Ուրբաթ օրը ավարտվեց երիտասարդ արեւելագետների հանրապետական 25-րդ նստաշրջանը, որն անցկացվեց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտում: Նստաշրջանը կազմակերպել էր ինստիտուտում գործող Երիտասարդ արեւելագետների խորհուրդըՙ «Արմէն եւ Բերսաբէ Ճերեճեան» հիմնադրամի (ԱՄՆ) հովանավորությամբ եւ նվիրվել էր հիմնադրամի նախագահ, անցյալ տարի մահացած Արսեն Ջերեջյանի հիշատակին:
Հինգշաբթի առավոտյան սկսած նստաշրջանի բացման նիստին հաջորդաբար ելույթ ունեցան արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պատմագիտության դոկտոր, պրոֆեսոր Նիկոլայ Հովհաննիսյանը, ակադեմիայի փոխնախագահ, պատմագիտության դոկտոր, ակադեմիկոս Վլադիմիր Բարխուդարյանը եւ Երիտասարդ արեւելագետների խորհրդի նախագահ, պատմագիտության թեկնածու, դոցենտ Արտակ Մովսիսյանը: Նրանք հատուկ շեշտեցին, որ հակառակ 1990-ական թվականներին ՀՀ-ում գիտության հետընթացին, հայ արեւելագիտությունը հիմնականում պահպանեց իր գիտական մակարդակը, որի վկայությունն են ինստիտուտի տասնյակներով հրատարակությունները, երիտասարդ արեւելագետների տարեկան գիտական նստաշրջաններն ու նրանցում հնչած զեկուցումներն ամփոփող ժողովածուները:
Այնուհետեւ սկսվեց նստաշրջանը: Լիագումար նիստին լսվեցին յոթ զեկուցումներ, ընդմիջումից հետո նստաշրջանն իր աշխատանքները շարունակեց երկու բաժանմունքներումՙ Հին Արեւելք, այլք: Ավելի քան քառասուն զեկուցումները վերաբերում էին տարբեր ժամանակաշրջանների եւ արեւելագիտության տարբեր ոլորտների եւ ուղղություններիՙ հնագույն ժամանակներից մինչեւ մեր օրերը, պատմություն, բանասիրություն, լեզու, դիցաբանություն, քաղաքականություն, իրանագիտություն, քրդագիտություն, արաբագիտություն, թուրքագիտություն, Հին Արեւելք:
Ուրբաթ օրը նստաշրջանը շարունակվեց հիշյալ երկու բաժանմունքներում: Ավարտին գիտաժողովն ամփոփեց պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը: Նա հատուկ շնորհակալություն հայտնեց բարերարի գործը շարունակող նրա որդունՙ Էդուարդ Ջերեջյանին:
Գիտաժողովի առթիվ լույս էին տեսել եւ մասնակիցներին ու ներկաներին բաժանվեցին նստաշրջանի ծրագրի տեղեկաթերթիկներն ու զեկուցումների դրույթների գրքույկը:
Երիտասարդ արեւելագետների հոբելյանականՙ 25-րդ նստաշրջանին մասնակցում էին սփյուռքահայեր, նաեւ Իրանի երկու քաղաքացիներՙ Մոհամմադ Մալեք-Մոհամմադին եւ Ֆրիկ Խաթամի-Տիրգորդին:
Գիտաժողովն ապացուցեց, որ ֆինանսական միջոցների ապահովման դեպքում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտն ունի գիտական ներուժՙ երիտասարդ արեւելագետների հանրապետական գիտական նստաշրջանները վերածելու միջազգայինիՙ հրավիրելով նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների եւ այլ երկրների երիտասարդ գիտնականների, ինչպես եղել է խորհրդային ժամանակաշրջանում ծնունդ առած այս գիտական ավանդույթի առաջին տարիներին:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ