Տարիներ շարունակ թունոտ հակահայկական հոդվածներ հրատարակելուց հետո թուրքական որոշ թերթեր փոխել են իրենց մարտավարությունըՙ որդեգրելով առավել նուրբ մոտեցումներ։ Ցեղասպանությունը բացահայտորեն ժխտելու փոխարեն նրանք այժմ փորձում են համոզել հայերին, որ «մոռանալով անցյալը նայեն ապագային»։ Նրանք հաշտություն են քարոզում առանց արդարության կամ ճշմարտության հաստատման։
Ավելինՙ նրանք հայերին են երբեմն օգտագործում ցույց տալու համար, որ բոլոր հայերը չեն, որ կառչած են ցեղասպանության ճանաչման մոլուցքից։ «Թրքիշ դեյլի նյուս» թերթի մայիսի 25-ի համարում, օրինակ, Բուրաք Բեքդիլ անունով մի լրագրող վերջերս Հայաստան այցելելուց հետո երկարաշունչ մի հոդված է տպագրել «Ինչու հայերն ու թուրքերը պետք է ի վերջո իրար ձեռք սեղմեն» վերնագրով, որտեղ, աղավաղելով փաստերը, փորձում է նսեմացնել հայերի պահանջատիրությունը։
Նա իր հոդվածում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրն անվանում է «աշխարհում միակ խորհրդանիշը, որը խորապես բաժանում է դարեր շարունակ միմյանց հետ խաղաղ ապրած երկու ժողովուրդներին»։ Բարկացած ձեւանալով շարունակում է հռետորական հարցով. «Դեռ քանի՞ դար հայերն ու թուրքերը պիտի ապրեն մեկ հուշարձանի խորհրդանշական ստվերի ներքո»։
Ամենալկտի ստախոսությամբ նա փորձում է սեպ խրել քրդերի եւ հայերի միջեւ, գրելով. «Հայերը պնդում են, որ 1915-18 թթ. կայսրության հրամանի ներքո քրդերը կոտորեցին Արեւելյան Անատոլիայում ապրող 1,5 մլն հայերի»։ Ընդունելով, որ որոշ քրդեր համագործակցել են թուրքերի հետ այդ ժամանակ, ոչ մի խելամիտ անձնավորություն չի կարող պնդել, թե նրանք են իրագործել Հայոց ցեղասպանությունը, մինչ թուրքերն անմեղ դիտորդի դերում են եղել։ Բեքդիլը չի մտածում, որ այդ դեպքում թուրքական կառավարությունն անհապաղ կճանաչեր «քրդերի կատարած հայերի ցեղասպանությունը»։
Կրկնելով արդեն շատ ծամծմված հանգերգը, որ հայերը «հարյուր հազարավոր թուրքերի են սպանել», մինչդեռ ընդամենը «մի քանի հազար հայեր են սպանվել սովից, հիվանդություններից եւ ցրտից», նա կոկորդիլոսի արցունքներ է թափում ափսոսալով, որ «2004 թ. այդ երկու ժողովուրդները, որոնք մի ժամանակ համերաշխ են եղել, միմյանց դատապարտում են ցեղասպանության մեջ, որն իբր 90 տարի առաջ է կատարվել եւ կանգնած են հավիտենական փակուղու առաջ»։
Բեքդիլը կարծես անտեղյակ է նաեւ թուրքական պատմությունից, քանի որ այսպիսի հիմար հարց է տալիս. «Արդյոք որեւէ հայ հետաքրքրվե՞լ է, թե 1915-18 թթ. քանի թուրք էր ապրում Արեւելյան Անատոլիայում, եւ եթե պատահաբար մի քանի հոգի, այնուամենայնիվ, եղել են, արդյոք ֆիզիկապես նրանք կարո՞ղ էին 700 հազարից 1,5 մլն հայերի սպանել»։
Նա առաջ է քաշում անհիմն պնդումը, թե սփյուռքը Հայաստանի կառավարությանն է թելադրում իր կարծր դիրքորոշումը։ «Հայաստանը պետք է կարողանա նրբագույն հավասարակշռություն պահպանել իրականության եւ սփյուռքահայ ներդնողների պահանջների միջեւ», գրում է նա։ «Սփյուռքահայերն են, որ իրենց գոյության հիմնախնդիրներն են դարձրել ցեղասպանությունը։ Նրանք հավատում են, որ իրենք պետք է ներկայացնեն ամբողջ հայ ժողովրդին։ Չէ՞ որ նրանք են ֆինանսապես պահում Հայաստանը»։ Բեքդիլը մոռանում է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցեղասպանության ճանաչումն ընդգրկել է երկրի արտաքին քաղաքականության օրակարգում։
Այնուհետեւ նա ազգակցական կապ չունեցող երկու Աթինիզյանների է վկայակոչում։ Մեկըՙ Երեւանից, մյուսըՙ Բոստոնից։
Նշան Աթինիզյանը Բոստոնից («Արմենիա-Մարիոտ» հյուրանոցի գլխավոր ներդնողներից), ըստ Բեքդիլի, գտնում է, որ «հիմարություն կլիներ, եթե հայերն ու թուրքերն ընդմիշտ թշնամանք տածեին միմյանց հանդեպ։ Պատմաբանների գործն է պարզել, թե ինչ է կատարվել 90 տարի առաջ։ Ինձ համար միեւնույն է, թե ով կճանաչի ցեղասպանությունըՙ ամերիկացինե՞րը, թե՞ ֆրանսիացիները։ Դա հայերի եւ թուրքերի միջեւ ծագած խնդիր է։ Էլ ի՞նչ կարող եմ թուրքերից պահանջել, եթե նրանք բացել են իրենց արխիվները մեզ համար, որպեսզի գտնենք մեր արմատները»։
Շաբաթվա ընթացքում հանդիպելով ինձ, Աթինիզյանը հավաստիացրեց, որ իրեն վերագրված խոսքերի մեծամասնությունը սխալ է։ Նա զայրացած ասաց, թե Բեքդիլին գրելու եւ պահանջելու է, որ հերքում գրի եւ ներողություն խնդրի։ Նա ասաց, որ «Մարիոտ» հյուրանոցի դրսի սրճարանում է հանդիպել թուրք լրագրողին եւ խոսակցությունն ընթացել է թուրք-հայկական սահմանի հնարավոր բացման հետեւանքների շուրջ։
Բեքդիլի երկրորդ Աթինիզյանը Երեւանից Դավիթն է, որն իբր բոլոր «տեղացի հայերի» նման կարծում է, որ. ա) ժամանակավրեպ է 21-րդ դարում թշնամանք սերմանել միմյանց սերունդների մեջ, բ) ցեղասպանությունը ծրագրել էին օսմանցիները եւ իրագործելՙ քրդերը, գ) դա պատահեց, որովհետեւ ռուսները հայերին դրդեցին ապստամբելու Օսմանյան կայսրության դեմ, դ) 1915-18 թթ. հայկական վայրագությունների հետեւանքով կոտորվեցին մոտ 350 հազար թուրքեր, ե) ժամանակակից Թուրքիան չի կարող պատասխանատու համարվել ցեղասպանության համար, զ) անիրական է եւ միջազգային օրենքներին հակասող, պատկերացնել, որ Արեւելյան Անատոլիայի որեւէ մասը կարող է պատկանել Հայաստանին։
Նա երկու Աթինիզյաններին էլ բնորոշում է որպես «ռեալիստների»։ Նշանը, որը ներկա է եղել Դավթի զրույցին Բեքդիլի հետ, պնդում է, որ Դավիթն այդպիսի խոսքեր չի ասել լրագրողներին։
Հուսով եմ, Նշանն ու Դավիթը, ինչպես նաեւ բոլոր հայերն արժեքավոր դասեր կքաղեն այս բոլորից եւ այսուհետեւ չեն համաձայնի հարցազրույցներ տալ թուրք լրագրողներին, որովհետեւ աղավաղված տեղեկությունների տպագրությունից հետո չափազանց դժվար է, նույնիսկ անհնարին, ապացուցել, որ քեզ վերագրվող խոսքերը սխալ են։ Երկու Աթինիզյանները պարտավոր են անել ամեն հնարավոր բան, որ համայն աշխարհի հայերն իմանան, թե նրանք այդպիսի խոսքեր չեն ասել։
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ, «Կալիֆոռնիա կուրիեր»