«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2004-06-08 | #105, 2004-06-09 | #106, 2004-06-10


ՍԻԼՎԱ ԿԱՊՈՒՏԻԿՅԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍՈՒՄ

Սփյուռքի ամենահեռավոր անկյունումՙ Արգենտինայում, հայ մշակութային եւ կրթական կյանքը բնականոն ընթացք ունի:

Վերջերս, ինչպես հայտնի է, այնտեղ էր Ամենայն հայոց կաթողիկոսը, որի ներկայությունն արդեն իսկ նոր աշխուժության ու խանդավառության մթնոլորտ բերեց:

Մայիսն այստեղ աշնան վերջին ամիսն է, երբ, ինչպես ասում ենՙ քնարական թախիծը խորանում է: Բուենոս Այրեսի հայ համայնքի համար «Մարի Մանուկյան» վարժարանն այս օրերին կազմակերպել էր գրական հանդիսությունՙ նվիրված հայ մեծանուն բանաստեղծուհի, կենդանի դասական Սիլվա Կապուտիկյանին:

Վարժարանի սրահը լեփ¬լեցուն էր հայ մշակույթի սիրահարներով, ինչը գալիս էր վկայելու, թե Նահանջի ճանապարհների գլխավոր «արգելքը» նորից մնում է մեր բանաստեղծության միջնաբերդը: Ներկաների մեջ շատ էին երիտասարդներ ու պատանիներ: Բոլորն էլ հուզված էին ու հպարտ, որ կրկին առիթ կա խոսելու ու լսելու հայ գրականության մասին:

Հանդիսության կազմակերպիչը, ՀԲԸՄ «Մարի Մանուկյան» վարժարանի հայկական բաժնի պատասխանատու մի՛շտ խանդավառ Ռոսիթա Յուսուֆյանն էր, որի զեկուցումը եւ ցուցադրվող սլայդները հագեցած էին բանաստեղծական ճաշակավոր ընտրությամբ, Հայաստանի պատկերներով: Ուսուցչուհին այդ ամենը հոգածութեամբ պատրաստել էր բարձր դասարանների աշակերտների հետ եւ դա համարում է իր գրական կարեւոր դասերից մեկը: Վերջում նա կարդաց Ս. Կապուտիկյանի գրությունը Ստեփանակերտի մասին, որով եւ լսարանին անսահման հուզմունք պատճառեց:

Հնչեցին նաեւ տպավորիչ, սրտառուչ ու ջերմ ելույթներ: Ս..Կապուտիկյանի մասին էին խոսում եւ բանաստեղծություններ կարդում վարժարանի ուսուցչուհի Մարգարիտ Քոչակը, աշակերտուհի Հասմիկը, տիկնանց հանձնախմբիցՙ Մարո Արթինյանը, հինգ տարեկան Օֆելյան եւ ուրիշներ: Վարժարանի մանկապարտեզի երգչախումբը սիրով կատարեց բանաստեղծուհու գործերի հիման վրա գրված երգեր:

Միջոցառման ավարտին Տիկին Ռոսիթան խոստովանեց, որ աշակերտների հետ որոշ դժվարություններ ունեին լեզվի առումով եւ նյութեր հայթայթելիս: Սակայն, կարծում է, որ դժվարությունները հաղթահարելով է գալիս իսկական սերը հայրենի գրական բարձր արժեքների հանդեպ:

ԼՈՒՍԻՆԵ ՏՈՆՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4