«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2004-06-04 | #103, 2004-06-05 | #104, 2004-06-08


«ԳՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ, ՀԵՏԵՎԱԲԱՐ ՍՂԱՃԻ ՎՐԱ ԴՐԱ ԱԶԴԵԼՈՒ ՎՏԱՆԳ ՉԿԱ»

Այսպիսի կարծիք հայտնեց Կենտրոնական բանկի նախագահը

Անցումային գրեթե բոլոր պետությունները վերջին երեք տարիներին բավական մեծ աճ են արձանագրել, ինչը պայմանավորված է նրանով, որ անկումն այդ երկրներում խորն է եղել: Առաջիկա տարիները նրանց համար նույնպես կլինեն տնտեսական բարձր աճի տարիներ: Անդրադառնալով Հայաստանի սոցիալական վիճակի վրա տնտեսական աճի ազդեցության հարցին, Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը վերոնշյալին ավելացրեց, որ կարեւոր խնդիրը աճի կայունության ապահովումն է: Եթե դա ապահովվի եւս 3 տարի եւ իրականացվեն որոշակի բարեփոխումներ, ապա կտեսնենք սոցիալական ազդեցությունը: Այդ բարեփոխումներից առաջինը բանկային ոլորտինն է: ԿԲ նախագահը նշեց, որ իրենք այստեղ արդեն իրականացրել են գլխավոր միջոցառումըՙ ազատվել են անառողջ բանկերից: Հիմա խնդիր է դրված ապահովել բանկային համակարգի արագ զարգացումը: Դրա համար օրենսդրության մեջ իրականացվող փոփոխություններից նա կարեւորեց բանկերի պաշտպանվածության ապահովումը անբարեխիղճ վարկառուներից: Բացի այդ, հարկ է զարգացնել ապահովագրական համակարգը, ստեղծել կենսաթոշակային հիմնադրամներ: Այս տեսանկյունից խիստ կարեւորվում է արժեթղթերի շուկայի զարգացումը: Հարկավոր է կորպորատիվ կառավարման համակարգը ներդնել նաեւ տնտեսության իրական հատվածում: Եվ վերջապես, ստվերային տնտեսության մակարդակը դեռեւս շատ բարձր է:

Սղաճը ծրագրված երեք տոկոսի սահմաններում պահպանելու հարցում Տիգրան Սարգսյանը լավատես էր: «Ինչպիսի՞ ազդեցություն կունենա դրա վրա բենզինի գների թանկացումը» հարցին նա պատասխանեց, որ այդ թանկացումը չի կարող նույն ազդեցությունն ունենալ սղաճի վրա ինչպես հացի եւ հացամթերքների թանկացումն էր, քանի որ բենզինի տեսակարար կշիռը սպառողական զամբյուղում մեծ չէ:

«Ազգի» այն հարցին, թե սննդամթերքի, այդ թվում գյուղմթերքների, կենցաղային ապրանքների, որոնց տեսակարար կշիռը զգալի է սպառողական զամբյուղում, գների ներկայիս թանկացումը նույնպե՞ս էական ազդեցություն չի թողնի սղաճի վրա, ԿԲ նախագահը պատասխանելով, նշեց, որ սննդամթերքն ունի տեսակարար մեծ կշիռ սպառողական զամբյուղում, բայց կարծիք հայտնեց, որ այսօր գների կտրուկ աճ այստեղ չկա: Հետեւաբար, սղաճի վրա ազդելու վտանգ նույնպես չկա:

Ինչ վերաբերում է մամուլի ասուլիսի հրավիրման բուն պատճառին, ապա դա 2003-ի տարեկան հաշվետվության ներկայացումն էր: Քանի որ այդ հաշվետվությունն արդեն մեկ անգամ ԱԺ-ում ներկայացվել է, ապա Տիգրան Սարգսյանը անդրադարձավ հաշվետվության առանձնահատկություններին: Դրանք հակիրճ հետեւյալն էին: Համախառն ներքին արդյունքը ծրագրված 6 տոկոսի փոխարեն արձանագրել է 13,9 տոկոս աճ: Ըստ ոլորտների այդ աճը տնտեսության տարբեր ճյուղերի մեջ բաշխվել է հետեւյալ կերպ: Արդյունաբերության տեսակարար կշիռը կազմել է 3,1 տոկոս, գյուղատնտեսությանըՙ 1,8 տոկոս, շինարարությանըՙ 5,7 տոկոս, ծառայություններըՙ 3,3 տոկոս: Այնուհետեւ ԿԲ նախագահը ներկայացրեց համաշխարհային եւ ԱՊՀ երկրների տնտեսության տարեկան ցուցանիշները:

Անցյալ տարին, ըստ Տիգրան Սարգսյանի, հաջողված էր հարկաբյուջետային տեսանկյունից: Կատարվել են հարկային բոլոր մուտքերն ու ծախսերը: Արտաքին առեւտրի ցուցանիշները հետեւյալն էինՙ արտահանման ծավալները կազմել են 688 մլն դոլար, նախորդ տարվա համեմատ ավելանալով 175 մլն դոլարով կամ 34 տոկոսով: Ներմուծվել է 1 մլրդ 128 մլն դոլարի ապրանք, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է 246 մլն դոլարով կամ 28 տոկոսով: Արտահանման ավելացման տեմպը գերազանցել է ներմուծման ավելացման տեմպին:

Դրամավարկային քաղաքականության մասին խոսելիս Տիգրան Սարգսյանը նշեց, որ նվազել են բոլոր տոկոսադրույքներըՙ վարկերի, ավանդների, պետական կարճաժամկետ պարտատոմսերի: Պետական պահուստներն ավելացել են 71 մլն դոլարով եւ գերազանցել են 500 մլն դոլարը, շնորհիվ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկերի եւ դրամաշնորհների: 2003-ին լուծարվել է 5 բանկ, բացվել են 1 բանկ եւ 6 վարկային կազմակերպություն: Ներկայումս գործող բանկերից 16 բանկ աշխատել է շահույթով, որը կազմել է 6,5 մլրդ դրամ, իսկ 3 բանկՙ վնասով, որը կազմել է 408 մլն դրամ: Կանխիկ դրամաշրջանառությունը կազմել է 39,5 տոկոս: Ղրղզստանում այդ ցուցանիշը 65 տոկոս է, Վրաստանում 40 տոկոս, Ադրբեջանումՙ 39,6 տոկոս:

Բացի այս ցուցանիշներից, ԿԲ նախագահը ներկայացրեց Ռումինիայում Սեւծովյան համագործակցության անդամ 14 երկրների կենտրոնական բանկերի նախագահների հանդիպման եւ Սանկտ Պետերբուրգի միջազգային բանկային կոնգրեսի արդյունքները:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4