«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#100, 2004-06-02 | #101, 2004-06-03 | #102, 2004-06-04


ԱՊՀ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՔՍԱՎՈՐՆԵՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ

Երեկ տեղի ունեցավ ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը։ Նպատակն էր քննարկել մաքսային վիճակագրության միասնական մեթոդոլոգիայի, մաքսային ձեւակերպման միասնականացման, մաքսային կարգավորման պարզեցման համաձայնագրերի նախագծերը։ Բացի այդ, նիստում քննարկվեցին էներգառեսուրսների ձեւակերպման եւ գնահատման ընթացակարգի պարզեցման եւ մաքսային մարմինների ստեղծած օպերատիվ կառույցի աշխատանքները։ Մասնավորապես, վերջին կառույցի գոյությունը հնարավորություն է տալիս արձանագրելու ԱՊՀ երկրներում տեղափոխվող ապրանքների շարժը։

Նիստի ավարտից հետո Հայաստանի մաքսային պետական կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը եւ Ռուսաստանի մաքսային կոմիտեի նախագահ, ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ Միխայիլ Վանինը պատասխանեցին լրագրողների հարցերին։ Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավարը տեղեկացրեց, որ ԱՊՀ մաքսային ծառայությունները միավորող կառույցը ստեղծվել է 10 տարի առաջ։ Այդ ընթացքում միասնականացվել են մասնակից 12 երկրների մաքսային օրենսդրությունները, ընթացակարգերն ու տեխնոլոգիաները։ Անդրադառնալով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալներին, նա տեղեկացրեց, որ 2003 թ.-ին դրանք աճել են մոտ 36 տոկոսով։ Այդ թվում 34 տոկոսով ավելացել է Հայաստանից հիմնականում սննդամթերքի արտահանումը Ռուսաստան։ Այս տարի նույնպես առկա է ապրանքաշրջանառության ծավալների աճ։ Միխայիլ Վանինը, ներկայացնելով այս ցուցանիշները, այն կարծիքը հայտնեց, որ դրանցում իրենց դերն ունեն նաեւ մաքսային մարմինները։ Այդուհանդերձ, Նա առայժմ բարի ցանկություն համարեց ԱՊՀ միասնական մաքսային մարմնի ստեղծումը։

Արմեն Ավետիսյանն իր հերթին հիշատակեց եւ կարեւորեց Ռուսաստանի աջակցությունը Հայաստանին միջազգային մաքսային միության քաղաքական խորհրդում ընդգրկելու հարցում։

Հայ-վրացական մաքսային խնդիրներն այս նիստում քննարկելու հնարավորության հարցի վերաբերյալ Հայաստանի մաքսային կոմիտեի նախագահն այն կարծիքը հայտնեց, որ դրանք կքննարկվեն երկկողմ հանդիպումների ժամանակ եւ հարկ չկա տեղափոխել ԱՊՀ շրջանակներ։

Վրաստանի մաքսային կոմիտեի նախագահ Գեորգի Գոդաբրելիձեն պատասխանելով հայ լրագրողների հարցերին, հայտնեց, որ իր երկիրն ընդունելու է նոր մաքսային օրենսգիրք եւ Հայաստանի իր գործընկերոջ հետ քննարկելու է դրա հետ առաջացող հարցերը։ Նրա հավաստմամբ, Վրաստանն անընդհատ ձգտում է իջեցնել մաքսատուրքերը, որը կհեշտացնի տարանցիկ տեղափոխումն ու ներմուծումը։ Նա նաեւ տեղեկացրեց, որ մաքսանենգության առումով Հայաստանի հետ սահմանում Վրաստանը լուրջ խնդիրներ չի ունեցել։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4