«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2004-06-04 | #103, 2004-06-05 | #104, 2004-06-08


ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՇՈՒՏԱՓՈՒՅԹ ԿԱՐԳԱՎՈՐՎԻ

Այս համոզմունքին է ԵԱՀԿ ԽՎ զեկուցողը

ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Հունիսի 4-ի երեկոյան Ստեփանակերտ ժամանեց ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան հարցով զեկուցող Գորան Լենմարկերը: Փետրվարին տարածաշրջան կատարած ԵԽԽՎ ԽՎ զեկուցող Թերի Դեւիսի այցից հետո սա եվրոպական հեղինակավոր կառույցներից եւս մեկի` ղարաբաղյան կարգավորման ուղղությամբ շահագրգռության հերթական դրսեւորում կարելի է համարել:

Գորան Լենմարկերը նույն օրվա երեկոյան հանդիպեց ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ` ծանոթանալու հիմնախնդրի նկատմամբ ղարաբաղյան կողմի պաշտոնական մոտեցումներին: Հաջորդ օրվա հանդիպումները, ըստ ծրագրի, տեղի ունեցան ԱԺ նախագահ Օլեգ Եսայանի, արցախցի խորհրդարանականների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ Շուշիում` փախստականների հետ:

Հանդիպումների այս շրջանակը, Գ. Լենմարկերի կարծիքով, օգտակար է հակամարտության մասին ամբողջական պատկեր կազմելու առումով: Ներկայացնելով իր տպավորությունները հանդիպումների վերաբերյալ, ԵԱՀԿ ԽՎ զեկուցողը նշել է, որ ինքն ուշադրությամբ է լսել բոլոր տեսակետները եւ այն համոզմունքն ունի, որ պետք է ղարաբաղյան հակամարտությունը շուտափույթ լուծում ստանա, քանզի հարցի ձգձգումից հավասարապես տառապում են հակամարտող կողմերի ժողովուրդները:

Ընդունելով, որ բանակցություններ վարելը նախագահների ու կառավարությունների խնդիրն է, Գ. Լենմարկերը միաժամանակ կարեւորել է խորհրդարանների դերը` հիմք ունենալով, մասնավորապես, Բալկաններում խորհրդարանական ներուժի գործածական փաստը: Ինքը, որպես զեկուցող, ձգտելու է աջակցել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովին, որի անդամ 55 երկրների ճիշտ պատկերացումները ղարաբաղյան հիմնախնդրի մասին կարող են բարենպաստ ֆոն ստեղծել հարցին արդարացի լուծում տալու գործում: ԵԱՀԿ ԽՎ անդամը նաեւ նշեց, որ ինքը որոշակի կապեր ունի Մինսկի խմբի համանախագահների հետ, որոնց համար, թերեւս, օգտակար կլինի իր նախնական ելույթը հուլիսին Էդինբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ հերթական նիստում: Իսկ թե երբ ամբողջական պատրաստ կլինի ղարաբաղյան հակամարտության մասին իր զեկույցը, Գ. Լենմարկերը դժվարացավ կոնկրետացնել, միաժամանակ հույս հայտնելով, որ Ղարաբաղ կատարած այցից հետո այն անպայման բովանդակելու է հիմնախնդրի իրական պատկերը` դրանից բխող եզրակացություններով:

Շվեդ դիվանագետը գոհունակություն է հայտնել, որ Ղարաբաղում հետեւողականորեն ձգտում են ժողովրդական արժեքների արմատավորմանը: Միաժամանակ նա իր հիացմունքն է հայտնել ղարաբաղյան բնաշխարհի գեղեցկության մասին, թեպետ մառախլապատ եղանակը հնարավորություն չտվեց լիարժեք վայելելու այդ գեղեցկությունը:

Լրագրողների խնդրանքով ԵԱՀԿ պատվիրակությանն ուղեկցող ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը մեկնաբանելով այս այցը, նշեց, որ նախընտրելի է մեկ կազմակերպության` իբրեւ միջնորդ հանդես գալը: Այս առումով նկատի ունենալով Մինսկի խմբին, որի ներկայացրած առաջարկներն, ըստ ԱԺ փոխնախագահի, վերջին տարիներին ավելի իրատեսական հողի վրա են հիմնված, Վ. Հովհաննիսյանը միաժամանակ կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը: Նրա կարծիքով, Ադրբեջանը ակնհայտորեն անհանգստանալով Մինսկի խմբի աշխատանքից (քիվեսթյան ու փարիզյան սկզբունքներ եւ այլն), ձգտում է հարցի մեջ ներգրավել նորանոր կազմակերպությունների` հույս ունենալով, որ դրանցում ընդգրկված տարբեր քաղաքական ուժերը, չունենալով հիմնախնդրի մասին բավարար իմացություններ եւ արտահայտելով տարբեր շահեր, կարող են ստեղծել նոր փաստաթղթեր` Հայաստանի կամ Ղարաբաղի վերաբերյալ աննպաստ պարբերությամբ: Նման խաղերի մեջ ներքաշվելուց, Վ. Հովհաննիսյանի խոսքերով, չպիտի վախենալ, այլ պիտի պատրաստ լինել դրան:

ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Օլեգ Եսայանը, արտահայտելով ղարաբաղյան իշխանությունների այն մոտեցումը, թե հակամարտության կարգավորումը պետք է շարունակվի Մինսկի խմբի շրջանակներում, նաեւ ընդգծել է Արցախի խորհրդարանի պատրաստակամությունը` մշտական աջակցություն ցուցաբերել ինչպես հանրապետության իշխանություններին, այնպես էլ եվրոպական կառույցներին: Նա Գ. Լենմարկերի ուշադրությունը հրավիրել է փախստականներին օգնելու խնդրին, նշելով, որ երկրի միջազգային չճանաչվածությունը խոչընդոտում է միջազգային կառույցներից աջակցություն ստանալուն, ինչն էլ բարդություններ է ստեղծում վերջիններիս իրավունքները կիրարկելիս: Օ. Եսայանը վերահաստատել է նախագահ Ա. Ղուկասյանի արտահայտած այն դիրքորոշումը, թե հակամարտության կարգավորումը հնարավոր չէ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության: Եվ ինչքան շուտ բանակցություններում կիրառվի այս ձեւաչափը, այնքան հավանական կդառնա հիմնախնդրի արագ ու արդարացի լուծումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4