Հայաստանը կհյուրընկալի Սեւծովյան բանկի կառավարիչների խորհրդի հաջորդ հանդիպումը
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Տիրանա
Հունիսի 6–7-ը Սեւծովյան առեւտրային եւ զարգացման բանկը կազմակերպել էր կառավարիչների խորհրդի 6-րդ հանդիպումը եւ Սեւ ծովի գործարար օր կոնֆերանս Տիրանայում: Հայաստանը ներկայացնում էին ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Դավիթ Ավետիսյանը եւ ԱԳՆ միջազգային տնտեսական համագործակցության վարչության գործող ղեկավար Ներսես Մկրտչյանը:
Հանդիպման ընթացքում կառավարիչների խորհուրդը հաստատեց բանկի 2003 թ. ֆինանսական հաշվետվությունը: ՀՀ էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը խորհրդի կողմից ընտրվեց մինչեւ 7-րդ հանդիպում ընկած ժամանակահատվածի նոր նախագահ: Ի դեպ, Սեւծովյան առեւտրային եւ զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 7-րդ հանդիպումը տեղի կունենա Երեւանում, 2005 թ. հունիսի 5-ին:
ՍԱԶԲ-ը միջազգային ֆինանսական ինստիտուտ է, որի սեփականատերն են Սեւծովյան տնտեսական համագործակցության անդամ 11 երկրները: Այս կազմակերպությունը հիմնադրվել է 1999 թ. 1 մլրդ եվրո կապիտալով: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Հունաստանի բաժնեմասը 16,5-ական տոկոս է: 13,5-ական տոկոս ունեն Ուկրաինան, Բուլղարիան, Ռումինիան: 2-ական տոկոս ունեն Հայաստանը, Ալբանիան, Մոլդովան, Ադրբեջանը: Բանկի նախագահը Մուստաֆա Գյուրթինն է Թուրքիայից: Հիմնադրումից հետո բանկն իրականացրել է մի շարք ծրագրեր անդամ երկրներում:
Հայաստանում ՍԱԶԲ-ն Իզմիրլյան հիմնադրամի հետ իրականացրել է փոքր եւ միջին բիզնեսիՙ յուրաքանչյուրը 2 մլն դոլար միջնաժամկետ եւ կարճաժամկետ ֆինանսավորման մեկ ծրագիր: Ի տարբերություն Հայաստանի, ռուսաստանյան ընկերություններն արդեն իրականացրել են մոտ 10-ը:
Ինչպես «Ազգին» տեղեկացրեց ՍԱԶԲ-ի հասարակայնության հետ կապերի վարչության նախագահ Վալերի Ակսենովը, ՍԱԶԲ-ի նպատակային խումբը մաքուր բիզնեսն է: «Մենք չենք աշխատում քաղաքական գործիչների հետ», ասաց Ակսենովը: ՍԱԶԲ-ն ունի հետեւյալ առաջնահերթությունները. տեքստիլ արդյունաբերություն, հեռահաղորդակցություն, էներգետիկա, ծովային եւ նավահանգստային սեկտոր, փոքր եւ միջին ձեռներեցության զարգացում: Սեւծովյան գործարար օրվա քննարկումները կենտրոնացած էին տարածաշրջանային ենթակառուցվածքային զարգացման եւ ագրոբիզնեսի հարցերի վրա: Դրանք նաեւ ուղղված էին միջազգային ֆինանսական ռեսուրսների կենտրոնացման խնդրի տնտեսական զարգացման համար:
Հանդիպմանը, որ հանդիսավորությամբ բացեց Ալբանիայի վարչապետ Ֆատոս Նանոն, ներկա էին տարբեր կառավարությունների, միջազգային բանկային եւ գործարար հանրության 250 ներկայացուցիչներ սեւծովյան մեծ տարածաշրջանից եւ Արեւմտյան Եվրոպայից: