Դրա վկայությունն Իսլամական կոնֆերանս կազմակերպության արտգործնախարարների ստամբուլյան համաժողովն է
Երեկ Ստամբուլում գումարվեց Իսլամական կոնֆերանս կազմակերպության արտգործնախարարների 31-րդ համաժողովը: Եռօրյա համաժողովին մասնակցում են կազմակերպության անդամ 56 երկրների արտգործնախարարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներն ու դիտորդները: Համաժողովի օրակարգում իսլամական երկրների կառուցվածքային բարեփոխումներին, Իրաքի, Պաղեստինի, Աֆղանստանի իրավիճակին եւ Կիպրոսի հակամարտությանն առնչվող խնդիրներն են:
Իսլամական երկրներում կառուցվածքային բարեփոխումների անցկացումը բխում է «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրից, իսկ դրա իրագործումն անմիջականորեն պայմանավորվում է Իրաքի, Պաղեստինի, Աֆղանստանի իրավիճակի բարելավմամբ: Քանի որ այդ ծրագրի ընդլայնված տարբերակը ներառում է նաեւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները եւ Պակիստանից մինչեւ Մարոկկո ընկած տարածքում Կիպրոսն ակամա յուրահատուկ կամուրջ է դառնում, ուստի կիպրական հարցի կարգավորումը նույնպես ենթադրվում է, պայմանով, որ իրավիճակի բարելավման եւ հիմնահարցի կարգավորման հիմքում դրվեն ԱՄՆ-ի շահերը, իսկ դա ընդունելի լինի տարածաշրջանի երկրների համար:
Ըստ երեւույթին «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրով Թուրքիային վերապահվող դերակատարության էությունը ծրագիրը տարածաշրջանի երկրներին եւ առհասարակ իսլամական աշխարհին ընդունելի դարձնելու համար վերջիններիս դրա իրագործման անհրաժեշտության մեջ համոզելն է: Դա ենթադրում է Իսլամական կոնֆերանս կազմակերպության մեջ Թուրքիայի հետագա գործունեության ակտիվացումը, եւ Թուրքիան ակտիվացման հրամայականով հավակնում է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրել իր թեկնածուին:
Հաշվի առնելով, որ համաժողովը գումարվել է Ստամբուլում եւ այդ պաշտոնի համար որպես հավակնորդ Թուրքիայի մրցակիցներն են Մալայզիան ու Բանգլադեշը, կարծում ենք, առանձին դժվարություն չի ներկայացնի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում պրոֆ. Էքմելեդդին Իհսանօղլուի ընտրությունը: Ի դեպ, վերջինս ավելի քան 20 տարի աշխատում է Իսլամական կոնֆերանս կազմակերպությանն առընթեր «Իսլամական պատմության, արվեստի եւ մշակույթի կենտրոնում», իսկ վերջին տարիներինՙ տնօրենի կարգավիճակով: Ավելինՙ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլն անցյալ շաբաթ հենց Իհսանօղլուի ընտրության հարցով այցելել է Եգիպտոս եւ ստացել նախագահ Հոսնի Մուբարաքի աջակցությունը:
Նշված հավակնությունից բացի, Թուրքիան համաժողովից ակնկալում է նաեւ, որ իսլամական երկրները ճանաչեն Կիպրոսում թուրքական պետության գոյությունը: Ճանաչումը հազիվ թե տեղի ունենա, սակայն համաժողովի մասնակիցները ամենայն հավանականությամբ չեն առարկի Իսլամական կոնֆերանս կազմակերպության մեջ Կիպրոսի թուրքական հատվածի կարգավիճակի բարձրացմանը:
Ինչպե՞ս: Ըստ երեւույթին թուրքական հատվածին շնորհելով կազմակերպության դիտորդ-անդամի կարգավիճակ: Համենայն դեպս, Իսլամական կոնֆերանս կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար Աբդուլվահիդ Բելքազիզը մայիս ամսին եղել է Կիպրոսի թուրքական հատվածում: Նրա այցելությունը բոլոր հիմքերը տալիս է ենթադրելու, որ իսլամական երկրները դրական են վերաբերվում Կիպրոսի թուրքական հատվածի կարգավիճակի բարձրացմանը եւ այդ հարցում Անկարային հիասթափություն չեն պատճառի:
Կարգավիճակի բարձրացումն ինքնանպատակ չէ: Ակնհայտ է, որ Իսլամական կոնֆերանս կազմակերպությանը Կիպրոսի թուրքական հատվածի անդամակցությունը, թեկուզ դիտորդի կարգավիճակով, նրա առջեւ կբացի իսլամական աշխարհի հետ առեւտրատնտեսական կապերի հաստատման հեռանկարներ, դրանց հետագա զարգացումը անխուսափելիորեն կհանգեցնի քաղաքական կապերի հաստատմանը: Այսպիսով աստիճանաբար կստեղծվեն եթե ոչ «Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության», ապա «Կիպրոսի թուրքական պետության» ճանաչման նախադրյալները: Հատկանշական է, որ վերջին ձեւակերպումը, ինչպես այդ մասին վկայում է BBC-ի թուրքական ծառայությունը, տեղ է գտել Կիպրոսի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Կոֆի Անանի ծրագրում, որը մերժել է հունական կողմը:
Իսլամական կոնֆերանս կազմակերպության արտգործնախարարների Ստամբուլի համաժողովի աշխատանքները շարունակվում են: Որքան էլ «Մեծ Մերձավոր Արեւելք» ծրագրի մասին պաշտոնապես չհայտարարվի, այնուամենայնիվ, հենց դա է լինելու օրակարգի առանցքային խնդիրը եւ դրա նկատմամբ համաժողովի վերաբերմունքով է պայմանավորվելու իսլամական երկրների արձագանքը Թուրքիայի ակնկալիքներին:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ