«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#103, 2004-06-05 | #104, 2004-06-08 | #105, 2004-06-09


ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՆՎԻՐՎԱԾ ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Այս տարվա հունիսի 17-ին լրանում է հայ հանճարեղ շախմատիստ, աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի ծննդյան 75-ամյակը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի առաջարկությամբ ՖԻԴԵ-ն 2004 թ. պաշտոնապես հռչակել է Տիգրան Պետրոսյանի տարի: Ինչպես տեղեկացանք Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Հովհաննիսյանից, ՀՀ կառավարության որոշմամբ Պետրոսյանի հոբելյանը մեր երկրում նշվում է պետական մակարդակով: Ստեղծվել է կառավարական հոբելյանական հանձնաժողով ՀՀ պաշտպանության նախարար, շախմատի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Հոբելյանական հանձնաժողովը մշակել եւ իրականացնում էր միջոցառումների լայն ծրագիր: Արդեն անցկացվել են չեմպիոնի հոբելյանին նվիրված մի ամբողջ շարք խոշոր միջոցառումներ: Երեւանում տարեսկզբին կազմակերպվել է Հայաստանի ուժեղագույն պատանի շախմատիստների հոբելյանական մրցաշար: Ստեփանակերտում ընթացավ Պետրոսյանի միջազգային խոշոր հուշամրցաշար, որը մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 9-15-ը Մոսկվայում կկազմակերպվի տարվա ամենաուշագրավ մարզական իրադարձություններից մեկը. «Պետրոսյանական» թիմը կմրցի աշխարհի հավաքականի հետ: Պետրոսյանականների կազմը կգլխավորի աշխարհի ուժեղագույն շախմատիստ Գարի Կասպարովը: Թիմում ընդգրկվել են նաեւ Վլադիմիր Հակոբյանը, Ռաֆայել Վահանյանը, Սմբատ Լպուտյանը, Պետեր Լեկոն, Բորիս Գելֆանդը: Աշխարհի հավաքականի կազմում հանդես կգան Վիշվանաթան Անանդը, Պյոտր Սվիդլերը, Մայքլ Ադամսը, Էթյեն Բաքրոն, Ֆրանսիսկո Վալեխոն եւ Լյուկ վան Վելին:

Նոյեմբերին Տիգրան Պետրոսյանին նվիրված 2 խոշոր մրցաշար կանցկացվի Երեւանում: Նախ կընթանա միջազգային բաց մրցաշար, ապա կանցկացվի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունը: Դեկտեմբերին նախատեսվում է ինտերնետի միջոցով Պետրոսյանի միջազգային հուշամրցաշար անցկացնել Հայաստանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ Հնդկաստանի հավաքականների մասնակցությամբ: Այս տարի Տիգրան Պետրոսյանի անունով է կոչվել Ապարանի կենտրոնական հրապարակը: Նախատեսվում է մինչեւ տարեվերջ այստեղ տեղադրել Պետրոսյանի հուշարձանը: Աշխարհի 9-րդ չեմպիոնի եւս մեկ հուշարձան կհառնի Երեւանի Դավիթաշեն թաղամասում: Ակադեմիկոս Գեւորգ Բրուտյանը լույս է ընծայել «Տիգրան Պետրոսյանն իմ հուշաշխարհում» գիրքը: Հայերենով եւ անգլերենով լույս է տեսել Գագիկ Հովհաննիսյանի «Տիգրան Պետրոսյանը լուսանկարներում, գրոհներում, ասույթներում» գիրքը: Հայաստանի ազգային գրադարանը պատրաստել է Տիգրան Պետրոսյանին նվիրված հրատարակությունների ցուցահանդես: Շուտով կթողարկվի նամականիշՙ նվիրված Տիգրան Պետրոսյանի հոբելյանին: Հունիսին Մոսկվայում, իսկ նոյեմբերինՙ Երեւանում կկայանան հանդիսավոր նիստեր նվիրված հանճարեղ շախմատիստին:

Հայ ականավոր շախմատիստին նվիրված բազմապիսի միջոցառումներ կանցկացվեն հանրապետության տարբեր բնակավայրերում, ինչպես նաեւ սփյուռքում եւ արտասահմանյան շախմատային մի շարք կենտրոններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4