«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2004-06-08 | #105, 2004-06-09 | #106, 2004-06-10


ՀԱՎԱՏ, ՈՐ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԲՈԼՈՐԻՍ ԵՐԱԶԱԾ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Երեկ ՀՀ նախագահի հրամանագրով Հանրապետության տոնի կապակցությամբ իրավապահ մարմինների` ոստիկանության, դատախազության, անվտանգության, աշխատակիցներ, բժիշկներ, գիտնականներ պարգեւատրվեցին Սբ. Մեսրոպ Մաշտոց, Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշաններով, Մխիթար Հերացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Արիության, Մարտական ծառայության մեդալներով, ՀՀ նախագահի շնորհակալագրերով: «Բարի ավանդույթ է ձեւավորվել, երբ պետական տոների առթիվ տարբեր ճյուղեր, գերատեսչություններ, մասնագիտություններ ներկայացնող մեր քաղաքացիները պարգեւատրվում են, ասաց հանրապետության նախագահը: Այստեղ հավաքված են մարդիկ, ովքեր իրենց աշխատանքով վաստակել են այսպիսի վերաբերմունք: Այս ցուցակում հայտնվելն առաջին հերթին նշանակում է, որ դուք հեղինակություն եք վայելում ձեր բնագավառում, իսկ հեղինակությունը չի լինում առանց երկարատեւ եւ քրտնաջան աշխատանքի»:

Մխիթար Հերացու մեդալով պարգեւատրված «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Լիդա Մուրադյանը շնորհակալության խոսքում ասաց, որ առողջապահության համակարգի յուրաքանչյուր աշխատող նույնպես ծառայում է հայրենիքին թե լավ, թե վատ օրերին: «Եթե երկու կյանք ինձ տրվի, ես կրկին կընտրեմ առողջապահության համակարգն ի շահ մեր երկրի, մեր ժողովրդի»:

ԵՊՀ պատմության թանգարանի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Լյուդվիգ Ղարիբջանյանը պարգեւատրվեց Մովսես Խորենացու մեդալով: «Սրտանց շնորհակալություն եմ հայտնում մեր սերնդի աշխատողներին գնահատելու համար, - ասաց նա: Մեր ժողովուրդն ասում է. «Հիշիր, որ հիշվես, գնահատիր, որ գնահատվես, հարգիր, որ հարգվես»: Իմ աշխատանքի ընթացքում շատ շքանշաններ ու մեդալներ եմ ստացել, բայց մեր պատմահայր Մովսես Խորենացու մեդալը ստանալը համարում եմ շատ մեծ պատիվ, հարգանք մեր հայրենիքի ու ժողովրդի համար կատարած գործի համար»:

Մարտական ծառայության մեդալով պարգեւատրվեցին Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները:

Հայաստանում Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ծառայության Լենինականի կարմրադրոշ սահմանապահ ջոկատի պետ գնդապետ Յուրի Ուսովը, որ մարտական ծառայության մեդալով պարգեւատրվածներից մեկն էր, ասում է, որ պարգեւը միայն իրենը չէ, բոլոր սահմանապահներինն է: «Բայց նաեւ բնական է, հպարտանում եմ, որ ինձ է բախտ վիճակվել ստանալ այն: Սա Հայաստանի բոլոր քաղաքացիների վստահությունն է մեր ու մեր գործի հանդեպ», ասաց գնդապետը:

Մեր իրավապահ մարմինների աշխատանքը գնահատելու համար երկրի ղեկավարն առաջարկեց Հայաստանի Հանրապետության անվտանգության մակարդակը համեմատել այլ, նույնիսկ զարգացած երկրների հետ: «Տարբերությունն էական է, ասաց նա: Սա վկայակոչում է մեր իրավապահ մարմինների ամենօրյա եւ արդյունավետ աշխատանքի մասին: Մենք ապրում ենք մի շատ պատասխանատու ժամանակահատվածում, եւ հենց այս պահին է պետք մեծ հավատ սեփական ուժերի, այն պարզ ճշմարտության հանդեպ, որ աշխատանքը եւ նախաձեռնությունը հաղթահարում են բոլոր արգելքները: Մեզ ցանկանում եմ հավատ, որ կառուցելու ենք բոլորիս երազած հայրենիքը»:

ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4