Ֆինլանդիայի Լութերական ավետարանչական եկեղեցու պետ դոկտ. Ժուքա Պաարմայի հրավերով Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը հունիսի 2-ին մեկնել է Ֆինլանդիաՙ էկումենիկ այցով, երեկ հաղորդեցին Մայր աթոռի տեղեկատվական ծառայությունից։ Պաարմա արքեպիսկոպոսի գլխավորությամբ Ֆինլանդիայի Լութերական եկեղեցու պատվիրակությունը 2002 թ. օգոստոսին եղել էր Սբ. Էջմիածնում։
Հնգօրյա այցի ընթացքում Նորին սրբությունը հանդիպումներ է ունենում ինչպես հյուրընկալ եկեղեցու առաջնորդների, այնպես էլ Ֆիննական աստվածաշնչյան ընկերակցության, Ուղղափառության եւ Արեւելաեվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի, Հելսինկիի եւ մի շարք այլ քաղաքների համալսարանների աստվածաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ։ Ծրագրված են Վեհափառ հայրապետի հանդիպումները Ֆինլանդիայի վարչապետ Մաթթի Տանելի Վանհանենի եւ այլ պաշտոնյաների հետ։ Երեկ Գարեգին Բ կաթողիկոսը պատարագ է մատուցել Ուսպենսկու ուղղափառ տաճարում։ Այցի շրջանակներում Վեհափառը հանդիպելու է նաեւ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ։
Նորին սրբությունը Մայր աթոռ Սբ. Էջմիածին կվերադառնա հունիսի 8-ին։