«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#104, 2004-06-08 | #105, 2004-06-09 | #106, 2004-06-10


ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՊԱՍՏՈՒՄ ԵՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՍՏՎԵՐԱՅՆԱՑՄԱՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Հայաստանում ստրկական աշխատանք հիշեցնող դաժան շահագործման երեւույթին անդրադարձել ենք մեր թերթի նախորդ համարներից («Ազգ», 2004թ. 2 հունիսի) մեկում: Սակայն դա ամբողջը չէ: Ցածր աշխատավարձերը, 1214-ժամյա եւ առանց հանգստյան օրերի աշխատանքը «գործարար» խավը զուգակցում է հարկերից խուսափելով եւ վաճառվող ու արտադրվող ապրանքների գների պարբերաբար բարձրացումներով: Հասկանալի է, որ այս գործողություններին զուգահեռ աշխատակիցների աշխատավարձերը չեն բարձրացվում: Այսինքն, ապօրինի գերշահույթ է կորզվում երեք ուղղությամբ: Հարց է առաջանում, իսկ ինչո՞վ են զբաղված իշխանությունները եւ ինչու չեն պաշտպանում պետության եւ բնակչության շահերը: Դժբախտաբար, իշխանությունները ոչ միայն էական ոչինչ չեն ձեռնարկում, այլեւ իրենք են ստեղծում այդ վիճակը եւ իրենց «հալալ» բաժինը ստանում ստացվող գերշահույթներից: Մասնավորապես հարկերից խուսափելու եթե ոչ գլխավոր, ապա հիմնական պատճառներից մեկը հարկային, մաքսային մարմինների եւ սոցիալական հիմնադրամի աշխատակիցներիՙ կաշառք ստանալու միջոցով ձեռներեցներին արվող նպաստավոր առաջարկներն են, այդ նպատակին հարմարեցված օրենսդրական դաշտը:

Հարկային մարմինների աշխատակիցների գործուն մասնակցությամբ են պարզեցված հարկ վճարող առեւտրի օբյեկտները մի քանի անգամ ցածր ցույց տալիս իրենց ապրանքաշրջանառությունը: Նախ պարզաբանենք, որ պարզեցված հարկը փոխարինում է ավելացված արժեքի հարկին եւ շահութահարկին: Այդ հարկատեսակով աշխատող տնտեսվարողը պետությանն է վճարում իր ապրանքաշրջանառության 3,5 տոկոսի չափով գումար: Իսկ թե որքան կարելի է ցույց տալ եւ որքանը որպես կաշառք վճարելով շահել, ամեն մի հարկային տեսուչ կարող է ասել: Օրինակՙ ապրանքաշրջանառությունը, ենթադրենք, 1,7 մլն դրամ ներկայացնելու եւ 60 հազար դրամ պարզեցված հարկ վճարելու փոխարեն, խանութի տերը հարկային տեսուչի խորհրդով ներկայացնում է 570 հազար դրամ ապրանքաշրջանառություն եւ վճարում 20 հազար դրամ պարզեցված հարկ:

Նշենք, որ առանց դրա էլ առեւտրով զբաղվողները լավագույն դեպքում ներկայացնում են իրենց իրական ապրանքաշրջանառության 2025 տոկոսը: Հարց է առաջանում, իսկ 60 հազարի եւ 20 հազարի տարբերությունը ո՞ւր է կորչում: Կախված հարկային տեսուչի ախորժակից, այդ 40 հազարից 1520 հազարը նա գրպանում է, իսկ մնացածն էլ առեւտրականի արդեն իսկ ստվերային շահույթն է լրացնում: Հասկանալի է, որ գրպանված գումարը կառույցի հիերարխիայով վեր է բարձրանում մինչեւ ավելի բարձր պաշտոնյաներ:

Մինչդեռ «Պարզեցված հարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունից առաջ ստվերի դեմ պայքարելու որոշակի մեխանիզմ գոյություն ուներ, որը խրախուսում էր հարկատուին օրենքով գործել: Այսինքն, փաստաթղթով հիմնավորված, որպիսին համարվում էր նաեւ հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոնը, ապրանք վաճառելու դեպքում վճարվող հարկի տոկոսադրույքն իջնում էր 5 տոկոսից մինչեւ 2 տոկոս: Այսպիսով, ստվերի եւ հարկային ծառայության կամայականության դեմ պայքարելու գործուն մեխանիզմ էր ստեղծվել: Սակայն, հավանաբար, դա հարկային ծառայության աշխատակիցների սրտով չէր: Կաշառք ստանալու հնարավորություններն էին նվազում, իսկ որպեսզի այդ կասկածը չառաջանա, օրենքի փոփոխությունն առաջարկվեց ֆինանսների նախարարության կողմից:

Նշենք, որ վերոնշյալ օրինակը կիրառվում է այսպես ասած «անտեր» խանութների եւ առեւտրի օբյեկտների դեպքում, իսկ հզոր հովանավոր ունեցողներն առանձնապես հարկային տեսուչի խորհրդի կարիք չեն էլ ունենում: Նրանք վճարում են այնքան հարկ, որքան ցանկանում են, եւ որեւէ հարկային տեսուչ չի համարձակվի անհանգստացնել իր խորհուրդներով: Հասկանալի է, որ վճարվում է անհամեմատ ավելի քիչ, կարելի է ասել, խորհրդանշական գումար: Իսկ եթե հովանավորներն այդքան հզոր չեն, ապա ընտրվում են այլ տարբերակներ: Մասնավորապես, նորաստեղծ սուպերմարկետներն աշխատում են պարզեցված հարկով, մինչդեռ այդ հարկատեսակով կարող են աշխատել մինչեւ 50 մլն դրամ ամսական շրջանառություն ունեցող օբյեկտները, եւ համապատասխանաբար վճարում դրա 3,5 տոկոսը: Այն դեպքում, երբ սուպերմարկետների միայն քանի օրվա շրջանառությունը 50 մլն դրամ է կազմում: Կամ դիմում են հարկային ծառայությանը, հայտնելով իրենց գործունեության դադարեցման մասին, բայց շարունակում կանոնավոր աշխատել: Բնականաբար, ոչինչ չվճարելով: Ավելի ճիշտ, ոչինչ չվճարելով պետբյուջեին: Ինքնին հասկանալի է, որ վերոնշյալ դեպքերում անհնար է «չփոխհատուցել» հարկային ծառայությանը:

Սոցիալական (կենսաթոշակային) հիմնադրամում պատկերը նույնն է: Այս կառույցի տեսուչները նույնպես ոչ պակաս շահավետ առաջարկներ են ներկայացնում որոշ «հարիֆ» (որոնք չեն ցանկանում շատ հեռանալ օրինական գործունեությունից) խանութների տերերի, առաջարկելով օրինակՙ 8 աշխատակիցների փոխարեն հիմնադրամին ներկայացնել 3 աշխատակցի տվյալներ: Դրա շնորհիվ 40 հազար դրամի փոխարեն խանութի սեփականատերը հիմնադրամին վճարում է 15 հազար դրամ, իսկ տեսուչին որպես կաշառք «բարի» խորհրդի համարՙ 10 հազար դրամ (որը նույնպես բաժանվում է վերադասների միջեւ): Դարձյալ շահում են չինովնիկն ու «գործարարը» եւ տուժում պետբյուջեն, այսինքն մենք բոլորս:

Վերոնշյալ օրինակները ներկայացնելով, հարկ ենք համարում տնտեսական աճի տոկոսներից իրենց ոգեւորությունը չթաքցնող երկրի ղեկավարներին առաջարկել, որ այդ տոկոսների եւ բնակչության սոցիալական կացության վրա դրանց ազդեցության բացակայության պատճառները փնտրեն հենց նշված երեւույթների մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4