«Մեր գիտական փորձը կավարտենք ոչ թե կառավարության, այլ հայտնի գործարար Հրանտ Վարդանյանի օգնությամբ: Մեկ տարի հետո հանդիսավոր բացում կլինի մեր մեծ աշխատանքի եւ «Գրանդ հոլդինգի» շնորհիվ»: Այս խոսքերը «Արեւ» նախագծի հեղինակ, ակադեմիկոս Պարիս Հերունին ասաց մոտ մեկ տարի առաջ, երբ հայտնի մեկենաս Հրանտ Վարդանյանի հրավերով Արագածի արեգակնային կայան այցելեցին մի խումբ լրագրողներ: Այդ պահին բոլորը համոզված էին, որ 1996 թվականից կիսատ մնացած կայանը, որի աշխատանքները մոտ 70 տոկոսով ավարտված են, մեկ տարի հետո կաշխատի։ Սակայն ձգձգումները շարունակվում են: Պատճա՞ռը:
Արեգակնային կայանը ավարտին հասցնելու համար նախատեսված է 1,5 մլն դոլար, ինչը Հերունու կարծիքով բավականին փոքր գումար է էներգետիկայի բնագավառի համար: Այնինչ «Գրանդ հոլդինգի» մասնագետների նախնական հաշվարկով կայանը ավարտուն տեսքի բերելու համար կպահանջվի ոչ թե 1,5, այլ մոտավորապես կրկնակի գումար:
«Արեւ» նախագիծը գիտականորեն արդյունավետ է ներկայացվում, սակայն պետք է պարզել նաեւ ֆինանսական արդյունավետությունն ու նպատակահարմարությունը: Մեր մասնագետները դեռ վերջնական որոշում չեն կայացրել, եւ հայտնի չէ, թե երբ կավարտեն հաշվարկը», ասում է «Գրանդ հոլդինգի» մամլո քարտուղարը: Իսկ Գումարի ավելացումը նախագծից հրաժարվելու պատճառ կդառնա՞: «Հրանտ Վարդանյանն «Արեւ»-ից հրաժարվելու մտադրություն չունի, քանի որ նրա համար գումարի հավելումը էական նշանակություն չունի, կարեւորը նպատակն է», ավելացրեց նա:
Մինչ «Գրանդ հոլդինգի» մասնագետները կավարտեն արեւային կայանի համար անհրաժեշտ գումարի հաշվարկը, Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց 50 մլն դրամ հատկացնել Հերունու նախագծի համար: Որոշում, որն առ այսօր գործի չի վերածվել, հիմա էլՙ չինովնիկական թղթավարության պատճառով:
«Առաջին եռամսյակում պիտի ստանայինք 7 մլն դոլար, իսկ մնացածըՙ տարեվերջին, բայց օրական մի փաստաթուղթ են ուզումՙ մե՛կ ֆինանսների եւ էկոնոմիկայի, մե՛կ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարություններից: Հիմա էլ շինարարների մրցույթ են ուզում անցկացնել, առանց հասկանալու, որ արեգակնային կայանը գյուտ է, որի վրա միայն մենք պիտի աշխատենք: Այսպես նյարդային վիճակ են ստեղծում, հաշվի չառնելով, որ մի քանի ամսից Արագածում նորից կսկսվեն կարկուտներն ու վերջնականապես շարքից կհանեն կայանի անդրադարձող շերտը, որը նախատեսել ենք այդ գումարով նորոգել», ասում է պրն Հերունին:
1996 թվականից կիսատ մնացած «Արեւ» նախագծի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում տարբեր երկրների մասնագետները, քանի որ դրա կառուցման սկզբունքները նոր են, ավանդական ձեւերից բավականին տարբեր: Կայանի նախնական փոքր տարբերակը կառուցելուց հետո միայն հնարավոր կլինի անցնել սերիական արտադրության: Դարակեսին մարդկությանը սպառնացող էներգետիկ ճգնաժամի պայմաններում, բնականաբար, մեծանում է նմանատիպ արեւային կայանների անհրաժեշտությունը: Հերունու խոսքով, ամեն օր էլեկտրոնային փոստով նամակներ են գալիս տարբեր երկրներիցՙ առաջարկելով գիտական փորձն առաջինը կիրառել իրենց երկրներում: Ամենից շատ հետաքրքրված են Իսրայելը, Հունաստանը, Չինաստանը, Հնդկաստանը եւ ուրիշներ, սակայն Հերունին սկզբունքորեն դեմ է իր գյուտը դրսում փորձարկելուն, մանավանդ որ գյուտը սեփականացնելու առաջին փորձն անգլիացիները արդեն արել են:
ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ