«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2004-06-05 | #104, 2004-06-08 | #105, 2004-06-09


ԲԱՑՎԵՑ ՏԻԳՐԱՆ ՆԱՂԴԱԼՅԱՆԻ ՀՈՒՇԱՏԱԽՏԱԿԸ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տիգրան Նաղդալյանի լուսավոր հիշատակը հավերժացնող հուշատախտակի վրա գրված է ընդամենը 2-3 տող ու չի գրված այն ամենը, ինչ կարող էր լինել: Վստահ եմ, որ դա էլ կլինի, կգա ժամանակ, երբ գնահատվի ու ներկայացվի Հայաստանում ազատ խոսքի, ազատ լրագրության զարգացման պատմությունը, Տիգրանի անունը կլինի առաջին էջերում, քանի որ նրա նման մարդիկ ծնվում են մեկ անգամ ու մնում ընդմիշտ», ասաց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը` այսօր ականավոր լրագրողի, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության առաջին նախագահ Տ. Նաղդալյանի ծննդյան 38-ամյակի կապակցությամբ Զաքյան 8 հասցեով բնակելի տան պատին հուշատախտակի բացման արարողությանը:

«Տիգրան Նաղդալյանն ընդամենը 36 տարեկան էր, լի համոզմունքներով եւ իր խոսքը տեղ հասցնելու, ծրագրերն իրագործելու վճռական մտադրությամբ, որոնցից մի քանիսը հասցրեց կյանքի կոչել», ասաց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը:

Հանրային հեռուստառադիո ընկերության նախագահ Ալքեսան Հարությունյանը նշեց, որ հուշատախտակը ոչ միայն տուրք է ականավոր լրագրողի հիշատակին, այլեւ հիշեցում բոլորին. փորագրված 1966-2002 տարեթվերը պետք է վկայեն Տիգրանի երիտասարդ կյանքի ընդհատվելը եւ դրա պատճառները: Նա նաեւ տեղեկացրեց, որ եթե ոչ այս տարի, ապա հաջորդ տարեսկզբից կգործի Տ. Նաղդալյանի անվան հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիա, իսկ մասնավոր հեռուստաընկերություններից մեկը սահմանում է նրա անվան մրցանակ:

Վլադիմիր Պետրոսյանի հեղինակած հուշակոթողը բացեցին Տիգրան Նաղդալյանի հայրը եւ ընկերը` Հայաստանի հանրային հեռուստառադիո ընկերության նախագահ Ալեքսան Հարությունյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4