Ամեն անգամ, երբ անցնում եմ Աբովյան փողոցի Ավետիք Իսահակյանի արձանի շրջակա հատվածով, ինձ թվում է, որ քաղաքի այս մասը գրավել է թշնամին: Որովհետեւ միայն թշնամին ծաղր ու ծանակի ենթարկելով ազգային մեծ բանաստեղծի հիշատակը հավերժացնող կոթողըՙ նրա անմիջական հարեւանությամբ կտեղադրի խորովածանոց, գիշերային սրճարան (ստրիպտիզ պարերով), պաղպաղականոցների սեղաններ ու զանազան կրպակներ: Իսահակյան փողոցի մասից արձանը լրիվ պատնեշվեց լաբիրինթոս հիշեցնող խանութների շարքով, որոնք հյուսիսից փակեցին արձանի տեսադաշտը: Ռուսն ասում էՙ «Ախորժակը բացվում է ուտելիս»: Լավ զգալով անպատժելիության մթնոլորտը, մյուս ընչաքաղցը թեւ առած, ներքին լկտիությամբ որոշեց իր եկամտի աղբյուրը կառուցել ճիշտ արձանի դիմացՙ դեպի Մոսկովյան փողոց: Երբեմնի ստորգետնյա անցումը քանդեցին եւ խորհրդավորության պայմաններում սկսեցին կառուցել նախ եռահարկ ստորգետնյա մասը, ապա ուղիղ մայթին, Աբովյան փողոցում կառուցվում է եռահարկ մի նոր ճաշարան: Ինձ շինարարության տեր քսակատերը չի զարմացնում, նա վաղուց արդեն այս երկիրը համարում է իր տնամերձըՙ այն գիտակցությամբ, որ անշուն գյուղ է մտել, ինչ ուզի կանի:
Ինձ զարմացնում է մեր քաղաքապետը, աշխատանքից չխուսափող եւ լրջմիտ մի անձնավորություն, որի հետ ես անձամբ խոսել եմ այս հարցի շուրջ: Նա ինձ ասացՙ թույլ չենք տա, որ մեկ մետրից ավելի բարձրանա շինությունը փողոցի կողմից, ուր էր թե... Ի՞նչ է, նա՞ էլ անզոր է: Թող հաշվեն, տեսնեն քանի մետրով բարձրացավ: Եվ ի՜նչ այլանդակություն է խոյանում քաղաքի սրտում: Երբ այս մասին դեռ աշնանը դիմեցի Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանին, նա ինձ ասացՙ կարգելենք, գրիր մեզ գրավոր: Ես գրեցի եւ ի՞նչՙ պատասխան ստացա մի այլ չինովնիկի ստորագրությամբ, որ քաղաքի այդ մասի տարածքների հարցերովՙ շինարարությամբ ու յուրացումով զբաղվում է Երեւանի քաղաքապետարանը:
Մենք ունենք քաղաքի գլխավոր ճարտարապետ, որը կարծեմ ունի ճարտարապետի դիպլոմ եւ ինչ-որ մի ֆրանսիական շքանշան: Ահա այդ շքանշանակրին ես հարց եմ տալիսՙ Փարիզում ի՞նչ կանեին այն մարդուն, որն ուղիղ Բալզակի արձանի առջեւ ռեստորան կառուցեր, այն էլ ամենակենտրոնական փողոցի մայթի վրա: Հավատացած եմ, կգամեին անարգանքի սյունին, նորակառույցը քանդելուց հետո:
Այն, ինչ կատարվում է նշածս հատվածում, երկակի հանցագործություն է նախ քաղաքաշինական, ճարտարապետական տեսանկյունից, երբ երբեմնի ծաղկուն այգին, ինչպես նոր տարվա տորթը, կտոր առ կտոր բաժանվում է մի խումբ գիշատիչների միջեւ, շենք է կառուցվում մայթինՙ խափանելով հետիոտնի ճամփան, եւ ամբողջապես խափանվում են տեսադաշտն ու հրապարակի անսամբլը: Եվ երկրորդՙ սա հանցանք է լայն քաղաքական առումով, քանզի նման շինությունների տերն ու պատվեր կատարողն առանց այդ էլ մեր անհանգիստ Երեւանում բազմապատկում են դժգոհ մարդկանց քանակը, սրում ժողովրդին ղեկավարության դեմ: Երեւանյան իշխանությունների վերջին տարիների քաղաքականությունըՙ ազգային սրբությունների աղավաղումըՙ Օպերայի հրապարակ եւ Հրազդանի կիրճի տարածք, Իսահակյանի արձանի հրապարակ եւ պուրակ, բենզինի լցակայանների անվերջ աճ գեղատեսիլ վայրերում, միայն ցասում ու բողոք է առաջացնում ժողովրդական զանգվածների շարքերում: Ոչ մի հանճարեղ ընդդիմադիր չի կարող այդպես վարպետորեն լարել զանգվածներին իշխանության դեմ, քան մեր քաղաքի պատասխանատուները: Նրանք նման օբյեկտների առաջ կանաչ լույս վառելով արջի ծառայություն են մատուցում երկրի ղեկավարությանը: Հավատացնում եմ, մի քանի «զորեղ» դրամաքսակատերերին կամ պաշտոնյաներին հագուրդ տալով, բարձրագույն իշխանությունը շատ ավելին է կորցնում: Ժողովուրդը սկսում է հեռանալ իշխանություններից, մարդիկ սկսում են մտածել, որ այս երկրում փողով կարելի է ամեն ինչ անել: Ինչ է, չկա՞ն մեծահարուստներ, մեծ պաշտոնյաներ Փարիզում կամ Լոնդոնում, սակայն նրանք հո չեն գցում իրենց քաղաքի ճարտարապետական տեսքըՙ օրը ցերեկով ծաղրելով բոլորին ու արհամարհելով ռեստորան չեն կառուցում քաղաքի ամենաբանուկ փողոցում, ամենահայտնի մարդու արձանի դիմաց:
Եկեք կշեռքի վրա դնենք մի կողմից իմ հիշատակած մի քանի «ամենազորեղների» շահերը (որոնց կրծքով պաշտպանում են քաղաքապետարանի չինովնիկները եւ գլխավոր ճարտարապետը) եւ հարյուր հազարավոր երեւանցիների դժգոհությունն ու վրդովմունքը եւ, բնականաբար, նման գործընթացից ծագած քննադատությունը վերեւների հանդեպ, եւ տեսնենք, թե որ նժարը կգերազանցի...
Կուզեի այս ամենի վրա սեւեռեր իր ուշադրությունը մեր ղեկավարությունը: Քաղաքական խնդիրներին, իսկ դրանց հիմքում առաջնային դեր ունեն ժողովրդի համակրանքն ու հավատը, չի կարելի ընթացք տալ հօգուտ մի շարք մեծահարուստ ու մեծապաշտոն մարդկանց ընչաքաղց շահերիՙ անտեսելով հարյուր հազարավոր մարդկանց կարծիքը:
ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր