«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2004-06-03 | #102, 2004-06-04 | #103, 2004-06-05


ԼԵԶՎԱԲԱՆՆԵՐՆ ԸՆԴՎԶՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՇԵՆՔԸ ՄԱՅՐ ԱԹՈՌԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԴԵՄ

Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Աճառյանի անվան լեզվաբանության ինստիտուտի շենքը «Հայաստանյայց առաքելական եկեղեցուն նվիրաբերելու» Հայաստանի կառավարության որոշման մասին ակադեմիայի նախագահ Ֆադեյ Սարգսյանը, երկար ժամանակ կրավորական դիրք գրավելուց հետո, մայիսի 25-ին ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գեւորգ Ջահուկյանին գրավոր կարգադրություն է ուղարկել շենքը Մայր աթոռին հանձնելու նախապատրաստական աշխատանքները սկսելու մասին։ Այս կապակցությամբ երեկ ինստիտուտի դահլիճում ասուլիս էին հրավիրել լեզվաբանության ինստիտուտի տնօրեն ԳեՎորգ Ջահուկյանը եւ տնտեսագիտության ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Խոջաբեկյանը։ Նրանց խոսքից հետո ելույթ ունեցան ակադեմիկոսներ, ինստիտուտի աշխատակիցներ, ակադեմիայի նախագահության անդամներ։

Ելույթներն առանձին մեկնաբանելու փոխարեն ավելի լավ է լսենք մեր մեծանուն լեզվաբաններից երկուսի խոսքը.

Գեւորգ Ջահուկյան - Արդեն երկար ժամանակ աղմուկ է բարձրացել այս շենքի շուրջ։ Քանիցս խոսել եմ վեհափառի հետ եւ ասել, որ այս շենքում է հիմնվել Հայաստանի գիտությունների առաջին ակադեմիան, որ հայ ժողովրդի համար սա եղել է գիտության ամենակարեւոր օջախը։ Եվ հանկարծ, հենց այնպես վերցնել ու քանդել չի կարելի։ Մեր ուժերը ներածին չափ աշխատել ենք հնարավոր ամեն ինչ անել հայոց լեզվի զարգացման համար։ 40 տարուց ավելի պահպանել ենք Կաթողիկե մատուռը, որը խորհրդային տարիներին փորձում էին քանդել։ Չգիտեմ ինչու մեր եկեղեցու սպասավորները շատ խիստ են տրամադրված ակադեմիայի եւ նրա սպասավորների դեմ։ Շենքը վեհարան դարձնելու նրանց ապացույցները մեզ շատ թույլ են թվում։ Նրանց ասելով, շենքը սեյսմակայուն չէ, սակայն, փառք աստծո, մեր նկատմամբ աստված ավելի բարեհաճ է, քան մեր եկեղեցու սպասավորները, մինչեւ հիմա մեզ ոչ մի բան չի եղել։ Մնացել ենք այնպես, ինչպես կանք, որովհետեւ մեր ժողովրդի կարեւոր քայլերից մեկը համարում ենք ազգային հնությունները պահպանելը։

Ինձ համար շատ ցավալի է, որ ստիպված եմ պայքարի մեջ մտնել իմ ազգային եկեղեցու ղեկավարի հետ։ Երբ ներկայիս կաթողիկոսը դեռ Արարատյան թեմի առաջնորդն էր, ինքս եմ նրան զանգահարել ու առաջարկել, որ շաբաթ եւ կիրակի օրերին եկեղեցում ժամերգություն կատարվի։ Դարպասը միշտ բաց է եղել, դեռ ավելին, ուզում էինք ծառատունկ կազմակերպել, բակը բարեկարգել։ Այսօր տեսնում եմ, որ մեր ջանքերը ոչ միայն չեն գնահատվել։

Այն օրն ենք հասել, որ Երեւանում էլ տեղ չի մնացել վեհարան կառուցելու համար եւ պետք է անպայման կառուցվի այն շենքում, որտեղ հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, որը եղել է մեր ազգային սրբություններից մեկը։

Կարծում եմ, որ շատ ու շատ ամոթաբեր է հայ ժողովրդի համար, այն մարդկանց համար, որոնք այսպիսի հարց են բարձրացնում, այն կառավարության համար, որը Հայաստանի ազգային կառավարությունն է, բայց փորձում է հայ ժողովրդի ազգային հպարտություններից մեկը չեղյալ համարել։

Ամբողջ կյանքս ապրել եմ որպես սովորական հայ, չեմ կատարել այնպիսի քայլեր, որոնք ուղղված են մեր ժողովրդի, մեր եկեղեցու ու հայրենիքի դեմ։ Ամեն մի քայլս մտածված է եղել եւ այդ բոլորից հետո, հանկարծ ինձ հանե՞լ այն շենքից, որի հանդեպ ես ծառայություններ ունեմ։ Ինձ պարգեւատրել են Մեսրոպ Մաշտոցի եւ Մովսես Խորենացու շքանշաններով։ Հիմա ինձ հնարովի պատճառաբանություններ են ներկայացնում։ Այդ ո՞վ է նվեր տվել եկեղեցուն, ի՞նչ իրավունք ունի ակադեմիայի նախագահությունը նվեր տալու այն շենքը, որտեղ մենք ենք աշխատում, որը հայ ժողովրդի լեզվի ուսումնասիրության կարեւոր կենտրոնն է։ Այս քայլը ճիշտ քայլ չէ։ Չգիտենքՙ ենթարկվե՞լ, թե՞ ոչ։ Իմ խիղճը, իմ բարոյական ամբողջ կերպարն ինձ ասում է, որ մենք իրավունք չունենք այդ քայլը կատարելու, իրավունք չունենք մեր ազգային հպարտություններից մեկը հենց այնպես հանձնելու։ Չեմ կարող ասել, թե ով է այդ որոշումն ընդունել, բայց ինձ համար ցավալի է, որ Հայաստանում օրենքները չեն գործում, կամայականությունները մեզանում դեռ իշխող են։

Հովհաննես Բարսեղյան - Այս դահլիճում նիստեր են անցկացվել այնպիսի մարդկանց նախագահությամբ, որոնց անունը տալիս ամեն մի հայ մարդ սթափվում է։ Բայց այսօր գործը հասել է այնտեղ, որ մենք հավաքվել ենք այստեղ եւ չգիտենք, թե ո՞ւմ դեմ ենք բողոքում։ Թող ներեն ինձ, որ ես չհավատամ կամ կիսաբերան հավատամ, որ Գիտությունների ակադեմիայի ամբողջ ղեկավարությունը այս շենքի առք ու վաճառքից անտեղյակ է։ Ես իրավունք ունեմ հայտարարելու, որ ակադեմիան արդեն 20 տարի գոյություն չունի, որովհետեւ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկավ, հայտարարեց, թե աշխարհում ակադեմիաներ գոյություն չունեն, այլ կան ինստիտուտներ, որոնք ունեն իրենց տնտեսությունը, սեփականությունը։ Բայց գտնվեցին խելոք մարդիկ, որոնք դեմ եղան։

Իբրեւ ճարտարապետական կառույց այս շենքը մրցանակ է ստացել, ամոթաբեր է 13-րդ դարի մատուռն ու այս շենքն իբրեւ գիտամշակութային կենտրոն համեմատելը։ Բայց ի պատիվ այս շենքը կառուցողների ու այդ ժամանակվա ղեկավարների մատուռը պահպանվել է եւ այսօր եկեղեցի է հռչակվում, իսկ այս շենքը արդեն 20 տարի հայտարարվում է խարխլված, քանդված։ Նշանակում է, ակադեմիան ինքն է նախապատրաստվում այս շենքը քանդելուն, վաճառելուն, քանի որ առանց ակադեմիայի նախագահի ոչ մի որոշում չի ընդունվում. վեհափառի կողքը նստած է, երկրի նախագահի կողքը նստած է, բոլոր տեղերում կա։ Ինչո՞ւ նա այսօր այստեղ չէ, կամ նրա անունից որեւէ բան չի կարդացվում։

Ուրեմն, ամոթաբեր է այս իրողությունը մեր հանրապետության համար։ Այսօր 120 կուսակցություն շինած, առնետի նման բազմացող կուսակցական երկրում ինչպես կարելի է քանդել ու վաճառել մի ինստիտուտ, որի աշխատողները հայոց լեզվին ծառայող մարդիկ են։ Տնտեսությունը կքանդվի, եթե ազգասիրություն չլինի, երկիր չլինի։ Իսկ դրա համար, երբ գումարներ են հատկացվում, առաջ հայոց լեզվին պիտի հատկացվեն եւ գիտության այլ օջախներին, հետո բանակին, որովհետեւ տնտեսությանը պետք է, բանակին պետք է, գիտությանը պետք է, բայց եթե դրանք հայոց լեզվին ու հայ մնալուն չեն ծառայում, ուրեմն դրանցից ոչ մեկը պետք չէ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4