ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆԻՍ,, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունիսի 9-ին ՀՀ քաղաքաշինության նոր նախարար,, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Արամ Հարությունյանը ներկայացվեց նախարարության աշխատակազմին: Նրան ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանը, որը նշեց, որ նորանշանակ նախարարը լիովին տիրապետում է ոլորտին, քանի որ մասնագիտությամբ ճարտարագետ-շինարար է: Ա. Հարությունյանը հայտարարեց, որ պատրաստակամ է աշխատել գործադիր իշխանության բոլոր օղակների հետ եւ իրականացնելու է նախարարության գործառույթներով նախատեսված բոլոր աշխատանքները: Նա հայտնեց նաեւ, որ չի պատրաստվում «շատ արագ կատարել կադրային փոփոխություններ»: Ըստ նրա, կադրային փոփոխությունների իրականացման դեպքում հաշվի է առնվելու աշխատողների մասնագիտական մակարդակը եւ աշխատանքային փորձը: Ա. Հարությունյանը ղեկավարել է մի շարք ձեռնարկություններ, եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր: Ամուսնացած է, ունի երկու դուստր: