«Հայկական ակնաբուժական նախագիծ» ամերիկյան բարեգործական կազմակերպությունը, որի առաքելությունը ձեռքբերովի կուրության կանխարգելումն է Հայաստանում եւ Արցախում, իր իսկ ծրագրի շրջանակներում այս տարվա մայիսի 17-ից հունիսի 18-ը Արցախի տարածքում առողջապահության նախարարության հետ համատեղ իրականացնում է աչքի անվճար հետազոտություններ, որոնք անցկացնում են 2 հետազոտող խմբեր։ Մի խումբն աշխատում է Ստեփանակերտումՙ հետազոտելով մայրաքաղաքի, Ասկերանի եւ Շուշիի շրջանների բնակչությանը, երկրորդ խումբը հետազոտություններ է անցկացնում հանրապետության մյուս շրջաններում։ Ընդ որում, դրանք կատարվում են առանց հաճախորդների տարիքային սահմանափակման։
1992 թ. ԱՄՆ-ում հիմնադրված «Հայկական ակնաբուժական նախագիծն» առ այսօր համագործակցում է Երեւանի Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հետ։ Սկզբնական շրջանում դա դրսեւորվում էր միայն տեխնիկականՙ սարքավորումների, դեղորայքի հատկացմամբ, ինչպես նաեւ մասնագիտական օգնությամբ։ Այժմ ընդլայնելով համագործակցության շրջանակներըՙ իրականացնում է նաեւ մասնագետների վերապատրաստում ու ուսուցում։ Նշված ժամանակահատվածում վերապատրաստվել են ավելի քան 100 բժիշկներ։
Ծրագրի հաջորդ փուլում ընդգրկված է նաեւ Արցախը, այսօր ԼՂՀ-ում կան ակնային վիրահատություններ կատարելու հնարավորություններ։ Երկու տարի առաջ աչքի շարժական հիվանդանոց է բերվել Հայաստան, ու գործնական արտահայտություն է ստացել բուժօգնությունների կազմակերպումն արդեն տեղերում, այդ թվումՙ Արցախում։
Անցած օրերին Երեւանի Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տարբեր բաժանմունքների ղեկավար բժիշկների հետ Արցախում էր ՀԱՆ-ի ղեկավար, ամերիկաբնակ պրոֆեսոր Ռոջեր Հովհաննիսյանը։ Նրա հետ ժամանել էին ամերիկացի այլ ակնաբույժներ։ Ռ. Հովհաննիսյանը, որը 5-րդ անգամ էր այցելել Արցախ, գոհունակություն հայտնեց այստեղ ակնաբուժության ոլորտի դրական տեղաշարժի առիթով։ «Գնալով լավանում է իրավիճակը, նույնն ասում են նաեւ ամերիկացի իմ գործընկերները։ Ես տեսնում եմ, որ այստեղի բժիշկները ավելի են հմտանում», նշել է նա։
Ամերիկահայ ակնաբույժի կարծիքով, խնդիր է դրված Արցախում նախ եւ առաջ զարգացնել ակնաբուժական առաջնային օգնությունը, ինչպես նաեւ ստեղծել մասնագետների լայն ցանց։
Դիաբետիկ հիմքով ակնային բարդությունները Արցախում շատ ավելի արտահայտված են, որը պայմանավորված է սթրեսներով, ինչն էլ պատերազմի հետեւանք է։
Նշվեց նաեւ անիրազեկության պատճառով հասարակության անբավարար ուշադրությունը։ Պրոֆեսոր Մալայանի խոսքերով, եթե գլաուկոմայի առումով բնակչության բժշկական գիտելիքների մակարդակը ինչ-որ չափով ձեւավորված էՙ անցյալ ժամանակներից պրոֆիլակտիկ միջոցառումների շնորհիվ, ապա այլ է վիճակը դիաբետիկ հիմքով ակնային հիվանդությունների առումով։ Ակնային պրոբլեմները ավելի հեշտ է ախտորոշել նախնական շրջանում եւ կիրառել ճիշտ բուժում։ Նշելով այս մասինՙ պրոֆ. Մալայանը նկատեց, որ եթե Արցախի հետ իրենց համագործակցության առաջին տարիներին գերակշռում էին աչքի վնասվածքները, հատկապեսՙ ռազմական եւ դրանց հետեւանքները, ապա ներկայումս առավել շատ զգացնել են տալիս անոթային հիվանդությունները, որոնք էլ համարվում են առաջնակի անվերադարձ, ոչ բուժելի կուրության պատճառը։ Պրոֆեսորի խորհրդովՙ հարկ է քառասուն տարեկանից հետո գոնե տարեկան մեկ անգամ այցելել մասնագիտական ախտորոշիչ ծառայություններ, ինչը, դժբախտաբար, չի արվում։
Արցախում գտնվելու ժամանակ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնագետները տնօրենի գլխավորությամբ եւ պրոֆեսոր Ռոջեր Հովհաննիսյանի ու ամերիկացի ակնաբույժների մասնակցությամբ կազմակերպեցին սեմինար Արցախի ակնաբույժների համար։
Քննարկված խնդիրները օգտակար էին այս բնագավառում հետագայում ավելի արդյունավետ գործունեություն ծավալելու համար։
Իսկ ամենալավ գնահատականը տալիս են հենց իրենքՙ հաճախորդները, որոնց կարծիքը ակնաբուժական այս անվճար ծառայությունների մասին բացառապես դրական է։
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ