«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2004-06-03 | #102, 2004-06-04 | #103, 2004-06-05


ԲՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԴՈՒՑ ՊԱՇՏՊԱՆՎԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Այսօրՙ հունիսի 5-ին, բնապահպանության համաշխարհային օրվա առիթով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանը շրջակա, մասնավորապես ծովային միջավայրն աղտոտվածությունից փրկելու կոչով ուղերձ է հղել։ Համաշխարհային ծովերն ու օվկիանոսները հետզհետե ավելի ու ավելի են աղտոտվում չվերամշակված թափոնաջրերով, օդային արտանետումներով, ուստի եւ «հասարակությունն այլեւս չի կարող համաշխարհային ծովերը դիտել որպես մեր թափոնների հեռացման համար տեղանք, կամ որպես առատության անսպառ աղբյուր», ասված է ուղերձում։

Հայաստանը ծով ու օվկիանոս չունի. ինչպե՞ս ենք մենք վերաբերվում շրջակա միջավայրին, մեր երկրի բնական հարստություններին։

«Այսօր Հայաստանից փայտանյութ արտահանվում է մի քանի երկրներՙ Իսպանիա, Իտալիա, Ֆրանսիա, Իրան եւ այլն։ Պաշտոնական տվյալներով տարեկան հատվում է 70 հազար խմ, ոչ պաշտոնականՙ 1 մլն խմ անտառ։ Եթե շարունակվեն այս տեմպերով, 20 տարի հետո Հայաստանում անտառներ չեն մնա», կարդում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կազմակերպված ցուցահանդեսի վահանակներից մեկի վրա։ Ցուցահանդեսի նախաձեռնողը «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպությունն էՙ Ջեֆրի Թուֆենկյանի նախաձեռնությամբ, մասնակցությամբ «Հայաստանի բուսաբանների միության», ՄԱԿ-ի գրասենյակի, «Թռչնասերների կենտրոն», «Հայոց դպրոց» հասարակական կազմակերպությունների։

Կազմակերպիչները լուսանկարային արտահայտությամբ Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության խոսուն պատկեր էին ներկայացրել։

Աշխարհում հաշվվող 86.000 թռչնատեսակներից 350-ն ապրում է Հայաստանում։ Այսօր ջրային մակերեսների կրճատման հետեւանքով ջրաճահճային թռչունների որոշ տեսակներ (օրինակՙ կրկնակտցահար) գտնվում են վտանգի տակ։ «Բուսաբանների միությունը» ներկայացրել էր Հայաստանի «Կարմիր գրքի» բուսատեսակները (հիրիկ եղանի, ազնի պոնտական, հիրիկ թզուկային, ջրաշուշան սպիտակ)։ Հայաստանի անտառներում աճում են 200 տեսակի ծառ ու թուփ։ Հայաստանի տարածքի գերակշռող մասումՙ 81,9 տոկոս (24.353 հազար քմ) առկա է տարբեր աստիճանի անապատացման վտանգը (արձանագրված փաստ է ՀՀ ԲՆ հաշվետվություն, 2003 թ.)։

Հայաստանում անտառների զանգվածային հատումներ եղան 1992¬93-ի էներգետիկ ճգնաժամի տարիներին, սակայն այսօր էլ շարունակվում են հատումները եւ անտառածածկ տարածքների կրճատումը։ Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող անտառային տարածքը 0,1 հա է, ԱՊՀ երկրներում ցուցանիշը 27 անգամ ավելի է, քան մեր երկրում։ Հայաստանում փայտանյութի 70 տոկոսն օգտագործվում է ջեռուցման եւ կենցաղային նպատակով։ Սակայն թույլատրելի անտառահատումներից բացի կատարվում են անօրինական հատումներՙ բիզնեսի համար, նաեւՙ անհատական։ Անտառահատումը հղի է բազում վտանգներովՙ հողերի էրոզիա, սողանքներ, տեղանքի կլիմայի փոփոխություններ, որը բերում է ջրային պաշարների, հողերի բերրիության անկման, բերքատվության նվազում, կենսաբազմազանության կորուստ, բնական ֆիլտրների պակասի պատճառով աղտոտված օդի ազդեցություն բնակչության առողջապահության վրա։ «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն առաջարկում է նվազեցնել փայտանյութի պահանջարկըՙ խրախուսելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների շահագործումը, մշակել եւ կիրառել անտառների կայուն կառավարման ազգային ծրագիր, արգելել ապօրինի անտառահատումները, տեխնիկայի մուտքն անտառ, անտառը որպես արոտավայրի օգտագործում եւ այլն, իրականացնել մեծածավալ ծառատունկեր, կոճղաշիվային վերականգնման աշխատանքներ։

Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը ներկայացրեց վերջին տարիներին բնապահպանության խնդիրների նկատմամբ կառավարության վերաբերմունքը (մասնավորապես տրամադրած ֆինանսների կրկնապատկում, օրինաստեղծ գործունեություն ծավալել եւ այլն), նաեւ կառավարության որոշումըՙ հունիսի 5-ը մեր երկրում բնապահպանության օր հայտարարելու մասին։ Այս առիթով դահլիճից հնչեց ավելի գործնական առաջարկ. Հաղթանակի զբոսայգու հյուսիսային հատվածի շինարարության թույլտվությունը հետ վերցնել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4