«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#102, 2004-06-04 | #103, 2004-06-05 | #104, 2004-06-08


ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԵՆ ԴԻՐՔԵՐԸ

Չորս հանդիպումներով սկսվեց ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության երկրորդ շրջանը: Տուրի կենտրոնական հանդիպումն անշուշտ երկրի չեմպիոն «Փյունիկի» եւ առաջատարների խմբում գտնվող «Լեռնագործ-Արարատի» մրցավեճն էր: Այդ խաղում բավական բարձր էր հաղթանակի գինը: «Փյունիկի» հաջողության դեպքում չեմպիոնը կարող էր պոկվել իր հետապնդողներից, իսկ «Արարատին» հաջողությունը հնարավորություն կընձեռեր ամրապնդվելու առաջատարների շարքում: Այս հանգամանքը սուր մրցակցության առիթ հանդիսացավ:

Երկու թիմերն էլ մարտական տրամադրությամբ էին մտել խաղադաշտ եւ առաջին իսկ րոպեներից դաշտում թեժ մրցակցություն ծավալվեց: Սակայն, ցավոք, խաղասկզբում արարատցիների թույլ տված երկու կոպիտ սխալները ի չիք դարձրին հաջողության հասնելու նրանց բոլոր ջանքերը: 5-րդ րոպեին պաշտպանության աջ թեւում Նավոյանն ու Ոսկանյանը գնդակը խաղարկելիս սխալվեցին, եւ Ռաֆայել Նազարյանը ճշգրիտ փոխանցումով դարպասապահի դիմաց մեն-մենակ դուրս բերեց Փաչաջյանին, որն էլ բացեց հաշիվը: 7 րոպե անց արարատցիները պաշտպանությունում հերթական կոպիտ սխալը թույլ տվեցին: Այս անգամ անհամաձայնեցված գործեցին դարպասապահ Ռադաջան եւ պաշտպան Նարիմանյանը: Առաջինը Գալուստ Պետրոսյանի փոխանցումից հետո ընդառաջ դուրս եկավ գնդակինՙ փորձելով տիրել, սակայն Նարիմանյանը եւս փորձեց կասեցնել գնդակըՙ այն ուղարկելով սեփական դարպասը:

Անհաջող խաղասկիզբը որոշ չափով ընկճեց արարատցիներին, թեեւ մինչեւ ընդմիջում նրանք կարող էին նույնիսկ հավասարեցնել հաշիվը: 2 անգամ գոլ խփելու հարմար առիթներ ստեղծվեցին Արթուր Պետրոսյանի համար, սակայն վերջինս վրիպեց: Դեռ նոր էր սկսվել երկրորդ խաղակեսը, երբ հերթական անփույթ խաղի պատճառով արարատցիները 3-րդ գնդակն ընդունեցին սեփական դարպասը: Կրկին իր վարպետությամբ աչքի ընկավ Ռաֆայել Նազարյանը, որը երկար փոխանցումով դարպասապահի դեմ-դիմաց հանեց Մանուչարյանին: Վերջինիս հարվածը հետ մղեց Ռադաջան, սակայն վրա հասած Գալուստ Պետրոսյանը գլխի հարվածով խոցեց դարպասը: «Փյունիկը», հասնելով շոշափելի առավելության, որոշ չափով թուլացրեց ճնշումը մրցակցի դարպասի վրա, ինչից անմիջապես օգտվեցին արարատցիներըՙ մեծ ուժերով դիմելով գրոհների: Նրանք նույնիսկ խաղի վերջին 20 րոպեներին տիրում էին նախաձեռնությանը, որի արդյունքում Մհեր Ավանեսյանը կրճատեց հաշվի տարբերությունը: Նվերը կարող էր եւս մեկ անգամ աչքի ընկնել, սակայն մոտ տարածությունից նրա գլխի հարվածը մի փոքր բարձր ստացվեց:

Հաշվետու խաղում կրկին իր բարձրության վրա էր «Լեռնագործ-Արարատի» դարպասապահ Ռադաջան, որը մի քանի անգամ թիմին փրկեց գոլերից: Այսպիսով, արարատցիները, որոնք մեկնարկում «Փյունիկին» զիջելուց հետո 6 խաղ անընդմեջ պարտություն չէին կրել, կրկին պարտվեցին չեմպիոնից: Սակայն, կարծում ենք, հուսահատվել պետք չէ: Թիմն ընդհանուր առմամբ վատ խաղ չի ցուցադրում եւ բոլոր հնարավորություններն ունի զարգացնելու հաջողությունը: Ի դեպ, «Ազգի» թղթակցի հետ զրույցում «Փյունիկի» գլխավոր մարզիչ Միխայ Ստոյկիցան էլ գովեստի խոսքեր հղեց արարատցիների հասցեինՙ նշելով, որ, ի տարբերություն թիմերի առաջին հանդիպման, «Լեռնագործ-Արարատի» խաղում զգալի առաջընթաց է նկատվում:

Հաջողության հասավ նաեւ երկրորդ տեղում ընթացող «Միկան», որը «Հրազդանում» հյուրընկալվել էր «Կիլիկիային»: Այս խաղում էլ բավական սուր մրցակցություն ծավալվեց: Երկու թիմերն էլ ունեցան դարպասները գրավելու հարմար առիթներ, սակայն գոլային իրական պահը ստեղծվեց 65-րդ րոպեին, երբ Նշան Էրզրումյանը գնդակով հայտնվեց ուղիղ դարպասապահի դիմաց: Ոտքի մի փոքր հպում եւ գնդակը կհայտնվեր դարպասում: Սակայն, չգիտես ինչու, կարծես անակնկալի եկած Նշանը հապաղեց, կորցրեց հավասարակշռությունը, դրա հետ մեկտեղՙ գոլային պահը: Իսկ ահա, «Միկայի» ֆուտբոլիստները հաղթանակ տոնելու իրենց հնարավորությունը ձեռքից բաց չթողեցին: Խաղավարտից 7 րոպե առաջ աջ թեւից Մարատ Մկրտչյանի փոխանցումը գլխի դիպուկ հարվածով եզրափակեց Արտյոմ Ադամյանը:

Ընթացիկ մրցաշրջանում չափազանց անհաջող է հանդես գալիս Գյումրու «Շիրակը»: Շիրակցիները, որ հազվադեպ էին պարտվում սեփական հարկի տակ, ընթացիկ առաջնությունում մեկը մյուսի հետեւից զիջում են մրցակիցներին: Հերթական խաղում էլ, հյուրընկալելով «Բանանցին», շիրակցիները կրկին գլխիկոր հեռացան խաղադաշտից: Թեեւ խաղասկիզբը հաջող դասավորվեց շիրակցիների համար, որոնք արդեն 17-րդ րոպեին Արտյոմ Հակոբյանի հարվածից հետո բացեցին հաշիվը: Ընդմիջումից հետո «Բանանցին» հաջողվեց բեկում մտցնել մրցակցությունում եւ Տիգրան Եսայանի ու Արամ Սարգսյանի խփած գոլերի շնորհիվ հաղթել:

Ընթացիկ առաջնությունում հաջող հանդես եկող «Դինամո-Զենիթի» ֆուտբոլիստներն էլ ամրապնդեցին իրենց դիրքերըՙ 2-1 հաշվով հաղթելով «Կոտայքին»: Այդ խաղում 58-րդ րոպեին 2-րդ դեղին քարտը ստանալով խաղադաշտը թողեց կոտայքցի Արման Մինասյանը, իսկ 85-րդ րոպեին մրցավար Շահինյանին հայհոյելու եւ հարվածելու համար դաշտից հեռացվեց Գագիկ Սուքիասյանը: Բնականաբար, կոտայքցիներին դժվար էր 9 հոգով դիմագրավել մրցակցին, թեեւ մինչ այդ հաշիվը հավասար էր (1-1): 27-րդ րոպեին հաշիվը բացել էր դինամոյական Ալբերտ Ներսիսյանը, 49-րդ րոպեին Սամվել Պետրոսյանը վերականգնել էր հավասարակշռությունը: Բայց ահա 77-րդ րոպեին կոտայքցի Ավետիք Կիրակոսյանը գնդակն ուղարկեց սեփական դարպասըՙ ապահովելով մրցակցի հաղթանակը:

Երկրորդ շրջանի մեկնարկը կրկին վկայեց, որ ընթացիկ առաջնությունում թե՛ մրցանակային տեղերի ե՛ւ թե բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար մղվող պայքարը բավական թեժ է լինելու:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ752017-717
2. Միկա851212-916
3. Դինամո-Զեն.834112-1013
4. Լ.-Արարատ833211-1112
5. Բանանց73228-711
6. Կիլիկիա82158-127
7. Շիրակ813410-136
8. Կոտայք80266-152

Ռմբարկուները

Գալուստ Պետրոսյան «Փյունիկ»6
Նշան Էրզրումյան «Կիլիկիա»5
Լեւոն Փաչաջյան «Փյունիկ»5
Արմեն Շահգելդյան «Միկա»4
Երվանդ Հակոբյան «Շիրակ»4
Նվեր Խաչատրյան «Դին.-Զենիթ»3
Էդգար Սաֆարյան «Լ.-Արարատ»3
Արամ Սարգսյան «Բանանց»3
Արտյոմ Ադամյան «Միկա»3

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4