«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#101, 2004-06-03 | #102, 2004-06-04 | #103, 2004-06-05


ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐԸ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ԱՆՀԱՎԱՍԱՐ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՎ ԿԱՇԱՌԱԿԵՐ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻՑ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Չգիտենք կաշառք տա՞նք, թե՞ հարկեր վճարենք։ Եթե կաշառք պետք է տանք, ապա եկեք օրենք ընդունենք կաշառք տալու մասին եւ վերջացնենք», առեւտրային գործունեություն իրականացնողների դժգոհությունը հայտնելով հարկային եւ մաքսային մարմինների աշխատակիցների գործելակերպի վերաբերյալ, այսպես արտահայտվեց «Հայաստանի վաճառականներ» (նախկին Վաճառականների միություն) կազմակերպության նախագահ Ցոլվարդ Գեւորգյանը կազմակերպության երեկ կայացած համաժողովի ժամանակ։ Կոռումպացված չինովնիկների թեման շարունակելով, նա տեղեկացրեց, որ կազմակերպությունը նրանց ապօրինի գործողությունների դեմ 40 դատական հայցեր է ներկայացրել եւ ոչ մի դեպքում չի պարտվել։ Հիմնական պատճառը, ելույթ ունեցողի հավաստմամբ, այդ չինովնիկների անգրագիտությունն է եղել։

Ցոլվարդ Գեւորգյանն ընդգծեց, որ համաժողովին մասնակցելու հրավեր էր ուղարկվել նաեւ հարկային ծառայությանը, որի ներկայացուցիչը, սակայն, բացակայում էր։ Այդուհանդերձ, իրենց հուզող խնդիրները վաճառականները շարունակելու են հետապնդել, մանավանդ որ այդ ծառայության կողմից հատկապես տուգանվում են կազմակերպության անդամների օբյեկտները։ Նշվեց, որ նման բազմաթիվ դեպքեր են գրանցվել Գյումրիում, Վանաձորում եւ Ստեփանավանում։

Գլխավոր նպատակը, որ իրենց առջեւ դրել են վաճառականները, հավասար մրցակցային դաշտի ստեղծմանը հասնելն է։ Այժմ էլ հարկման դաշտից դուրս է մնում տոնավաճառային ցանցը։ Դրան, ինչպես նշեց կազմակերպության ղեկավարը, նպաստեց ներկայումս «շատ բարձր պաշտոն ունեցող անձը» (ԱԺ նախագահ), որը հիմա էլ հպարտորեն հայտարարում է, որ թույլ չտվեց հսկիչ-դրամարկղային մեքենաներ տեղադրել։

«Պարզեցված հարկի մասին» օրենքում վերջին փոփոխությունները հանգեցրին նրան, որ, Ցոլվարդ Գեւորգյանի հավաստմամբ, 20 մլրդ դրամ գնաց դեպի ստվերային տնտեսություն, քանի որ հանվեց կտրոնի առկայությամբ ավելի նվազ տոկոսադրույքով հարկվելու հնարավորությունը։ Այսինքն, արտադրողներն ու մեծածախ առեւտուր իրականացնողներն արդեն պարտավոր չեն փաստաթուղթ տրամադրել մանրածախ առեւտրով զբաղվողներին։ Փոխարենը պարզեցված հարկով սկսեցին աշխատել բոլոր սուպերմարկետները, որոնց շրջանառությունը բազմիցս գերազանցում է այս հարկատեսակը վճարողների համար սահմանված 50 մլն դրամ առավելագույն շեմը։ Արդյունքում ոչ միայն ստվերն է ավելանում, այլեւ առեւտուրը գնում դեպի մոնոպոլացում։ Այսպիսի տագնապ հնչեցրեց ելույթ ունեցողը։

Համաժողովի մասնակիցներին ողջունել էին երկրի նախագահը (ընթերցեց Սեյրան Ավագյանը), վարչապետը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը։ Նրանց միացան նաեւ վաճառականների գործընկեր կազմակերպությունների ղեկավարներըՙ Հայաստանի գործարարների եւ արդյունաբերողների միության նախագահ Արսեն Ղազարյանը, Հայաստանի ձեռնարկատերերի միության նախագահ, պատգամավոր Հերմինե Նաղդալյանը, ինչպես նաեւ Վաճառականների միության հիմնադիր, պատգամավոր Մանուկ Գասպարյանը, Ֆինանսա-բյուջետային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանը։ Ուղերձներում եւ ելույթներում կարեւորվում էր կազմակերպության մասնակցությունը փոքր եւ միջին բիզնեսի զարգացման, տնտեսական օրենսդրության մշակման հարցերում, ընդգծվում սեփական շահերի պաշտպանության եւ չինովնիկների կամայականությունների դեմ պայքարում գործարարների միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունը։

Վաճառականների բարձրացրած խնդիրների վերաբերյալ դիրքորոշում հայտնելու խնդրանքով դիմեցինք նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանին, որը հետեւյալն ասաց.

- Երկար է խոսվել, որ պետք է ներդրվեն իշխանությունների եւ կազմակերպությունների ջանքերը, որպեսզի կարողանանք ապրանքաշրջանառությունն արձանագրել։ Այդ ճանապարհին հանդիպում ենք լուրջ հիմնախնդիրների։ Ժամանակին ճիշտ էր հաստատագրված հարկատեսակների կիրառումը։ Սակայն այդպես էլ սկսում ենք հեռանալ շրջանառությունն արձանագրելուց եւ տնտեսագիտական հարկերից, որոնք մշակված են տասնամյակներով եւ գուցե դարերով, հայտնվելով հեծանիվ հորինելու վիճակի մեջ։ Համաձայն եմ Վաճառականների միության հարցադրումներին։ Հասունացել է դեպի տնտեսագիտական հարկեր ուղղություն վերցնելու եւ դաշտն ամբողջությամբ կարգի բերելու ժամանակը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4