«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2004-06-05 | #104, 2004-06-08 | #105, 2004-06-09


ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՆՇԱՆԱՎՈՐ ՄԻ ՀԱՅՈՐԴԻ

Օրերս Բրյուսելից տխուր լուր ստացա: Վախճանվել է Բելգիայի հայկական համայնքի նահապետ, ճանաչված եգիպտագետ Արբակ Մխիթարյանը: Ողբացյալին ծանոթացա, երբ 1962-ին, ընկերակցությամբ փարիզահայ նշանավոր ճարտարապետ Էդվարդ Ութուճյանի, ժամանել էին Երեւան: Իմ ուղեկցությամբ գնացինք դեպի Ավան, Պտղնի, Բջնի, Սեւանա վանքը, ծանոթացրի հայ ճարտարապետության այդ քարակերտ գոհարներին:

Ծանոթությունն Արբակ Մխիթարյանի հետ ամրապնդվեց եւս մի քանի հանդիպումներով ու տեւական նամակագրությամբ (որոնք պահ են տրված ՀՀ ճարտարապետության թանգարան-ինստիտուտին):

Ստորեւ հատվածաբար ներկայացնում եմ իմ «Արվեստակից ժամանակակիցներս» (Երեւան, 2001, էջ 440444) գրքում տպագրված իր հակիրճ կենսագրությունը:

Ծնվել է 1911-ի հունվարի 24-ին Եգիպտոսի Թանթահիրե քաղաքում, որտեղ ստացել է իր հայեցի կրթությունը, հիանալի տիրապետել ոչ միայն հայերենին, այլեւ ֆրանսերենին եւ արաբերենին: Բարձրագույն կրթություն ստանալու փափագով մեկնել է Բելգիա: Ուսանել է Լյեժի համալսարանի հնագիտության ֆակուլտետում ու գեղարվեստի բարձրագույն դպրոցում, երկուսն էլ ավարտել է 1932-ին: Ուսման տարիներին բախտ է ունեցել ծանոթանալու, հրապուրանքով ունկնդրելու մեծ հայագետ Նիկողայոս Ադոնցին, դարձել նրա երկրպագուն: Եգիպտագիտության դասախոսությունների է մասնակցել հանրաճանաչ եգիպտագետ Կապարիի մոտ, արժանանալով նրա գնահատանքին ու հովանավորությանը: Երբ նա վախճանվել է 1942-ին, համաձայն իր կտակիՙ Արբակ Մխիթարյանն ստանձնել է Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու անվան եգիպտաբանության ինստիտուտի ընդհանուր քարտուղարի պաշտոնը, նաեւ արաբերեն դասավանդել:

Պրոֆեսոր Արբակ Մխիթարյանը հեղինակ է բազում աշխատությունների ու հիմնարար երկու մենագրության: Դրանցից առաջինը նվիրված է Հին Եգիպտոսի որմնանկարչությանը (Ka Peintur Egiptienne), որը լույս է տեսել երկու անգամ (1954, 1979 թթ.): Նրանում ըստ Եգիպտոսի թագավորությունների չորս շրջանների հաջորդաբար ներկայացված են դամբարանային որմնանկարչության բացառիկ, ուշագրավ նմուշների արվեստաբանական վերլուծությունները:

Մյուս աշխատությունըՙ շարադրված հայ նշանավոր արվեստաբան Սիրարփի Տեր-Ներսիսյանի հեղինակությամբ (առանձին-առանձին ֆրանսերեն եւ անգլերեն), լույս է տեսել 1986-ին Անթիլիասում: «Miniatures arme՛niennes d՛Ispahan» խորագիրը կրող այս ուշագրավ ու խիստ արժեքավոր մենագրությունը նվիրված է Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքում պահվող մանրանկարչական բազմահարուստ ու բազմաբովանդակ նմուշների պատկերագրական ու արվեստաբանական վերլուծությանը: Գիտնականների համընդհանուր կարծիքով, հեղինակները արժեքավոր ներդրում են կատարել հայ արվեստաբանության մեջ:

Ողբացյալն իր բեղմնավոր գիտա-դասախոսական գործունեությանը տասնամյակներ շարունակ զուգակցել էր ակտիվ հասարակական գործունեությունը: Նախագահն էր Բելգիայի, մասնավորապես Բրյուսելի հայկական համայնքի: Բրյուսելում իր նախաձեռնությամբ գործում էր «Հայտուն» ակումբը, իսկ այնտեղՙ երկօրյա դպրոցը:

Արբակ Մխիթարյանին հաճելի առիթներ եմ ունեցել նաեւ հանդիպելու հայ արվեստին նվիրված միջազգային գիտաժողովներում, որոնք տեղի են ունեցել Իտալիայում, Ֆրանսիայում եւ Հայաստանում: Վերջինի (տեղի ունեցած 1987-ին) մասին հիշատակ է մնացել ինձ ուղղված նամակը, որում գրել էր. «Անգամ մը եւս կու գամ հայտնելու քեզի իմ հրճվանքըՙ զքեզ քաջառողջ վիճակի տեսնելու համար: Նաեւ երախտապարտ եմ, որ քու առաջարկիդ շնորհիվ երջանկություն ունեցա նորեն հայրենիքը տեսնելու, հին բարեկամներուս հանդիպելու, եւ կնոջս (ֆրանսուհի) ցուցնելու մեր երկիրը: Չես կրնար երեւակայել, թե որքան խանդավառված ենք այդ այցելությամբ, ձեր բոլորիդ բարյացակամ հյուրասիրությամբ, հոյակապ մեր հուշարձաններով զորս կարողացավ (նկատի ունի կնոջը-Վ. Հ.) իր աչքով տեսնելու: Մեկ խոսքովՙ ջերմ մթնոլորտում շրջապատեց զմեզ մեր ճամբորդության ընթացքին: Ուրախ պիտի ըլլանք, եթե կրկին հանդիպելու առիթ ունենանք»:

Ցավոքՙ չունեցավ:

ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4