Արմեն Ջիգարխանյանը որոշել է չխաղալ բեմում: Պատճառը դերասանի առողջական խնդիրներն են: Այս լուրը երեկ ինտերնետային ցանցում ներկայացված էր հետեւյալ կերպ. «Ծանր հիվանդությունը մեզանից խլեց մեծ դերասանին»: «Ֆեդերալ պոստ» կայքում այս նախադասությունն ընթերցողն անհանգստությամբ ու մեծ ափսոսանքով ցանցի հաջորդ պահանջը կատարելուց հետո հնարավորություն ստացավ կարդալուՙ «Մոսկվան կորցրեց մեծ արտիստին»: Եվ նման անհանգստություն ու ափսոսանք առաջացնող լուրին ծանոթանալուց հետո միայն համբերությամբ զինվածները կայքից կայք 10 րոպեից ավել տեւող դեգերումներից հետո կարողացան պարզել բուն տեղեկությունը: Իհարկե, այս փաստով չես զարմացնի, քանի որ եզակի չէ: Սակայն պակաս ափսոսանք չի առաջացնում նաեւ այն, որ նման էժանագին միջոցներով սեփական հեղինակությունը մի կարճ ընթացք բարձրացնելու համար մարդիկ անցնում են մարդկայնության վրայով եւ անունը դնում պրոֆեսիոնալիզմ:
Հռչակավոր դերասանը ողնաշարի հիվանդության պատճառով չի կարողանում տեւականորեն գտնվել բեմում, եւ ի վերջո հիվանդության տառապանքները ստիպել են ընդունել բեմից հեռանալու որոշում: Հուրախություն Ջիգարխանյանի երկրպագուների, արտիստն, այնուամենայնիվ, կշարունակի նկարահանվել կինոյում եւ ներկայումս ընտրում է համապատասխան սցենար: