«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2004-06-04 | #103, 2004-06-05 | #104, 2004-06-08


ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՍԿՍՎԵՑ ՆՈՐ ՀԱՄԱԼԻՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Ուղիղ երկու տարի առաջ այս օրը «Զվարթնոց» օդանավակայանն անցավ կառավարման նոր համակարգի: Երեկ մեկնարկեցին օդանավակայանում նոր ուղեւորային համալիրի կառուցման աշխատանքները: «Սա իսկապես համահայկական ծրագիր է, ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, բոլորս ամեն պահ պետք է մտածենք եւ հնարավորության դեպքում օգնենք ծրագրի կայացմանը»:

Ծրագրի առաջին փուլը նախատեսում է 3 տարում կառուցել 4-հարկանի ուղեւորային նոր համալիր, որի առաջին հարկը, ըստ արդարադատության նախարարի, կգործի 2005-ի տարեվերջից: Ըստ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի քարտուղար Գեւորգ Աբրահամյանի` այս փուլի աշխատանքները մոտավորապես կարժենան 50 մլն դոլար: Շենքի առաջին հարկը ուղեւորների ժամանման հատվածն է լինելու: Մամուլի քարտուղարի խոսքերով` ամենից շատ խնդիրները հենց այդ հատվածում են: Առաջին հարկը պատրաստ լինելուն պես կգործարկվի, ապա կկառուցվեն մյուս հարկերը:

Ինչ վերաբերում է շինարարական ընկերություններին, ապա դրանք ընտրվելու են բացառապես մրցութային կարգով: Դավիթ Հարությունյանն ասաց, որ քանի որ կառույցն իրականում շատ բարդ է, եւ տարբեր որակավորում ունեցող մասնագետներ են անհրաժեշտ, աշխատանքները բաժանված են ըստ բարդության. աշխատանքի այն հատվածը, որտեղ մասնագիտական լուրջ գիտելիք է պահանջվում, կիրականացնեն աշխարհի լավագույն ընկերությունները:

Երեկ կազմակերպված արարողության ժամանակ Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանն օրհնեց տարածքը, ուր կկառուցվի համալիրը, ապա փորվեց շենքի առաջին փոսը: «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստինե Շիրինյանը հույս հայտնեց, որ այս նոր համալիրը կօժանդակի երկրի պայծառ ապագային: «Նոր համալիրը կգրավի նոր մարդկանց սփյուռքից եւ արտասահմանից, որոնք Հայաստան կայցելեն տուրիզմի եւ բիզնեսի նպատակով, կօգնի Հայաստանին դառնալու տուրիստական եւ բիզնես կենտրոն»: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի գնահատականով` ծրագրի բուն նպատակը Հայաստանին վայել օդային դարպաս ունենալն է, տարածաշրջանում մեր օդանավակայանը լավագույնը դարձնելը:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4