Իլհամ Ալիեւը Վրաստանում
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Թբիլիսի
Երեկ երկօրյա պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք ժամանեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Սա որպես Ադրբեջանի նախագահ Ալիեւ կրտսերի առաջին եւ պատասխան այցելությունն է Վրաստան:
Ալիեւը հանդիպեց Վրաստանի նախագահ Միխայիլ Սաակաշվիլու, վարչապետ Զուրաբ Ժվանիայի, խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեի եւ վրաց պատրիարք Իլյա 2-րդի հետ:
Արդեն երեկ Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է 6 միջպետական փաստաթուղթ: Երկու երկրների միջեւ կնքվել է երկաթգծով բեռների տարանցիկ փոխադրման տուրքերի նույնականացման համաձայնագիր: Համապատասխան գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «Էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնման», «Երկաթգծային տրանսպորտի գործունեության կոորդինացիայի», «Համագործակցության եւ փոխօգնության», «Քաղաքացիական ավիացիայի ոլորտում հետագա համագործակցության», «Համագործակցության» մասին համաձայնագրեր:
Ալիեւը առաջարկել է նաեւ ստեղծել միջազգային կոնսորցիում` Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա երկաթգծի կառուցման նպատակով:
Ըստ ռուսական «Նովոստի» գործակալության, Ադրբեջանի նախագահն այս կապակցությամբ նշել է, որ իրենք պատրաստ են ակտիվ մասնակցություն ունենալ այս հարցում: Սաակաշվիլին էլ իր հերթին հաստատել է, որ այս նախագիծը հնարավորություն կտա ամենակարճ ուղիով Կենտրոնական Ասիան կապել Թուրքիային: Այս ծրագրի իրականացումը կարժենա մոտ 700-800 միլիոն դոլար:
Հանդիպման առաջին օրվա ավարտին Ալիեւն ու Սաակաշվիլին համատեղ ասուլիսում ներկայացրել են իրենց տեսակետները: Համատեղ ասուլիսից թերեւս ամենահետաքրքրականն այն հայտարարությունն է, համաձայն որի Վրաստանն ու Ադրբեջանը ագրեսիվ անջատողականության դեմ կպայքարեն խաղաղ ճանապարհով: Չնայած նման հայտարարությանը, երկու նախագահների մանրամասնող խոսքերը զգալի տարբերվում են: «Մենք ցանկանում ենք անջատողականության հարցը խաղաղ ճանապարհով լուծել: Մասնատվածության հեռանկար չկա, կա միայն տարածքային ամբողջականության հեռանկար», նշել է Սաակաշվիլին: Իլհամ Ալիեւը չի մոռացել հիշեցնել Ադրբեջանի «ոչ անսահման համբերության մասին»: «Ե՛վ Վրաստանը, ե՛ւ Ադրբեջանը վնասներ են կրել ագրեսիվ անջատողականության պատճառով: Ադրբեջանն ու Վրաստանը մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ են, եւ աշխարհը չի կարող հաշտվել անջատողականության օջախների գոյության հետ: Ադրբեջանը 10 տարուց ավելի տառապում է իր տարածքի օկուպացումից: Մենք խաղաղ բանակցություններ ենք վարում մեր տարածքային ամբողջականության վերականգնման համար: Բայց մեր համբերությունն անսահման չէ», նշել է Ալիեւը:
Ալիեւն ավելացրել է նաեւ, որ «Ադրբեջանի ղեկավարությունը հավատում է, որ Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կվերականգնվի, եւ ցանկալի է, որ դա լիներ խաղաղ ճանապարհով»:
Այսօր Ալիեւը կհանդիպի Վրաստանի ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջանի բնակիչների հետ:
Հ.Գ. Վրաստանի նախագահ Սաակաշվիլին երեկ ցանկություն հայտնեց, որ ինչպես Ադրբեջանը, այնպես էլ մյուս հարեւան Ռուսաստանը ըմբռնումով մոտենան վրացական իշխանությունների իրականացրած հակամաքսանենգային ծրագրին, որն, ըստ Սաակաշվիլու, կանցկացվի Վրաստանի բոլոր սահմանային կետերում: Ընդ որում, ըստ Վրաստանի նախագահի, Ադրբեջանը նման հասկացողություն դրսեւորելով ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը Վրաստանի բարեկեցության եւ հաջողության հարցում: