«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2004-06-04 | #103, 2004-06-05 | #104, 2004-06-08


ԱՐԱՐԱՏՅԱՆ ԹԵՄԻ ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԷՋԸ ԹԱՐՄԱՑՎԵՑ «ԻՄ ՔԱՀԱՆԱ» ԾՐԱԳՐՈՎ

Երեկ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ սրբազանը, Շահե քահանա Հայրապետյանը եւ մամլո դիվանի պատասխանատու Էլիզա Մանուկյանը լրատվամիջոցների հետ ողջունեցին «Իմ քահանա» ծրագրի շնորհանդեսը, որի հովանավորներն են սփյուռքահայեր Վահե եւ Իրինա Հարությունյանները: Արդեն մի քանի տարի գործող Արարատյան թեմի ինտերնետային էջի «Իմ քահանա» ծրագրում մշտապես ներկայացվելու են հարցազրույցներ երիտասարդներին հուզող տարբեր թեմաների շուրջ: Արդեն մեկ թեմայի մասին իրենց կարծիքներն ու համոզմունքներն են հայտնել հոգեւորականներ եւ հասարակական, քաղաքական գործիչներ, գիտնականներ, արվեստագետներ: Ծրագրի առաջին հյուրերն են եղել Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգեւոր սպասավոր Եսայի քահանա Արթենյանը եւ ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը: Այս շաբաթ ծրագիրը հյուրընկալել է Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միաբան Ասողիկ քահանային եւ հասարակական գործիչ Գայանե Մարկոսյանին: Հյուրերն իրենց գաղափարներն ու վերլուծություններն են ներկայացնում քաղաքացիական հասարակության, հոգեւոր եւ աշխարհիկ իշխանությունների գործառույթների եւ թերությունների մասին: Ինչպես տեղեկացրեց մամլո դիվանի պատասխանատուն, հարցազրույցների թեմաները ընտրվում են երիտասարդների շրջանում առավել մեծ ուշադրություն ներկայացնող հարցերի հիման վրա, իսկ հայտարարությունների հատվածում պարբերաբար տեղադրվում են հայ եկեղեցու «Երիտասարդաց միության» գործունեության, ինչպես նաեւ թեմի առաջնորդարանի դահլիճում կազմակերպվող երիտասարդական հանդիպումների եւ հյուրերի մասին տեղեկություններ: Ինտերնետային էջ այցելողները տեղեկանում են նաեւ հոգեւոր դասընթացների, ուխտագնացությունների, տոնական միջոցառումների մասին: Էջում գործում է նաեւ տեղեկատվություն թեմի պատմության, գործունեության, կառույցների մասին, իսկ «Տոնացույց» հատվածում եկեղեցական տոների մասին տեղեկություն է տեղադրվում: Առայժմ մամլո դիվանը էլեկտրոնային փոստով մի քանի հարյուր նամակներ է ստանում Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, արեւմտյան մի շարք երկրներիցՙ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից, Բրազիլիայից եւ հայաշատ այլ վայրերից: Շահե քահանա Հայրապետյանն էլ, ողջունելով «Իմ քահանա» ծրագրի գաղափարը (ծրագրի հեղինակՙ Էլիզա Մանուկյան) նշեց, որ «հիմնականում ինտերնետային էջ այցելողների մեծ մասին հետաքրքրում է , թե ինչպիսի՞ն է իրենց եկեղեցին, ի՞նչ տարբերություն ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցիների միջեւ... Այսինքն, սա հավանական այն ոլորտն է, որ բաց է թողնվել մեր կողմից: Այսինքն, մենքՙ եկեղեցականներս չենք ներկայացնում մեր եկեղեցին այնպիսին, ինչպիսին կա: Ողջունելի է, որ այսօր արդեն բացվել է կայքը»:

Նավասարդ սրբազանն էլ նշեց, որ ծրագիրը նպատակ ունի հայորդիների հոգեւոր կարիքները բավարարելու եւ հաղորդակից դարձնելու հոգեւորականի հետՙ ուղիղ հարաբերվելով վերջինիս հետ, իրենց հոգին տեսնեն ու քրիստոնեական արժեքներ կրեն: Դա է ներկա երիտասարդության համար ամենակարեւորը եւ մեր հիմնական դերը, ասաց սրբազանը:

«Իմ քահանա» ծրագրին հարցեր կարող են հղել եւ պատասխաններ կարող են ստանալ հետեւյալ հասցեով, www. araratian-tem.am:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4