Երեկ խորհրդարանում ամփոփվեցին 2003 թ. պետական բյուջեի հաշվետվությունների քննարկումները
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գնահատականն այսպիսին էր. «Անցած տարին մեզ համար աննախադեպ էր ե՛ւ տնտեսական աճի, ե՛ւ առեւտրային դեֆիցիտի կրճատման առումով։ Չնայած դրսի վարկերի մոտ 80 մլն-ով աճին, համախառն ներքին արդյունքում նրանց տոկոսն անցած տարվա 43,3 տոկոսից իջավ 39,3 տոկոսի։ Եվ մուտքերի, եւ ծախսային մասերը կատարվել են 100 տոկոսով»։
Անցած տարին արդյունավետ է եղել պետական պարտքերի մարման տեսանկյունից։ Մարվել է նախորդ տարիների ընթացքում կուտակված 1,2 մլրդ դրամի պարտքը։ Եվ այսօր հանրապետությունը չունի ոչ մի ժամկետանց պարտք նաեւ արտաքին աղբյուրներին, ավելինՙ ընդհանուր հաշվարկով 32 մլն դրամի ազատ մնացորդ է շահել։ Նախարարի համոզմամբ, 2000 թ. համեմատ բավականին բարելավվել է նաեւ, այսպես ասած, հակակոռուպցիոն մթնոլորտը։ Պետական ապարատի ընթացակարգում կրճատվել են կոռուպցիայի համար բարերար հող ստեղծող միջոցառումները, մասնավորապես չինովնիկների շփումները բնակչության հետ։ Այդ համատեքստում նա նշեց նաեւ լիցենզավորման կադաստրային գրանցումների պարզեցումներըՙ համապատասխանաբար 6 ամսվա ու 45 օրվա փոխարեն դրանց իրականացման ժամկետ է սահմանվել 3 օրը։ Փորձ է արվել թափանցիկ դարձնել մրցույթների անցկացման մեխանիզմները, տնտեսության բոլոր ասպարեզների ծախսային հիմնավորումները։ ՀՀ նախագահի նախաձեռնությամբ կոռուպցիոն նոր մարմնի ստեղծումը Վարդան Խաչատրյանը նոր լծակ է համարում կոռուպցիայի կանխարգելման եւ դրա վերաբերյալ հասարակության մտավախությունները ցրելու համար։ Անկախ այս դաշտը կարգավորելու միջոցառումներից, իրենք ամեն տարի ստվերից պետբյուջե մուտքերի որոշակի քանակ են նախատեսում (13-18 տոկոս)ՙ կապված համախառն ներքին արդյունքի եւ հարկային եկամուտների աճի հետ։ Այդ գումարը տնտեսագիտական հիմնավորմամբ չի գոյանում, պարզապես վարչարարության խստացման միջոցով ստվերից մի հատված ներառվում է բյուջե։
Կ. Դ.