Կանադայից էլ. փոստով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ «Մոնրեալ գազեթի» հունիսի 2-ի համարում Մոնրեալի թուրքական մշակութային ասոցիացիայի նախագահ Օսման Աքյոլը, թուրք-կանադական աշխատանքային կոմիտեի անդամ Գյունսելի Բուլեթը եւ երկու այլ պաշտոնական անձնավորություններՙ Բուրհան Կալֆան ու Օրհուն Թանիրը, համատեղ հոդված են հրատարակել, որտեղ դժգոհություն են հայտնել եւ վիրավորական համարել կանադական խորհրդարանից Հայոց ցեղասպանության ընդունման փաստը:
Կրկնելով վաղուց մաշված հանգերգը, թե խնդիրը վիճելի է, եւ պատմաբաններին պետք է թողնելՙ նաեւ հիշեցնում են, որ 70-80-ական թթ. հայերը 34 թուրք պետական այրերի են սպանել, եւ որ թուրքերն Առաջին համաշխարհային պատերազմի օրերին նույնպես կորուստներ են ունեցել: Նրանք պնդում են, որ կանադացի խորհրդարանականները իրավունք չունեին հանդես գալու որպես իրավաբաններ եւ դատավորներ:
«Այս գեղեցիկ երկիրն օրհնված է բազմամշակութայնության, արժանապատվության, հանդուրժողականության եւ փոխադարձ հարգանքի մթնոլորտով: Որպես օրինապաշտ հարկատուներ, մենք Կանադայում ցանկանում ենք ապրել խաղաղության մեջ: Փոխարենը տեսնում ենք չհիմնավորված մեղադրանքներ ուղղված այս կամ այն համայնքի կամ երկրի դեմ: «M-380» բանաձեւի ընդունումը վիրավորական է մեր երեխաների համար», եզրակացնում են նրանք:
Հաղորդագրությունը կոչ է անում բոլոր հայերին նամակներով հեղեղել «Մոնրեալ գազեթի» խմբագրությունը եւ փաստերով հակազդել թուրքերի ստորագրած հոդվածին: Թերթի էլ. փոստի հասցեն էՙ letters@thegazette-canwest.com.
Հ. Ծ.