Խորհրդարանի հունիսի 7-10-ը կայանալիք եռօրյա նիստերի օրակարգում կներկայացվեն 22 հարց, 9 միջազգային պայմանագրեր։ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը դրանցից առավել կարեւորեց դիվանագիտական ծառայության ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը։ Առաջին ընթերցման է ներկայացվելու թափոնների օրենքի նախագիծը, ինչի կարիքն այնքան զգում են հատկապես բնապահպանները։ Երկրորդ ընթերցմամբ կքննարկվի քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրենքի նախագիծը։ Հիշեցնենք, որ հոդվածներից մեկը վերաբերում էր ցմահ բանտարկության դատապարտված անձանց իրավունքի վերականգնմանը ազատազրկումից 20 տարի անց։ Պատժամիջոցների համեմատաբար մեղմացված տարբերակներ են առաջարկվում վիրավորանքի եւ զրպարտանքի մասին հոդվածներում։ Այս եռօրյայի օրակարգ են մտել նաեւ արդեն 2 անգամ տապալված նախագծերՙ ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման, ապահովագրության, բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության օրենքների նախագծերը։ Հունիսի 7-10-ի եռօրյան ԱԺ երրորդ գումարման նստաշրջանում վերջինն է։ Արտահերթ նիստեր հրավիրելու անհրաժեշտությունը կորոշի կառավարությունը։
Հնարավոր է, որ հանրահավաքների օրենքը հետագայում բարեփոխվի
Հունիսի 18-19-ը տեղի կունենա Վենետիկի հանձնաժողովի նիստը, ուր քննարկվելու է նաեւ «Հանրահավաքների, երթերի ու ցույցերի մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ հանձնաժողովի փորձագետների եզրակացության նախագիծը։ Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանըՙ հերքելով նախորդ օրը ընդդիմադիրների տարածած այն տեղեկությունը, թե Վենետիկի հանձնաժողովը խիստ բացասաբար է արտահայտվել օրենքի մասին, եւ իշխանությունները թաքցնում են այդ եզրակացությունը հանրությունից։ Փոխնախագահի հավաստմամբ, եթե իսկապես հունիսի 18-19-ին հանձնաժողովը խիստ աննպաստ արտահայտվի օրենքի մասին, ապա հնարավոր է, որ նոր նախագծի մշակմամբ օրենքը հետագայում բարեփոխումների ենթարկվի։
Կ.Դ.