Շոգը սովորաբար թուլացնում է նյարդերը
Շոգ ամառվան ընդառաջ քաղաքական գործընթացները հստակվելու փոխարեն ճահճանում են, ստույգ ապացույց, որ հակադիր երկու բեւեռներն էլ որդեգրել են գործողությունների սխալ ընթացք: Քաղաքական զինանոցի սկզբունքները նույնն են մնում ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանությունների համար: Անցած շաբաթն էլ ոչնչով չտարբերվեց այն իրողություններից, որոնց ականատես է հասարակությունը ամիսներ շարունակ: Երկու կողմն էլ մամուլի կամ անդրկուլիսային խոսակցությունները հանրությանը միտումնավոր մատչելի դարձնելու միջոցով ժամանակ առ ժամանակ փորձում են քար նետել ճահճի մեջ, սակայն դրանք ապարդյուն փորձերի շրջանակից դուրս չեն գալիս: Նույն սկզբունքով շաբաթվա գլխին ասպարեզ նետվեց հանրապետության նախագահիՙ խորհրդարանը լուծարելու մտադրությունը: Սենսացիայի հավակնող նման լուրը, որը լույս տեսավ մեր թերթում, անկասկած ավելի շատ կոալիցիայի, քան թե ընդդիմադիր դաշտի տրամադրությունները շոշափելու նպատակ ուներ: Ինչպես եւ սպասվում էր, կոալիցիոն դաշտը տհաճ զգուշավորությամբ արձագանքեց լուրին, աշխատելով հերթական խայծի զոհը չդառնալ: «Ազգային ժողովի ցրումը շրջանառության մեջ է դրվում վերջին շրջանի գործընթացների պատճառով, սակայն այս գործում կարող են շահագրգիռ լինել նաեւ այն ուժերը, որոնք նեղացած են նախորդ ընտրություններից եւ հույս ունեն, որ կարող են օգտվել այս իրավիճակից ու հայտնվել խորհրդարանում». սա Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի մեկնաբանությունն է: Դրանից ոչ շատ առաջ «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը խորհրդարանի հնարավոր լուծարումը գնահատեց իբրեւ նախագահի իրականացվելիք միակ քաղաքական քայլը ստեղծված իրավիճակում:
Իրականում լուծարումը իրոք կարող է դառնալ քաղաքական կյանքը ջղագրգիռ դարձրած, ավելի ու ավելի խճճվող հանգույցի բանալի: Հանրապետության նախագահը իր իշխանավարության մեխանիզմից դժգոհների մեծ բանակի հետ նաեւ համակիրների զանգված ունի: Ոչ պակաս ստվար է նաեւ ընդդիմության առայժմ ամուլ գործողություններից ձանձրացած շերտը, որը դառը փորձի մեծ պաշար ունենալով` առանձնապես հույս չի կապում ընդդիմադիր առաջնորդների հետ եւ կողմ է նախագահի պաշտոնավարման անփոփոխությանը, առայժմ: Հայտնի չէ, թե եռատված հասարակության որ կազմն այսօր ավելի մեծ ու որոշիչ դեր կունենա հետագա զարգացումների մեջ: Հենց հասարակության վերջին երկու շերտին սիրաշահելու եւ նրանց ակնկալիքները բավարարելու համար նախագահը կարող է դիմել նման հանգուցալուծման: Իշխանական վերին ատյանից սպրդած լուրը, անկասկած, հավատարմության կասկածելի հատկանիշներով գործող քաղաքական հենարանի դիմադրության որակն ու աստիճանը ստուգելու նպատակ ունի, որ դրսի ու ներսի կերպափոխվող իրավիճակում շրջանառվեց` քաղաքական տնտեսության վիճակը ստուգելու եւ գործողությունների հետագա ընթացքը պլանավորելու նկատառումով:
Չի կարելի բացառել նաեւ գործողությունների վայրընթաց զարգացումը դրսի ազդեցությունների հնարավոր ակտիվացման դեպքում: Դա միանգամայն հավանական է, նկատի առնելով, որ Հայաստանը մնացել է Հարավային Կովկասի միակ պետությունը, որի նկատմամբ աշխարհի երկու հզոր տերությունները դեռեւս չեն կոնկրետացնում որոշակի սցենարի մեխանիզմը:
Մյուս կողմից, քաղաքական տարօրինակ իրավիճակը իշխանական բեւեռը շարունակում է նորմալ համարել, պնդելով, որ դա ընդամենը սովորական հակադրություն է ընդդիմության եւ իշխանությունների միջեւ: Այս պարագայում գործում է ավելի շուտ սովորական մահկանացուի ինքնապաշտպանական բնազդը, որ տագնապելով ոտքերի տակ բացվող անդունդիցՙ աշխատում է աչքերը փակել դրա առաջ:
Այնուամենայնիվ, հանրապետության քաղաքական կյանքը, ինչպես միշտ, անցած շաբաթ էլ զվարճանքներից զերծ չէր: Հանրապետության նախագահը Գյումրի այցի ժամանակ դարձյալ զարմացրեց բանավոր խոսքի բառապաշարն օգտագործելու հմտությամբ, իհարկե, երբ խոսքը վերաբերում է ընդդիմությանը: Թերեւս միայն ինքնատիպ մտածողությունը կարող էր ընդդիմության գործողություններին «իքիբիրային» տիտղոս շնորհել, եւ համաձայնեք, դա բավական զավեշտալի է, քանի որ վաղուց հեռացել է նախադեպ համարվելու հնարավորությունից:
Անցած շաբաթ «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի եւ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանի միջեւ քողարկված անբարյացակամությունը տեղափոխվեց դատարանի դահլիճ: Նույն ճակատագրական սխալը, ինչ գործեց ընդդիմությունը նախագահական ընտրությունների ժամանակ չմիավորվելով, կրկնվում է նաեւ այսօր: Տվյալ դեպքում էլ իշխանատենչության արատը միայն գերեզմանը կարող է ուղղել: Ընդդիմադիրների հաստատակամությունը ընդամենը հերթական ապացույցն է այն իրողության, որ ընդդիմադիր հավակնությունների ասպարեզում եւս պատերազմը շոշափելի կերպավորում է ստացել: Եվ սա էլ բավական զվարճալի փաստ է, քանի որ դարձյալ նախադեպ չէ, նման փաստերի առիթով հասարակությունն արդեն իմունիտետ ունի: Փոխադարձ վիրավորանքներն ու դատապարտումի խոսքերը դիմացինին ոչնչացնելու նպատակ հետապնդելով հանդերձ, իրականում թաղման զանգեր են հնչեցնում երկուսի համար էլ: Ընդդիմադիր դաշտի անմիաբանության մասին վկայում է նաեւ դրա մյուս շերտերի քար լռությունը երկու առաջնորդների մենամարտի հանդեպ: Որեւէ հայտարարությամբ կամ մեկնաբանությամբ այս ճամբարի մյուս ներկայացուցիչներից ոչ մեկը հանդես չեկավ:
Առայժմ հանրահավաքներից զատ գործողության այլ տարբերակ չգտնելով` ընդդիմադիրները պարտաճանաչ կանոնավորությամբ հայտարարում են միայն վճռական գործողությունների անցնելու մասին: Սակայն իբրեւ կանոն, անցած շաբաթվա հանրահավաքն էլ հրապարակային խաղաղ միջոցառման շրջանակներից դուրս չեկավ: Դա ապացույց է սեփական գործողությունների հանդեպ անվստահության ու անորոշ սպասումի: Այդ սպասումները կարդարացվեն, թե չէ, միայն աստծուն է հայտնի:
Ընդդիմությունը շարունակում է չօգտագործել քաղաքական զինանոցի անտեսված, սակայն խոստումնալի պաշարը` բնակչության սոցիալական վիճակը իր տարաբնույթ դրսեւորումներով: Մինչ քաղաքական մեյդանում հողմաղացների կռիվ է մղվում, հասարակությանը հուզող առտնին խնդիրներն ավելի ու ավելի սուր դրսեւորումներ են ստանում: Արդեն քանի ամիս կայուն համառությամբ արձանագրվում է առաջին անհրաժեշտության մթերքների ու ապրանքների գների սողացող, համառ աճ: Խղճուկ թոշակների ու աշխատավարձերի պայմաններում սա իսկական աղետ է առանց այդ էլ կիսամիջոցներով յոլա գնացող հասարակության մեծ զանգվածի համար: Թանկացումներին զուգադիր կազմակերպվող միտինգներում ոչ միայն խնդիրը առաջնային չի դառնում, այլեւ նույնիսկ չի հիշատակվում: Մինչդեռ ստամոքսային մտածողությանը գերի դարձած եւ հանուն դրա հարստահարվող նույնիսկ աշխատող զանգվածը իսկապես պատրաստ կլինի վճռական գործողությունների, եթե առաջնորդները կոչեն դրան: Սոցիալական ամեն մի հիմնահարցի առաջհանում կարող է ավելի ուժգին, նույնիսկ անսպասելի արդյունքի հանգել, քան իշխանափոխության անվերջ կրկնվող կոչերը: Ընդդիմությունը տվյալ դեպքում խառնում է առաջնայնությունները, գլխավորն ու երկրորդականը իրար հետ` գերագույն նպատակ հռչակելով անձի փոփոխությունը եւ ոչ թե սոցիալական հիմնախնդիրները, թեկուզ վերջիններս զատ-զատ ներկայացնելու ճանապարհով:
Նույնիսկ անվերջ կրկնվող ճշմարտությունը դադարում է այդպիսին լինելուց: Ընդդիմությունը ակնհայտորեն պիտի փոխի մարտավարական սկզբունքների տեսականին, դա պարզ ճշմարտություն է անգամ քաղաքական գործընթացներից հեռու հանդիսատեսի համար:
Մյուս կողմից, անկախ այս ամենից, ճեղքեր են խորանում նաեւ իշխանական կուլիսներում: Առերեւույթ ընդդիմության հակասությունները ծավալվում են կոալիցիայի հետ, իրականում դրանց խթանն ու ազդակը հանրապետության նախագահի ստեպ-ստեպ միջամտությունն է գործընթացներին, որը նոր վերադասավորումների հավանականություն է ստեղծում հենց կոալիցիայի ներսում: Անցած շաբաթ դրա արտահայտությունը դարձան նշանակումները նորաստեղծ հակակոռուպցիոն խորհրդում: Դրանք ակնհայտորեն շրջանցեցին Դաշնակցության լիդերային հավակնությունները, անբարեհաճ վերաբերմունք ամրագրվեց նաեւ «Օրինաց երկրի» հանդեպ: Միաժամանակ, եվրոպական կառույցների հանդեպ խորքային վերաբերմունքի արտահայտություն են նախագահի վերջին շրջանի անհնազանդ որակումները, որոնց նկատմամբ կայուն հիացմունք է արտահայտում «Օրինաց երկիրը»:
Իր գործողություններով բավական տարերային ու զիջողամիտ լինելով հանդերձ ընդդիմությանն, այնուամենայնիվ, հաջողվեց այս ամիսների ընթացքում եթե ոչ թշնամանքի, ապա անբարյացակամության հունդեր գցել վերին էշելոններում: Դրա արտահայտությունը իշխանության այդ շերտերն ընկած կասկածի ու անվստահության ցեցն է, որը շոգ ամառվա ընթացքում սպառնում է նոր, վտանգավոր հետեւանքներ ունենալ դրա առանձին օղակների հանդեպ եւ այլ հուն մղել նկատելի դարձած ճեղքերը: Առայժմ կտրուկ գործողություններ, համենայն դեպս, իշխանական վերեւներից դժվար է կանխատեսել: Առջեւում թեժ քննարկումների առարկա կդառնան Եվրոխորհրդի մոնիտորինգային խմբի զեկույցը Հայաստանի մասին եւ հանրապետության նախագահի ստրասբուրգյան ելույթը: Ինչքան էլ փորձ արվի զրկել Եվրոխորհրդին «վերադասի» կարգավիճակից, այնուամենայնիվ, դեպի Եվրոպա ճանապարհը ներքաղաքական ներկա զարգացումներով է անցնելու: Մյուս կողմից էլ, շոգը սովորաբար թուլացնում է նյարդերը եւ հարմարավետ լողափերում հանգստանալու ցանկություն ներշնչում: Այդպիսի հնարավորություն քաղաքական գործիչներն ունեն: Նրանց հավակնությունների պատանդ հասարակությանը մնում է սպասել եղանակի աշնանային մեղմացման: Աշնանը, հավանաբար, քաղաքական թարմացած միտքը նոր առաջարկներ կանի արձակուրդի ու առույգացման հնարավորությունից զրկված հոգնած հասարակությանը:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ