պահանջն է).
3. եթե ինչ-ինչ պատճառներով անհնարին է լիովին փոխել քարտերի համարակալման գործող եղանակը (իսկ դա անհնարին չէ), ապաՙ
ա) օրենքը սահմանելու է քարտի համարակալման երկու եղանակ, մեկըՙ գործողը, մյուսըՙ քարտի հերթական համարի կիրառումով.
բ) քաղաքացուն հնարավորություն է ընձեռվելու հայտում նշել երկու եղանակներից այն, որը համահունչ է իր կրոնական կամ այլ համոզմունքներին. այս իրավունքը չի լինելու «միանվագ», եղանակը փոխելու պահանջ կարող է ներկայացնել նաեւ արդեն քարտի տեր դարձած անձը, հայտարարելով, որ իր քարտի համարակալման եղանակն այլեւս համահունչ չէ իր կրոնական կամ այլ համոզմունքներին.
գ) արձանագրվելու է, որ քաղաքացու այս պահանջը ենթակա է պարտադիր կատարման, առանց որեւէ այլ հիմնավորումներ պահանջելու։
Չարաշահումների եւ խաբեությունների արգելակում
Օրենքն ինքն է հաշվարկած չարաշահումների եւ խաբեությունների վրաՙ որպես կիրարկման միջոց։
Չարաշահումները բացառելու համար անհրաժեշտ է.
1. 5-րդ հոդվածում շարադրել բուն նպատակը, որը լինելու է. անձի սոցիալական ապահովության համար անհրաժեշտ նրա անհատական տվյալների ճշգրտության ապահովումըՙ անձի նույնականացման (իդենտիֆիկացիայի) միջոցով։ Մնացյալը, որ շարադրված է այս հոդվածումՙ «տեղեկատվության փոխանցման գործընթացների կանոնակարգումը, բարելավումը եւ քաղաքացու անհատական տվյալների գաղտնիության ապահովումը», մոլորության մեջ գցելու համար իրար կցված դատարկ բառեր են, քանի որ օրենքում այս հարցերին որեւէ անդրադարձ չկա։ Տվյալների փոխանցման կարգի հանձնումը գործադիրի քմահաճույքին (հ. 7, մաս 2, հ. 8, մաս 2), պաշտպանության խնդրի փոխանցումը գոյություն չունեցող օրենքին (հ. 8, մաս 3)ՙ ո՛չ կարգավորում է, ո՛չ էլ գաղտնիություն ապահովում։
2. Իրավական գրագետ տեսքի բերել հիշյալ 13-րդ հոդվածը. եթե հոդվածի 1-ին մասով «քաղաքացին իրավունք ունի ստանալու սոցիալական քարտ», այսինքն կարող է ստանալ կամ չստանալ, ի՞նչ տրամաբանությամբ է, որ նույն հոդվածի 2-րդ մասով նույն «քաղաքացին պարտավոր է իր սոցիալական քարտը ներկայացնել» ինչ-որ մեկին։
3. Առանձին հոդվածով ներկայացնել հասկացությունների ցանկն ու իմաստը։ Օրենքում նշված է, որ քարտին առնչվող անհատական տվյալներն ենՙ քաղաքացու անուն-ազգանուն-հայրանունը, սեռը, ծննդյան տվյալներն ու անձը հաստատող փաստաթղթի համարը, առանց զանազանելու այսՙ ընդամենը քարտ ստանալու համար անհրաժեշտ տվյալներն այն անհատական տվյալներից, որոնք հետո են կուտակվելու քարտի համարի տակ։ Ենթադրելի է, որ սոցիալական քարտի համարի տակ կուտակվող անհատական տվյալների իմաստը «Անհատական տվյալների մասին» օրենքի 3-րդ հոդվածով սահմանածն է. «Ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ»։ «Սոցիալական քարտերի ապահովության մասին» օրենքի ձեւակերպմամբ («սոցիալական քարտերի տեղեկատվական բազանՙ սոցիալական քարտ ստացած քաղաքացիների անհատական տվյալների ամբողջությունն է» - հ. 6) հաստատվում է, որ իրոք սոցիալական քարտերի համարների տակ հավաքվելու է հենց այն, ինչ նկատի ունի «Անհատական տվյալների մասին» օրենքը։ Ձեւակերպումը պիտի հիմնովին վերափոխվի, արձանագրելով, որ սույն օրենքում հիշյալ տերմինը նշանակում է բացառապես այն տվյալները, որոնք կոնկրետ քաղաքացու կոնկրետ սոցիալական խնդիրը լուծելու համար անհրաժեշտ են այդ խնդիրը լուծող կոնկրետ մարմնին։ Անթույլատրելի է եւ չափազանց վտանգավոր «Սոցիալական քարտերի ապահովության մասին» օրենքում «անհատական տվյալներ» տերմինի բովանդակությունը կապել «Անհատական տվյալների մասին» օրենքում ամրագրված իմաստի հետ։
4. Օրենքում հատուկ կետով սահմանել, որ արգելվում է. ա) քարտի համարը դիտարկել կամ օգտագործել որպես անձի անհատական համար (ներառյալՙ որպես այդպիսին դրա ֆիքսումն անձնագրում), բ) այդ համարի տակ հավաքել որեւէ այլ տեղեկություն, որն անհրաժեշտ չէ անձի սոցիալական խնդիրների լուծման համար։
5. Որպես սույն օրենքի սուբյեկտներ դիտարկել միայն այն անձանց, ովքեր գտնվում են պետության հետ ֆինանսական հարաբերություններում։ Ասել է թեՙ իր որդու խնամքի տակ գտնվող ծերուկը, կամ աշխատատեղերի հայտնի «դեֆիցիտի» պատճառով չաշխատող ու ծնողների միջոցներով ապրող երիտասարդը, այսինքնՙ այն չափահասները, ովքեր որեւէ ֆինանսական խնդիր չունեն պետության հետ, չունեն նաեւ քարտ ստանալու պարտավորություն։ Անչափահասը կարող է ստանալ քարտ այն տարիքից, որը լրանալուց հետո ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է նրա ընդգրկումը վարձու աշխատանքումՙ այդպիսի իրական ընդգրկման պահից։
Կիրառման ոլորտներ
1. Այո, օրենքում ճշգրտվել է ոլորտը, վերացվել է դավադիր «այլ պետական եւ ոչ պետական ծրագրեր» հիշատակող կետը, սակայն ակնհայտ է, որ օրենքը դուրս է գալիս սոցիալական խնդիրների շրջանակներից եւ ընդգրկում է քաղաքացի-պետություն հարաբերությունների ավելի լայն դաշտ, որի մասնատվելու կարիքը, դեռ առկա է։ Կարեւոր է նախատեսել առանձին-առանձինՙ հարկատուի քարտ, թոշակառուի քարտ եւ այլնՙ իրարից տարբերվող համարներով, եւ եթե դրան դիմադրում են սոսկ ֆինանսական միջոցների սղության պատճառով, վստահ եմ, որ բնակչությունը կողջունի այդ քայլը նույնիսկ քարտը վճարովի դառնալու պայմանով։
2. Անհրաժեշտ է օրենքով բացառել տվյալների կենտրոնացումը մեկ տեղում, սահմանել, որ յուրաքանչյուր մարմինՙ աշխատավարձ հատկացնող, թոշակ նշանակող թե նպաստ հատկացնող, իրավասու է հավաքել միայն այն տեղեկությունը քաղաքացու մասին, որն անհրաժեշտ է այդ մարմնի իրականացրած սոցիալական ծառայությունն իրագործելու համար։ Պետք է հստակ եւ սպառիչ թվարկել, թե ո՞ր դեպքերում է թույլատրելի այս մարմինների միջեւ տեղեկատվության փոխանակումը։
3. Պետք է բացառել քարտի պարտադրանքըՙ բանկում հաշիվ բացելիս, եւ եթե այդքան անխուսափելի է այս բնագավառում քարտային համակարգի ներմուծումը, այն պիտի կարգավորվի այլ օրենքով, ուր նախատեսվելու են «Բանկային գաղտնիքի մասին» օրենքի պահանջների կատարումը երաշխավորող նորմեր։
4. Օրենքից վերացվելու է ցանկացած անհասկանալի ձեւակերպում, մասնավորապես, օր., 11-րդ հոդվածի 1 մասի 5-րդ կետը, որով սահմանվում է քարտի կիրառման եւս մի մշուշոտ ոլորտ. «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական եւ համայնքային ենթակայության կազմակերպությունների թղթային ու ինքնաշխատ տեղեկատվական բազաները վարելիս»։
Տվյալների պահպանությունն ու պաշտպանությունը
Այս խնդրին պետք է հատկացնել մի ամբողջ գլուխ, որի հոդվածներում պետք է սահմանել, որ.
1. տվյալները պահպանվելու են հատուկ համակարգչում, ինչպես նաեւ այլՙ թղթային կրիչի վրա, ինչը հնարավորություն կտա արագ վերականգնելու քաղաքացու սոցիալական խնդիրների լուծման համար անհրաժեշտ տվյալներըՙ համակարգչային կորուստների դեպքում.
2. արգելվում է տվյալներ պարունակող այդ հատուկ համակարգչի օգտագործումը որեւէ այլ նպատակով, դրա միացումը համակարգչային կամ ինտերնետային ցանցին.
3. այս պահանջների կատարումը վերահսկելու նպատակով հիմնվում է հատուկ վերահսկիչ մարմինՙ անկախության լայն օրենսդրական երաշխիքներով։ Այս մարմինը գործելու է հրապարակայնորեն եւ օրենքով պիտի պարտադրված լինի տվյալների պահպանության ու պաշտպանության վիճակը ներկայացնել ՀՀ իշխանության բարձրագույն մարմիններին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանինՙ օրենքով սահմանված պարբերականությամբ, իրավապահ մարմիններին, մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպություններին, ԶԼՄ-ներինՙ համապատասխան պահանջ ներկայացնելու դեպքում, ինչպես նաեւ ցանկացած քաղաքացունՙ իր տվյալների պաշտպանության վիճակի մասին տեղեկանալու ցանկության դեպքում.
4. վերադասության կամ դատական կարգով բողոքարկվել կարող են ոչ միայն սոցիալական քարտին վերաբերող որոշումները (ինչպես գործող օրենքում է), այլ նաեւ իրավասու մարմինների, պաշտոնյաներիՙ օրենքով չնախատեսված կամ արգելված ցանկացած գործողություն։
Մինչ խորհրդարանի արձակուրդը մնում է մեկ եռօրյա, որից հետո գալու է հուլիսի 1-ը։ Ակնհայտ է, որ մեծ ցանկության դեպքում էլ այս փոփոխությունները չեն կարող ընդունվել մինչ այս ժամկետը, որից հետո մեր հայրենակիցներից շատերը զրկվելու են ապրուստի նույնիսկ այսօրվա կցկտուր միջոցներից։ Ուստի ներկայումս ամենաճիշտ քայլը կլիներՙ ընդունել ընդամենը մեկ փոփոխություն գործող օրենքում. փոխել հիշատակված ամսաթիվը, հետաձգելով կիրառման ժամկետը։ Սա հնարավորություն կտա լրջորեն մշակել օրենքը, հաշվի առնելով նաեւ վերոշարադրյալը։ Եթե խորհրդարանը կարողանա հաղթահարել նախարարության ակնկալվող դիմադրությունը եւ նոր օրենքով կամ հինում լրացումների միջոցով ընդունի այս բոլոր կետերը, որոնք իհարկե, սպառիչ չեն, գտնում եմ, որ այժմ տեսանելի հիմնախնդիրները մեծամասամբ կլուծվեն։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն խորհրդարանը չի կարողանում կատարել իր սահմանադրական ֆունկցիանՙ որպես գործադիրի հակակշիռ։